Բողոքի և ցույցի խոսք

(Կարդացված 21.08.2016 թվականին Բեռլինում ՀՀ դեսպանատան առաջ կայացած ցույցի ժամանակ)

Հայաստանի և Արցախի առօրյայով ապրած, ապրող, տառապած, տառապող սփյուռքահայի խոսքը ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարոն Սերժ Սարգսյանին, նրա մերձավորներին, Հայաստանի վերնախավին  և իշխանավորներին:

Վստահ, որ դուք էլ պատանի տարիներին կարդալով հայոց պատմությունը, լուռ և ինքնամփոփ տառապել եք: Տառապել եք ու դարձյալ լռությամբ պախարակել եք մեր նախնիներին, իշխաններին, մեծամեծներին, որ միաբան չեն եղել, որ իրենց անխոհեմ, տարանջատ, շատ հաճախ ներքին անհամաձայնությունների, իրարամերժ հակումների պատճառով և գործելակերպով, ջլատել են երկրի պաշտպանական ուժերը ու նաև իրենց չարաշահումների, ժողովրդից կտրված, ժողովրդին արհամարող ներքին քաղաքականությամբ, անզոր են գտնվել նրանց իմի բերել, պատրաստել, զինել, որպեսզի վտանգի պահին կարողանային դիմակայել արտաքին թշնամիներին, ներքին տնտեսական ճգնաժամերին: Արդյունքը եղել է այն, որ Հայաստանը դարձել է որբի ու ողբի երկիր: Հայությունը եղել է մշտապես պարտվող, դարձել է օտարներին գերի, որը և իվերջո եղեռն է թույլ տվել: Այս փաստը պետք է հավիտենական խարազան լինի ժամանակի վերնախավի, կուսակցությունների, հայդուկների ճակատին, որոնք ավելի շատ իրար դեմ գործեցին և այդ պատճառով էլ ի զորու չեղան ժողովրդին պատրաստել, զինել, երկիրը ամրապնդել: Արդյունքը եղավ այն, որ մնաց մի մի բուռ ժողովուրդ, կծկված մի փոքրիկ հողակտորում, որտեղ ահա 25 տարի է, որ տեր ու տնօրինություն եք անում դուք, նույն իներցիայով, նույն ապրելակերպով և դարձյալ  դասեր չքաղելով անցյալից, արհամարում, հարստահարում եք ժողովրդին, այդպիսով վտանգելով երկրի և հայ ժողովրդի ապագան…

Հե՜յ ո՞վ կա այնտեղ, ՀՀ-ի դեսպանատնում, որ լուռ լսում է մեզ:

Հե՜յ Հայաստանի դեսպան պարոն Աշոտ Սմբատյան, տառապող հայիս խոսքը հասցրեք ՀՀ-ի նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, վերևներին, եթե ականջ ունեն, թող լսեն, եթե աչք ունեն, թող տեսնեն համայն հայ ժողովրդի ողբը, կանչը, ցասումը: Այլևս մեղք է հայ ժողովուրդը, մեղք են նրանց գալիք սերունդները, նրանց մի զրկեք կյանքից, արևից, հորից, մորից, երեխայից, հայրենական հողից, հայրենիքից: Հային իր հայրենիքից, հայրենիքը իր հայից…

Սամվել Հովասափյան,  Բեռլին, օգոստոս 2016


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert