Մամուլում հրապարակում էր եղել, որ ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե  ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է: Իհարկե, դժվար է ապացուցել, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, բայց Արցախի ազատագրված տարածքների վերադարձը հանրային օրակարգում կա, և այն մշտապես օդում կախված խնդիր է հասարակության և առաջին հերթին իշխանության համար: Իշխանավորների  որոշ ներկայացուցիչներ սկսել են այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ տանել՝ շանտաժի ենթարկելով հանրային գիտակցությունը:

Օրինակ՝ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել է, թե եթե, օրինակ, Աղդամը տանք, ու Ղարաբաղն անկախ լինի՝ ինչ վատ կլինի, հետևաբար  «ի՞նչ է եղել որ՝ տանք»: Ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ: Բայց Աղղամը միշտ է եղել մեր հայրենիքը, և դրա վկան ազատագրությունից հետո Աղդամում հայտնաբերված Տիգրանակերտն է:

Մի քանի օր առաջ էլ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ներկա ստատուս քվոն մեզ ձեռնտու չէ: Ի միջի այլոց, Ադրբեջանի նախագահ Ալիևը նույնպես հայտարարում է, որ ստատուս քվոն իրենց էլ ձեռնտու չէ: Իշխանության տարբեր մակարդակի ներկայացուցիչներ տարածքների վերադարձի ու փոխզիջումային տարբերակների մասին խոսելուց միշտ առաջ են քաշում կատեգորիկ հարցադրումներ՝ չեք ուզում ազատագրված շրջանները վերադարձնել,  լավ, այդ դեպքում պատրա՞ստ եք հավերժ ձեր որդիներին ուղարկել՝ մեռնելու Ղարաբաղի համար:

Իրականում սա ոչ թե հարցադրում է, այլ պարզ շանտաժ, որովհետև մարդկային բանականությունը թույլ չի տա ասել, որ մենք մեր որդիներին մեծացնում ենք, որ նրանք զոհվեն Ղարաբաղում:

Հոգեբանական գրոհ հիշեցնող այս հարցադրման պատասխանը հետևյալն է՝ մենք այլընտրանք չունենք, մենք ստիպված ենք պահել հողը՝ առանց մի թիզ անգամ վերադարձնելու, որովհետև տալ ազատագրված թեկուզ մեկ շրջան նշանակում է որոշ ժամանակ անց տալ նաև մյուս շրջաններն ու ամբողջ Ղարաբաղը: Հանձնել Ղարաբաղը՝ նշանակում է հանձնել ամբողջ Հայաստանը և հաշտվել երկրի ու պետության կործանման մտքին: Հետևաբար, շանտաժով զբաղվելու փոխարեն, պարոնա՛յք իշխանավորներ, Դուք ինքներդ պատրաստ եղեք զոհվելու Ղարաբաղի համար և այնտեղ ուղարկելու նաև ձեր որդիներին: Շարքային քաղաքացին, այսպես թե այնպես, տվել ու տալիս է իր զավակներին, և նրանք ամենածանր գնով պահել ու պահում են այդ հողը: Բայց եթե առաջին գծում կանգնած լինեն նաև իշխանավորների, օլիգարխների ու մեծահարուստների որդիները, հասարակությունը կարող է հանգիստ լինել, որ առաջնագծում բոլոր տեխնիկական հարցերը արագ կլուծվեն, և սահմանը կլինի ուշադրության գագաթնակետում:

Տարածքների վերադարձի մյուս հիմնավորումն այն է, որ մենք, հետամուտ լինելով ստատուս քվոյի պահպանմանը, կոնֆլիկտի վերջնական լուծումն անընդհատ հետաձգում   ենք և մեր սերունդներին ժառանգում պարտադրված մշտական պատերազմ: Իհարկե ցանկալի կլիներ,  որ մենք մեր սերունդներին պատմական կոնֆլիկտ ու հարևաննների հետ տարածքային վեճ չփոխանցեինք, այլ ի վիճակի լինեինք այդ խնդրին պատմական այս ժամանակահատվածում տալ լուծում՝ պահել հողը և դրան տալ դե յուրե լուծում: Եթե այդ լուծումը գտնելու դիվանագիտական հմտություն մենք այսօր չունենք, ապա մենք պարտադրված ենք, ի թիվս այլ խնդիրների,  գալիք սերունդներին փոխանցել նաև Ղարաբաղի կոնֆլիկտը:

Սա, անշուշտ, լավագույն ժառանգությունը չէ, որ մեր երեխաները ստանալու են մեզնից: Բայց չէ՞ որ մենք մեր երեխաներին փոխանցում ենք նաև պետական պարտքի ահռելի բեռ, և այսօրվա իշխանության վերցրած  ու, մեղմ ասած, անհասկանալի նպատակներով վատնված վարկերը վաղը վճարելու են մեր երեխաները:  Խոստովանենք՝ սա ևս լավագույն ժառանգությունը չէ, բայց այս իրողության հետ մեր իշխանական էլիտան կարծես թե հաշտվել է: Համենայն դեպս, վարկեր վերցնելու ժամանակ որևէ մեկը չի հարցնում՝ իսկ Դուք, սիրելի՛ քաղաքացիներ, պատրա՞ստ եք ձեր երեխաների աշխատած փողով մեր պարտքերը փակել: Իհարկե,  պատրաստ չենք, չէինք ուզենա, բայց ստիպված ենք:

Նույն ձևով մենք մեր երեխաներին փոխանցում ենք կոռումպացված, քրեաօլիգարխիկ կլաններին սերտաճած իշխանական համակարգ, չկայացած պետական ինստիտուտներ, որոնք հազիվ թե նրանց համար ապահովեն մեր երազած կյանքը: Բայց մենք այս փաստի հետ ևս հաշտվել ենք: Այս ոչ ցանկալի ժառանգությունների կողքին Ղարաբաղի հարցն էլ, ոչ լավագույն, բայց պարտադրված ժառանգություն է: Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այս ժառանգությունը մեր երեխաները ստացել են գենիտիկորեն և ընդունել են պատվով:

Ինչ վերաբերում է պարտադրանքներին ու բանակցային գործընթացին՝ ի սկզբանե մադրիդյան սկզբունքներով ամրագրված է եղել ազատագրված տարածքների վերադարձը, և Հայաստանը դրան համաձայնվել է դեռևս նախորդ նախագահի օրոք:

Ապրիլյան քառօրյա պատերազմը լավագույն շանս էր՝ հրաժարվելու մադրիդյան սկզբունքներից և հայտարարելու, որ այդ ֆորմատով բանակցությունները մտել են փակուղի, ուստի պետք է նոր սկզբունքներով առաջնորդվել: Այդ նոր սկզբունքներով առաջին տեղում պետք էր դնել խաղաղության տևական պահպանումը 94 թվականի սահմաններով: Կարգավիճակը դե ֆակտո արդեն կա, Ղարաբաղը անկախ պետություն է, և վաղ թե ուշ Ադրբեջանը բանակցելու է Ղարաբաղի իշխանության հետ: Իսկ բանակցել՝ նշանակում է ճանաչել: 25 տարի հետո Ադրբեջանում այլևս չի լինի սերունդ, որն ապրել է Արցախի  ներկա տարածքներում:  Ինչո՞ւ մենք չենք ուզում մտածել, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանում կհասկանան, որ չարժի զոհել իրենղ զավակներին՝ հանուն Ղարաբաղի:

Կարինե  Սարիբեկյան

http://hayeli.am/article/918200


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert