«Բոլոր սիրիահայերն էլ կուզեն Հայաստան տեղափոխվել, բայց մարդիկ գումար չունեն, մտածում են, որ եկան Հայաստան՝ ինչո՞վ են ապրելու»

-Գեւո՛րգ, Հայաստանում ի՞նչն է մեզ արթնացնում:

-Աքլորը:

-Իսկ Հալեպո՞ւմ:

-Հրթիռները:

*******

4-ամյա Գեւորգի եւ նրա 3-ամյա քրոջ՝ Ռիտայի դեմքին դեռ թարմ են Հալեպում հրթիռակոծման հետեւանքով առաջացած սպիները: Երեխաների մայրը՝ Գոհար Գալուստյանը, շաբաթներ անց էլ սարսուռով է հիշում սեպտեմբերի 30-ը, երբ անսպասելի սկսված հրթիռակոծումը փոշիացրել է 5-րդ հարկում գտնվող Գալուստյանների բնակարանը:

-Տանը նստած էինք, հրթիռն ընկավ մեր տան վրա: Պատերը փուլ եկան, փոշի բարձրացավ, երեխաներս ու ամուսինս մնացին փլատակների տակ… Ոչինչ չէր երեւում: Երեխաներս սկսեցին լացել, գնացի ձայնի ուղղութմաբ, նրանց հանեցի քարերի տակից, բայց ամուսնուս չկարողացա հանել: Սկսեցի ամբողջ ձայնով «ազատություն, ազատություն» գոռալ… Ձայնիս վրա հարեւաններն եկան, ամուսնուս հանեցին քարերի տակից, տարան հիվանդանոց,- հիշում է Գոհարը:

Փլուզման հետեւանքով Գալուստյանների մանկահասակ երեխաները գլխի եւ դեմքի շրջանում վնասվածքներ են ստացել, Գոհարի ամուսինը՝ Ժանը, վնասել է  ոտքը: Նրանց հիվանդանոց տեղափոխելուց հետո տանը մենակ մնացած Գոհարը երկրորդ անգամ է ապրել հրթիռակոծման սարսափը. երկրորդ հրթիռը տունը ավերակի է վերածել: Գալուստյանները չեն հասցրել անգամ հագուստ եւ գումար վերցնել:

Պատերազմող Հալեպում անցկացրած 6 տարիների մասին Գոհարը սարսուռով է պատմում, ասում՝ ինչ դժվարություն ասես որ չեն  քաշել. անգազ, անջուր, անլույս պայմաններում օրեր լուսացրել, անհաց մնացած երեխաներին հուսադրել, որ վաղն ամեն ինչ լավ է լինելու… Օրերը, սակայն, ձգվել ու դարձել են տարիներ, եւ հալեպահայերի համար խաղաղությունն այդպես էլ երազանք է մնացել:

-Չէինք ուզում մեր տնից հեռանալ, մտածում էինք՝ շուտով կխաղաղվի, գնանք ուրիշ տեղ ի՞նչ անենք, ինչո՞վ ապրենք… Բայց որ հրթիռն ընկավ մեր տան մեջ,  որ տեսա երեխաներիս քարերի տակ… Այլեւս մնալու ոչինչ չունեինք Հալեպում, որոշեցինք, որ եթե պետք է հեռանանք այնտեղից, ուրեմն պետք է Հայաստան գանք,- ասում է Գոհարը:

Հայաստան տեղափոխվելու հարցով Գոհարը դիմել է «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը, որն էլ հոգացել է տոմսերի ծախսը: «Արեւելք» կայքի խմբագիր Սագօ Արեյանն էլ կազմակերպել է Հայաստանում նրանց բնակարանով ապահովման հարցը:

– Դարչինյան ընտանիքը մեր բնակարանի 6 ամսվա վարձը հոգացել է: Հիմա մնում է միայն սննդի, հագուստի մասին մտածենք, քանի որ մեզ հետ ոչինչ չկարողացանք բերել: Երեխաներս փոքր են, լավ սնունդ է պետք նրանց, առանց այն էլ Հալեպում այսքան ժամանակ մենք զրկված էինք նորմալ սննդից,- ասում է երեխաների մայրը:

Երեւան տեղափոխված Գոհարը մտովի մշտապես Հալեպում է՝ հարազատների կողքին: Ասում է՝ քույրերն ու ծնողները տարիներ շարունակ Սիրիայից հեռանալ չեն համարձակվել՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով:

-Սիրիայում բոլորն էլ կուզեն Հայաստան տեղափոխվել, պարզապես մարդիկ գումար չունեն, մտածում են, որ եկան Հայաստան՝ ինչո՞վ են ապրելու՝ աշխատանք չունեն, բնակարան չունեն, տունին վարձն ինչպե՞ս պիտի տան… Եթե նրանք իմանան, որ այստեղ իրենց աշխատանքով կապահովեն, բոլորն էլ կգան,- ասում է Գոհարը:

Երեւան տեղափոխված սիրիահայ ամուսիններն արդեն իսկ մտածում են աշխատանք  գտնելու մասին: Գոհարը մասնագիտությամբ բուժքույր է, պատրաստ է նաեւ խանութում վաճառող աշխատել: Ամուսինը՝ Ժանը, ոտքը վնասելու հետեւանքով ծանր ֆիզիկական աշխատանք թեպետ չի կարող անել, սակայն պահակի գործին դեմ չի լինի: Առջեւում ձմեռ է. Գալուստյաններն արդեն անհանգիստ են, մտածում են՝ ինչով են ջեռուցելու բնակարանը…

-Բնակարանում վառարան չկա: Կուզեմ երեխաներին մանկապարտեզ ուղարկեմ, ես ու ամուսինս էլ աշխատենք, որ կարողանանք ապրել,- ասում է նա:

*********

Ճանապարհելուց առաջ Գոհարը դարձյալ հուզվում է.

-Բայց ի՞նչ եք կարծում՝ այստեղ աշխատանք կկարողանանք գտնել…

-Հա, իհարկե, անպայման կգտնեք,- ասում եմ ես՝ հավատալով, որ մարդկային սրտացավությունը գալու ու գտնելու է պատերազմից հրաշքով փրկված եւ հայրենիքում խաղաղությունը վերագտած Գալուստյաններին:

Տաթեւիկ Սարգսյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert