Ճյուղերից դուրս է գալիս կանաչությունը, մենք ցանկանում ենք դա բոլորին ցույց տալ. Վոլֆ Բիրման

Բեռլինում բնակվող մեծամաս հայության մոտ տարակուսանք էր առաջացրել, մի խումբ երիտասարդների կողմից ՀՀ դեսպանատան առջև ցույց կազմակերպելու կոչը: Շատերը անօգուտ, ոչ հեռանկարային գործողություն էին համարում այդ: Կային և կան նաև որոշ «հայրենասերներ» ովքեր համառորեն պնդում էին, որ դա ոչ ճիշտ քայլ է և վնասում է ՀՀ հեղինակությանը: Ավելի մեղմ, բայց նման դիրք ունեին նաև Բեռլինի երեք համայնքային միությունների վարչության, ինչպես նաև այդ  միությունների «հեռատես» շատ անդամներ, ովքեր չցանկանալով իրենց լավ հարաբերությունները ՀՀ դեսպանատան հետ ստվերել, սխալ էին համարում նման գործողությունը: Կային և կան նաև Բեռլինում բնակվող ՀՀ-ի քաղաքացիներ, ովքեր խորշելով իրենց դեմ ՀՀ դեսպանատան, ինչպես նաև Հայաստանում՝ իշխանությունների կողմից իրենց հարազատների դեմ գործադրվող հավանական սանկցիաներից, վերապահ և հեռու մնացին: Նման կեցվածքը կարող է ինչ որ պահ հասկանալի լինել: Բայց արդյոք ճի՞տ է և արդարացուցիչ, նման վախվորած և զգուշավոր մոտեցումը, այն օրերում, երբ Երևանում հազարավոր ցուցարարներ, չվախենալով մահակավորված խուժանի և ոստիկանության ծեծ ու ջարդից, մշտապես և անգամներ փողոց էին դուրս գալիս ցույցի…  Արդյունքը այն էր, որ բեռլինահայությունից միայն անհատներ էին ներկա գտնվել ցույցին: Իսկապես որ պախարակելի է Բեռլինի մեծամաս հայության նման դիրքը:

Այստեղ կարելի է անվարան ասել, որ ցավոք այն մեծամաս սփյուռքահայության մի փոքրիկ պատկերն է և շատ բան է ասում ամբողջի անտարբեր և կրավորական դիրքի մասին, որը ներառում է նաև մեր բոլորի ընտանիքների անդամները: Ասես նրանց բոլորովին էլ չի հետաքրքրում, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում: Դա մի երկիր է, դուրս իրենց հետաքրքրությունից: Մեծամասնության մոտ ամրացած է այն մտայնությունը, որ սփյուռքում որևէ շարժում Հայաստանի կառավարության դեմ, ոչ մի դրական արդյունք չի կարող ունենալ և այդ պատճառով էլ այն ավելորդ է և իզուր աշխատանք: Իհարկե դա արգասիքն է նաև այն հիասթափությանը, որ ապրեցին շատ սփյուռքահայեր, ովքեր անկախությունից հետո փորձեցին Հայաստան հաստատվել, այնտեղ ներդրումներ անել և աշխատել: Սակայն Պարզվեց, որ նրանց գործնական ինքնուրույնության և կապիտալի անարգել ներդրման համար, Հայաստանում ասպարեզ գոյություն չուներ և չունի: Արգելքներ, որոնց սփյուռքահայը իր հյուրընկալ երկրներում, ոչ մի տեղ չի հանդիպել և չի հանդիպում:

Նորանկախ Հայաստանի նորաթուխ կապիտալիստները, այո իշխանական աթոռ գրավված պատեհապաշտ կարերիստները, ովքեր որպես դեմոկրատիայի, օրենքի կիրառման և ազատ շուկայական հարաբերությունների ջատագովներ էին քաղաքական դաշտ մտել, բոլորովին էլ ցանկություն չունեին հանդուրժել, դրսից եկող իրենց կապիտալի մրցակիցներին, այդ պատճառով էլ որոշ ժամանակ անց սփյուռքահայերը կորցնելով իրենց հավատը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, իհարկե նաև իրենց ներդրած կապիտալը, հիասթափված և դառնացած հեռացան Հայաստանից:

Պետք է խոստովանել, որ Բեռլինում ՀՀ դեսպանատան առջև ցույց անելու պարագան երևի բոլորովին էլ չի գրանցվել Հաաստանի իշխանությունների մոտ. բայց եթե նման ցույցերը կազմակերպվեին ամենուր և մասսայաբար, ապա անպայման դրանք կգրանցվեին նրանց կողմից և դա նրանց կհուշեր, որ իրենք նաև սփյուռքոմ էլ ոչ ցանկալի անձնավորություններ են և այլևս չպետք է կարծեն, որ մենք ակնկալանքով սպասելու ենք նրանց այցին և ծափահարելու ենք նրանց ժամանումը մեզ մոտ: Նման ցույցերը ամենից առաջ բողոքի միջոց են, տագնապի, վիրավորանքի դրսևորում, ընդդեմ Հայաստանում իշխանություն բանեցնող վերնախավի դեմ: Այն վերնախավի, որը ժողովրդին ոչ մի միջոց չի թողել և կեղծելով, ահաբեկելով, նրանց զրկել է բոլոր հնարավորություններից, որոնց միջոցով ժողովուրդը կկարողանար հարկ եղած դեպքում, սահմանադրությամբ իրեն տրված իրավունքը գործադրել, այն է խաղաղ և ժողովրդավար պայմաններում հասնել իշխանափոխության, կամ օրինական կերպով միջամտել երկրում տիրող ահավոր տնտեսական և քաղաքական կացության, կամ էլ անհատների չարաշահումների դեմ: Ոչ, նրանք իրեն հղփացած կեցվածքով, ապրելակերպով, երիտասարդությանը հասցրել են ծայրահեղ գործողությունների դիմող, իրենց և այլոց կյանքը վտանգելու պատրաստ՝ «ահաբեկիչների»:

Այո, այդ ցույցը նաև բողոքի ակտ էր, ընդդեմ վերջին ամիսներին Հայաստանում իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ գործադրվող անհավատալի բիրտ, բռի մեթոդներին: Ընդդիմությունը արդեն հաշվում է 64 քաղբանտարկյալներ և որ նրանք կալանքի տակ ենթարկված են տարբեր ձևով հոգեբանական ճնշումների և մարմնական կտտանքների: Եվ հենց նման իրողության և փաստերի դեմ հանդիման առնչվելով է, որ այլև չի կարելի լռել և անտարբեր մնալ: Որովհետև բոլոր երկրներում էլ, բռնակալները միանգամից բռնակալ չեն դարձել, այլ աստիճանաբար վերացնելով ժողովրդամոտ անձերին, կազմակերպություններին և ճնշելով, վերացնելով ամեն մի շարժում, ամրապնդել են իրենց միահեծան իշխանությունը:

Այո, իսկապես, հարկ է, պետք է, որ այստեղ «ցնծությամբ» գոչել. կե’ցե’ք պարոն Սերժ Սարգսյան, դուք, Ձեր գլխավորած իշխանությունների հետ միասին, չափազանց լավ եք յուրացրել, այլ բռնակալների մեթոդները, այն է՝ խաղաղ ցուցարարների դեմ հանել, մահակավորված խուժանին: Նրանց միջոցով ծեծի ու ջարդի ենթարկել կանանց, տարեց այրերին, երեխաներին, պատանիներին, ցանկանալով նման մեթոդներով մեծամաս ժողովրդին, տանը մնացած բնակչությանը ահաբեկել և այդպիսով իր սաղմի մեջ ոչնչացնել ամեն մի արդարացի ընդվզում, նոսրացնել ցուցարարների շարքերը:

Այո իսկապես, շնորհավորում եմ ձեզ, որովհետև Ձեր կողմից գլխավորած իշխանությունները արդեն կորցրել են նույնիսկ ամենավերջին չափի զգացումը, որը հատուկ է բոլոր բռնակալներին: Բայց մյուս կողմից դուք չեք ցանկանում դասեր քաղել պատմությունից, թե ինչի՞ արժանացան նրանք և փորձեր եք անում Էրդողանի հետ համաչափ քայլեր վերցնել, իսկապես կե’ցե’ք: Հաստատ և առանց որևէ կասկածանքի կարելի է ասել, ինչպես էլ որ ապագայում իրերի ընթացքը Հայաստանում զարգանան և ընթանան, ապա պատմության մեջ Ձեր տեղը նրանց շարքերում արդեն ապահովված կլինի:

Իհարկե, բոլորիս պարզ է և հասկանալի, որ դուք «ժառանգել» եք մի կառույց, որը հենց սկզբից թերի է եղել, խեղված և վարակված է եղել այնպիսի մի իշխանական ախտով, որին ձգտել և ձգտելու են Ձեր նմանները… Ինչպիսի՞ նախախնամություն: Ինչպես վերը ասվեց, այդ կառույցի հիմքերը դրին հայ ժողովրդի ժամանակի ընդդիմության ընտրյալները: Սակայն նրանք բոլորովին էլ ցանկություն չունեին իրավական պետության հիմքեր դնել: Զբաղեցնելով իշխանական աթոռ և պաշտոն, որոնց հեռանկարային հնարավորություններն էր նրանց ձգել և չարաշահելով մեծամաս ժողովրդի վստահությունը, ինչպես նաև քվեն, ստեղծեցին այնպիսի մի մեխանիզմ, կառուցեցին իշխանական այնպիսի մի կոմպլեքս, դուռ բաց թողնելով իրենց և իրենց մերձավորների և  ընկերների հետագա անարգել չարաշահումների և առավելագույնս, թեև ապօրինի, իշխանություն և  հարստություն ապահովվելու համար: Հենց այդ պարագան էլ հաշվի առնելով, պետք է նկատել, որ իրապես, հայության վերնախավի ներկայացուցիչները, այո նաև մտավորականությունը, իշխանության ձգտելով, բոլորովին էլ երկրի բարօրությունը նկատի չունեին և չունեն, այլ անձնական անարգել շահը: Նույն կացությունն էլ նկատում ենք այսօր: Ովքեր իշխանության են ձգտում, կամ ովքեր, որ իրենց ընդդիմադիր են անվանում, վարակված են նույն այդ իշխանական ախտով, որը հատուկ է եղել հայուց պատմության մեջ: Չկա ավելի հարմարը և արժանին բացի իրենցից:

Տասնամյակներ առաջ Դեմոկրատական Գերմանիայի բնակիչ, երգահան և երգիչ՝  Վոլֆ Բիրմանը «Խրախուսանք» վերնագրով մի երգ գրեց: Որտեղ նա հետևյալ տողերն է գրում.

«Ճյուղերից դուրս է գալիս կանաչությունը, մենք ցանկանում ենք դա բոլորին ցույց տալ»:

Իրոք, ամիսներ առաջ մենք բոլորս, տագնապով, հույսով, ակնկալանքով, սպասում էինք, թե գոնե այս անգամ կանաչին կհետևեն բողբոջներ և պտուղ, թե գոնե այս անգամ ընդդիմությունը կմիավորվի, որևէ դրական արդյունք ստանալու համար…

Վերջին ամիսների իրադարձությունները Հայաստանում, անգամ ևս հստակեցրին երկու կարևոր  հանգամանքներ.

Առաջինը, որ Հայաստանի վերնախավը և նրանց դրածո իշխանությունները պատրաստ են բոլոր միջոցներով պահել և ամրապնդել իրենց իշխանությունը, որ նրանք այնքան են վստահ նստած իրենց աթոռին, որ պատրաստ չեն ոչ մի զիճումների:

Երկրորդ, ինչպես միշտ, այս անգամ էլ Հայաստանի ընդդիմությունը անպատրաստ էր, անընդունակ, միասնական պայքարի համար: Նրանք ավելորդ անգամ մեզ ապացուցեցին, որ իրենք չունեն այն քաղաքական ճկունությունը, հեռատեսությունը և հասունությունը, որպեսզի կարողանային միավորվել, գոնե մի մինիմում ծրագրի շուրջ: Իսկ դա, երկարատև քաղաքական պայքարի ամենասկզբնական և անհրաժեշտ քայլն է:

Սամվել Հովասափյան

Բեռլին, սեպտեմբեր 2016

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert