Հայաստանի նավավար էլիտաները երկիրն ուղղորդում են դեպի ցեղասպանությունից էլ մեծ մի արհավիրք, որն, ինչպես փոթորկից առաջ, որևէ մեկն այդպես էլ դեռևս չի նկատում:
Մեր զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը
Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Մեծ Բրիտանիայում անցկացված Brexit-ի արդյունքները։
Նախ՝ ասեմ, որ Brexit-ը հրաշալի օրինակ է, թե ինչպես համաշխարհային քաղաքականության առանցքային խաղացող, միջազգային առաջնորդներից ամենակարևորներից մեկը և եվրոպական գերտերության առաջնորդը, որ փայլուն կրթություն էր ստացել և մեծ քաղաքական փորձ ուներ՝ գործեց իր երկրի պատմության մեջ որևէ վարչապետի գործած ամենամեծ և ինքնասպան սխալներից մեկը, որի համար հրապարակայնորեն և անթաքույց զղջաց: Քեմերոնի՝ Brexit-ի հարցը հանրաքվեի դնելու որոշումը հիմնված էր այն «իմաստուն» հաշվարկի վրա, որ այն որևէ պարագայում տեղի չի ունենա, և ինքը նոր հաղթաթղթեր կստանա ԵՄ հետ հարաբերություններում՝ միաժամանակ ապահովելով իր վարչապետությունը նաև հաջորդ համընդհանուր ընտրություններից հետո: Արդյունքում նա կորցրեց ոչ միայն ԵՄ-ն ամբողջությամբ, այլ նաև սեփական աթոռը: Brexit-ն ընդհանրապես բարդ և ծավալուն հանգամանք է, որտեղ իրենց դերը խաղացին մինչ այդ քաղաքականության ետնախորշերում ծվարած Նայջլ Ֆարաժն ու էքսցենտրիկ Բորիս Ջոնսոնը: Բայց դա այլ թեմա է:
Ընդհանուր առմամբ, բրիտանացիները քվեարկեցին՝ առանց լավ հասկանալու, թե ինչի օգտին կամ ինչի դեմ են քվեարկում: Բայց դա բողոք է նաև Բրյուսելի անմիտ քաղաքականության դեմ, բողոք էր տարերային ներգաղթի դեմ, բողոք էր սեփական երկրի՝ նախկին կայսրության «եվրագաղութացման» և ոչ ազգային կառավարման դեմ: Եվ բրիտանացիները բողոքեցին ամենաարմատական միջոցով՝ ուղղակի դուրս գալով մի համակարգից, որն արդյունքում փլուզելու է անգամ սեփական՝ Բրիտանական միությունը՝ Միացյալ Թագավորությունը:
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԵՄ-ի վրա։
ԵՄ-ն դրանով անշուշտ թուլանում է: Երեք շարժիչ ուժ կար ԵՄ-ում: Գերմանիա, Ֆրանսիա և Միացյալ Թագավորություն: Նկատի ունենալով այն ողբերգական տնտեսական և դեմոգրաֆիկ վիճակը, որոնցում հայտնվել են վերջին տասնամյակում մնացած երկուսը, ակնհայտ է, որ ԵՄ-ն մտնում է լրջագույն ճգնաժամի փուլ: Քաղաքական առումով նույնպես ԵՄ-ն թուլանում է, սակայն միաժամանակ դրանով նաև դուրս է մնում ամերիկյան ազդեցության որոշակի լծակներից: Միացյալ Թագավորությունն ամերիկյան մերձավորագույն դաշնակիցն է աշխարհում և նրա դուրս գալը ԵՄ-ից նաև Նահանգների շահերին է հարվածում:
Կա մտավախություն, որ սա կարող է շղթայական ռեակցիա առաջացնի։ Համամի՞տ եք։ Եվ նաև՝ հիմա Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան հայտ են ներկայացնում, որ չեն պատրաստվում դուրս գալ ԵՄ–ից։ Սա կարո՞ղ է հանգեցնել Մեծ Բրիտանիայի փլուզմանը։
Անպայմանորեն, բայց գոնե այս փուլում ոչ բուն Եվրոպական մայրցամաքում: Շղթայական ռեակցիան նախ սկսվում է հենց Միացյալ Թագավորության ներսում, որտեղ Շոտլանդիան՝ ի դեմս իր Առաջին Նախարարի, որն, ըստ էության, Վարչապետն է՝ Նիքոլա Սթրջնի, արդեն երկու անգամ հայտարարեց, որ Շոտլանդիան ամեն բան անելու է մնալու Եվրամիության կազմում և որ շոտլանդական անկախության երկրորդ հանրաքվեն արդեն անխուսափելի է: Ակնհայտ է, որ նախկին մնալու արշավի ընթացքում շոտլանդացիներին համոզելու հիմնական փաստարկն այն էր, որ եթե անջատվեն Բրիտանական Միությունից, ապա կկորցնեն նաև ԵՄ անդամակցությունը, և հիմա, երբ այդ կարևորագույն գործոնը հակառակ բնույթ է ձեռք բերել՝ արդեն իրենց՝ շոտլանդացիների անջատումը գրեթե անխուսափելի է: Նույն հանգամանքով պայմանավորված՝ չափազանց մեծ է նաև հնարավորությունը, որ Հյուսիսային Իռլանդիան դուրս կգա Թագավորության կազմից՝ դրանով վերջնականապես կազմաքանդելով երբեմնի կայսրության վերջին հզոր ձևավորումը: Իսկ դա տեկտոնիկ շարժ է համաշխարհային թատերաբեմում և չի կարող համաշխարհային ցնցումներ առաջ չբերել: Վաղուց գլոբալացված աշխարհում մի քանի գերտերություններից մեկի վարչական փլուզումը չի կարող անհետևանք լինել աշխարհի այլ երկրների համար:
ԵՄ–ն իբրև աշխարհաքաղաքական խաղացող որոշ չափով արդյոք իր դերը կնվազեցնի՞, կկորցնի՞։
ԵՄ-ն առանց այդ էլ մեծապես թուլացել է տնտեսական աննախադեպ ցնցումներից և միգրացիոն ասպատակումների արդյունքում: Այդ երկու գործընթացները դեռևս շարունակվում են, և Թագավորության դուրս գալը այդ միությունից՝ առավել մեծ հարված է Եվրոպային: Տարեկան տասնյակ միլիարդավոր եվրո գումար էր Ուեսթմինսթերից ուղղվում Բրյուսել, որն էլ բաշխում էր այն իր թույլ օղակների միջև: Հիմա տնտեսական վակուում է առաջանում, որը լցնել հնարավոր չէ: Իսկ դա նշանակում է, որ նոր ցնցումներ և տեսականորեն նոր ռեցեսիա է հորիզոնում: Դա իր հերթին համաշխարհային հետևանքներ կունենա: Այնպես որ, այս հարցում ևս հեռանկարն ամենևին էլ գունեղ չէ:
Բայց այս ամենը հարկավոր է դիտարկել առավել լայն համատեքստում: «Քաղաքակրթված» առաջնորդների մի ողջ բանակ վաղուց արդեն լծվել է սեփական քաղաքակրթության կործանմանը, որ սկսվելով Խորհրդա-աֆղանական պատերազմի օրերից՝ երկրորդ կյանք և շունչ ստացավ Իրաքում, իսկ այնուհետև՝ Սիրիայում: Իր հերթին՝ համաշխարհային տնտեսության գլոբալացումն ու սերտ ինտեգրումը շղթայական անկասելի ռեակցիաների դաշտ և հնարավորություն են ստեղծել: Պատերազմական և միգրացիոն քաղաքականությունների արկածախնդրությունների գինը վճարում են նույն այդ առաջատար հասարակությունները: Աշխարհում սկսել են գործընթացներ, որոնք փոխում են ողջ հետպատերազմական աշխարհակարգը:
Ինչպե՞ս կարող է այս ամենն ազդել Հայաստանի վրա:
Կարճաժամկետ և նեղ առումով՝ ֆոնդային բորսաների փլուզումն արդեն ազդում է: Վերջապես պանդուխտ ազգի ֆինանսական համակարգը չի կարող անտարբեր մնալ արտարժույթների փլուզման հանդեպ: Իսկ Հայաստանի տնտեսությունը, որն իրականում տնտեսություն էլ չէ, այլ վաճառականական քվազիհամակարգ՝ գերզգայուն է յուրաքանչյուր օտար ալիքի հանդեպ, որովհետև չունի սեփական հիմք, սեփական դեմք և սեփական ուղի: Լայն, քաղաքական առումով՝ քարտեզի վրա աննշան մի կետ հանդիսացող Հայաստանն, իր հերթին, հաստատ ենթակա է նոր աշխարհակարգի այդ փոթորիկներին, սակայն հետաքրքրական է, որ այստեղ թե՛ քաղաքական ողջ այսպես կոչված վերնախավը և թե՛ հասարակության գրեթե բացարձակ մեծամասնությունն ապրում են դեռևս ութսունականների քաղաքական հոգեբանությամբ, որ ավելի շուտ գավառական և տգետ մոտեցում է, քան քաղաքական հոգեբանություն ընդհանրապես: Իսկ դա նշանակում է, որ քարտեզի այդ աննշան կետը կարող է և տաշեղի պես սուզվել համաշխարհային այս նոր աշխարհակարգի փոթորիկներում, եթե իհարկե չսթափվենք և հոգեբանական ու քաղաքակրթական կտրուկ և հուժկու հեղափոխություն չկատարենք քարտեզի նույն այս աննշան, սակայն կարևորագույն մեր կետում: Հայաստանի նավավար էլիտաները երկիրն ուղղորդում են դեպի ցեղասպանությունից էլ մեծ մի արհավիրք, որն, ինչպես փոթորկից առաջ, որևէ մեկն այդպես էլ դեռևս չի նկատում: