Իմ անունն է Լիանա Եդիգարյան, ես հուլիսի 27-ի գիշերը ձերբակալված Արմեն Միքայելյանի կինն եմ: Այս օրերին ձերբակալվել էին հարյուրավոր մարդիկ, իսկ երեք տասնյակ ապստամբներ գտվում են պաշարման մեջ և մահաբեր կրակոցների տակ: Այդ իմաստով իմ դեպքը թվում է սովորական, հարյուրներից մեկը, բայց հենց այս պատճառով ես որոշեցի դիմել հանրությանը, պետությանը, աշխարհին այս բաց նամակով, քանի որ չարիքը, անարդարությունը, վիշտը չպետք է սովորական դառնան: Թող կրակոցների, կարգախոսների, քարոզի ու կեղծիքի մեջ լսվի նաև հայ կնոջ ձայնը:

Ես երեք երեխաների մայր եմ, Արմենի հետ մենք ունենք երկու աղջիկ, 15 ու 16 տարեկան, և 7-ամյա տղա: Արմենը կրթությամբ մաթեմատիկոս է, գործազուրկ, ես լեզվաբան եմ, թեև աշխատում եմ բոլորովին այլ ոլորտում: Մեր երկրում այսօր մաթեմատիկոսներ ու լեզվաբաններ պետք չեն: Ես չգիտեմ` ո՞վ է պետք այսօր մեր երկրում բացի ոստիկաններից ու հարկային տեսուչներից: Մենք մոռացել ենք, ինչ է նշանակում ստեղծագործել, զբաղվել գիտությամբ, արվեստով, ինչ է նշանակում պարզապես աշխատել և ազնիվ վաստակով ապահովել ընտանիքի բարեկեցությունը, արդար ու ճիշտ դաստիարակել մեր երեխաներին:

Մեր ամուսինները զրկված են արժանապատիվ աշխատանքից, մեր որդիները պետք են պետությանը միայն իբրև զինվորներ: Ահա ինչի դեմ էր պայքարում նաև իմ ամուսինը, ահա ինչու նրա հետ միասին ես դուրս եկա փողոց, միանալով բողոքի ցույցի հուլիսի 27-ին: Մենք դուրս եկանք հանուն մեր երեխաների, հանուն մեր երկրի ապագայի, հանուն արդարության:

Արդեն տուն էինք վերադառնում, երբ գիշերվա 2-ի շրջանում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք երկու մեքենայով մոտեցան մեզ և առանց ներկայանալու հարձակվեցին ամուսնուս վրա, ձեռնաշղթա հագցրեցին նրան ու խցկեցին իրենց մեքենայի մեջ: Այնտեղ նրա գոտկատեղում տեղադրեցին ինչ որ ինքնաշեն ատրճանակ և հայտարարեցին, որ նա ապօրինի զենք է պահում: Դա խայտառակ սուտ է ու բանսարկություն` մենք միասին էինք այդ օրվա բազմահազարանոց երթում, նա ամառային թեթև հագուստով էր և զենք կրել պարզապես չեր կարող, տեղ էլ չուներ:

Մենք սովորական հայ մարդիկ ենք և մեր պետությունը մեզ այսօր փորձում է հանցագործ ներկայացնել: Իմ ամուսնուն առևանգել են, երեք անչափահաս երեխաներին զրկում են հայրիկից, ինձ երիտասարդ այրի են դառձնում, հայ ընտանիք են քանդում: Եվ մեր դեպքը հարյուրավոր նման դեպքերից մեկն է:

Եթե հիշենք այս բոլոր տարիները` հազարավոր դեպքերից մեկը: Ամուսինս որոշ ժամանակ ապրում ու աշխատում էր Իսպանիայում, բայց չդիմացավ, եկավ Հայաստան, ասաց, որ երեխաները պետք է Հայրենիքում մեծանան: Այսպես վարվեց Ժիրայր Սեֆիլյանի ընտանիքը, Կարո Եղնուկյանի ընտանիքը, մեր բազմաթիվ այլ ընկերները… Այսօր նրանք, ինչպես և ամուսինս, ինչպես հարյուրավոր այլ ազնիվ հայեր կեղծ մեղադրանքներով ու խայտառակ ապօրինության միջոցով հայտարարված են հանցագործ:

Կյանքումս հանդիպած ամենաբարի, ազնիվ, արդար, հայրենասեր մարդիկ հանցագո՞րծ են: Իսկ մեր երկիրը կեղեքող, թալանող, մեր երեխաներին ստրկացնող, մեր ապագան վաճառողները` մեր դատավորնե՞րն են: Դուք խլեցիք մեր երիտասարդությունը, մեր երեխաների մանկությունը, մեր մասնագիտական առաջընթացի հնարավորությունը: Հիմա դուք խլում եք մեր ամուսիններին, մեր երեխաների հայրերին: Մենք մնում ենք միայնակ, անպաշտպան, անհույս: Դուք մեզ այրի եք դառձնում:

Դուք մեր ողջ Մայր Հայրենիքն եք դարձնում այրի ու ամայի: Եթե մեր ամուսինները ոտքի ելան հանուն արդարության ու ազատության, ապա մենք, կանայք, դուրս ենք գալու հանուն մեր երեխաների: Ոչ մի բան չի կանգնեցնի զայրացած մայրերին: Մի հասցրեք մեզ ու մեր երկիրը անդառնալի թշնամանքի: Մի հասցրեք հայ կանանց, հայ մայրերին ծայրահեղ քայլերի: Վերադարձրեք մեզ մեր ամուսիններին: Վերադարձրեք մեր երեխաների հայրերին: Վերադարձրեք մեզ մեր Հայրենիքը:

Liana Yedigaryan

https://www.facebook.com

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert