«Պետք է ուղղակի պատրաստվել պատերազմի եւ անել դա կրկնակի լավ, քան անում են ադրբեջանցիները»

«Այն բոլոր միջոցները, որ մենք կիրառել ենք Ադրբեջանի կողմից հարձակումը կանխելու համար, արդեն իրենց սպառել են»,- «Norkhosq»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը:

Մեր զրույցը քաղաքագետի հետ ԼՂՀ հակամարտության կարգավորման ներկայիս փուլի եւ ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի մասին է:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, ըստ Ձեզ, որպեսզի հնարավոր լինի կանխել կամ նվազագույնի հասցնել հակառակորդի հարձակման  ռիսկը:

-Կանխել կամ նվազագույնի հասցնել հնարավոր չի լինի: Պիտի տրամադրվել առաջիկա պատերազմին, որը մեզ պարտադրվելու է, թշնամուն հետ շպրտել եւ բարելավել դիրքերը, հասնել այնպիսի բնագծերի, որոնք կլինեն բնական պաշտպանություն: Դրանք հիմնականում Քուռ եւ Արաքս գետերն են, որոնք նաեւ պատմական Հայքի տարածքն են: Պետք է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ թալիշների խնդրին, որովհետեւ կա թալիշական պետություն ստեղծելու հեռանկար, որով Հայաստանն ընդհանրապես որեւէ կերպ  չի զբաղվում. զբաղվել եւ զբաղվում են առանձին անհատներ, ինչը չի կարող բավարար լինել:

Պիտի ստրատեգիական մոտեցում ցուցաբերել խնդրին: Որքան ուզում ես զսպիր մեկին, որն ուզում է ոչնչացնել քեզ եւ ծնված օրից դա իր երազանքն է, դու չես կարող: Մենք հիմա էլ պատերազմի մեջ ենք, խոսքն ակտիվ ռազմական գործողությունների մասին է:

Ի՞նչ եղավ Սիրիայում: Կար Սաուդյան Արաբիա, որն ուզում էր ոչնչացնել ալավիների իշխանությունը Սիրիայում, ձեռք բերել հսկայական ազդեցություն, կային այլ պետություններ, որոնք նույն նպատակներն ունեին, եւ հարմար պահին նրանք իրագործեցին իրենց ծրագիրը (ներառյալ Թուրքիան), որոնք մինչ պատերազմը պաշտոնապես լավ հարաբերությունների մեջ էին Սիրիայի հետ: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ մեր գործողություններով չէ, որ պայմանավորված են թշնամու գործողությունները եւ վարքագիծը:

Երկրորդը՝ պետք է լրջորեն զինվենք: Մենք գնում ենք Արցախ, գալիս ենք եւ ոգեւորված սկսում ենք խոսել, թե ինչպես են էնտեղ հսկայական փոսեր ու խրամատներ փորվում, բայց մոռանում ենք, որ խրամատները կարելի է անցնել եւ հնարավոր է օդից ռմբակոծել: Մենք չունենք բավարար քանակի եւ որակի օդուժ, մենք չենք ստանում եւ գնում բարձր դասի սպառազինություններ… Պիտի ուղղակի պատրաստվել պատերազմի եւ անել դա կրկնակի լավ, քան անում են ադրբեջանցիները:

-Մեր երկրի ֆինանսական միջոցներով, կարծում եք,  հնարավո՞ր է դա:

-Իհարկե: Եթե տնտեսությունը չթալանվի, եթե օլիգարխները հարկեր վճարեն, մոնոպոլիաները վերացվեն եւ տնտեսության զարգացումը խթանվի, եւ եթե առկա պայմաններում գումարները չփոշիացվեն, չծախսվեն տոնակատարությունների վրա ՝ ներառյալ ՀՀ անկախության 25-ամյակը,  ապա լիովին հնարավոր է գնել շատ լավ սպառազինություն:

Դրանք ստանալու նոր եւ արդյունավետ միջոցներից մեկը նոր դաշնակիցներ փնտրելն է, որովհետեւ կան պետություններ, որոնց ամենեւին ձեռնտու չէ Ադրբեջանի եւ թյուրքական տարրի վերելքը տարածաշրջանում: Դրանցից ամենակարեւորը Չինաստանն է, ում հետ թեպետ կան կոսմետիկ հարաբերություններ, բայց լուրջ ռազմական եւ ռազմավարական հարաբերություններ չեն ձեւավորվել: Սա նույնպես բացթողում է, որովհետեւ Չինաստանն աշխարհի զենք արտադրող առաջատար երկրներից է:

-Ռուսաստանի պես դաշնակից ունեցող Հայաստանում ինչպե՞ս եք դա պատկերացնում:

-Եթե իշխանությունը տղամարդկային քաղաքականություն վարի եւ ծառայամտությամբ չենթադրի, որ ինչ անի՝ պատժվելու է, դա լիովին հնարավոր է: Պատմության մեջ եղել են բազմաթիվ երկրներ, որոնք ունեցել են իրենց խիստ վերահսկող դաշնակիցներ, բայց ուղիներ են գտել սեփական անվտանգության հարցերն այլընտրանքային ճանապարհով լուծելու համար: Դրա համար քաղաքական (եւ ընդհանրապես) կամք է անհրաժեշտ:

-ԼՂՀ հակամարտության խնդրի հետ կապված ներկայիս իրավիճակն ո՞ւմ կողմից է թելադրվում եւ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Ադրբեջանի կողմից եւ պայմանավորված է իր ազգային գաղափարախոսությամբ, այն է՝ վերացնել հայկական տարրը տարածաշրջանից, գրավել ողջ հայկական հողերը եւ լուծել իրենց առջեւ դրված խնդիրը: Այս պարագայում ինչ էլ մենք անենք՝ նրանց կասեցնելու համար, դատապարտված են անհաջողության: Նրանք պարտադրում են մեզ արտագաղթ, բարոյալքում են մեզ, ամիսը մի քանի անգամ մեր զինվորներից են սպանում սահմանին… Սա քաղաքականության մաս է:

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ ելք եք տեսում:

-Պիտի համակարգը փոխվի: Համակարգը փոխում ենք, դուրս ենք գալիս բանակցային պրոցեսից, հայտարարում ենք բանակցային նոր պրոցեսին մասնակցելու ցանկության մասին. այդ բանակցությունները պետք է ընթանան Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու կորցված շրջանների, Արծվաշենի, Նախիջեւանի վերաբերյալ: Եթե նրանք պատրաստ են բանակցելու՝ խնդրեմ, եթե ոչ՝ պատերազմ, միեւնույն է, լինելու է՝ ուզենք թե չուզենք, բանակցենք, թե դուրս գանք բանակցություններից:

 

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի

 

 

 

споделяне на връзка

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net