Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի  երևանյան օրերի նիստերի ընթացքում համաժողովի մասնակիցների ելույթներից:

Աննա Գիվարգիզյան

Մոսկվայի «Ժամը» ամսագրի գլխավոր խմբագիր

«Հայ պարբերական մամուլի դերն օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների տարածման գործում»

Ազգային և մշակութային արժեքների տարածման գործում հայ պարբերական մամուլի դերն օտար միջավայրում դժվար է գերագնահատել։ Համայնքը, որպես այդպիսին, կայանում է նախ և առաջ որպես հոգևոր կառույց, ուստի տպագիր խոսքի ու պարբերականի միջոցով հաղորդակցվելը, տվյալ համայնքի համախմբելը, նրան այլ համայնքների հայության հետ մամուլի միջոցով կապելը միշտ էլ եղել և մնում է կենսական անհրաժեշտություն, հոգևոր պահանջ: Ամեն մի պարբերական, եթե չասենք նրա յուրաքանչյուր համարը, պատմական վավերագիր է դառնում, որի պատմական, կենսական ու գործնական նշանակությունը վեր է որևէ կասկածից: Եվ որքան շատ լինեն հայ պարբերականները, այդքան մրցակցությունը կմեծանա և որակը կբարձրանա:

Այս առումով ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր հարցի վրա։ Այսօր Սփյուռքի թե՛ հայալեզու և թե՛ օտարալեզու հայ անկախ տպագիր մամուլը գտնվում է օրհասական վիճակում, այն օգնության կարիք ունի։ Մեր ողջ պատմության ընթացքում եթե, այնուամենայնիվ, որոշ պարբերականներ հիմնվել են որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվել են, կամ էլ հասկանալի պատճառներով ընկել իշխանությունների կամ որևէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ՝ դառնալով արտաքուստ անկախ, սակայն բովանդակությամբ՝ նրանցից հույժ կախյալ։

Ունենք կուսակցական տպագիր պարբերականներ, որոնք այս կամ այն կուսակցության պաշտոնաթերթերն են և ի սկզբանե կոչված են լուսաբանելու սեփական կուսակցության գործունեությունը, նրա հասարակական, մշակութային և քաղաքական կյանքը, հետևաբար իրենց նյութական կարիքները հոգում է սեփական կուսակցությունը։ Ունենք եկեղեցական տպագիր պաշտոնաթերթեր, որոնք լուսաբանում են եկեղեցական կյանքն ու գոյատևում են եկեցեղեցու նյութական օժանդակության շնորհիվ։ Ունենք համայնքի կողմից հիմնադրված և համայնքի անդամների ջանքերով կամ համայնքի որևէ մեծահարուստի կողմից ֆինանսավորվող համայնքային պաշտոնաթերթեր, որոնք կոչված են առաջին հերթին ներկայացնելու համայնքի կյանքն ու առաջ քաշել նրա խնդիրները և այլն․․․ Սակայն, ցավոք, այս ամենի ֆոնին մենք ունենք անհամեմատ քիչ քանակություն կազմող անկախ պարբերականներ։ Լինելով զանգվածային տեղեկատվության և քարոզչության հիմնական միջոցներից մեկը` մամուլը նաև հասարակական, քաղաքական պայքարի հզոր զենք է, լուսավորության, կրթության, գիտելիքների տարածման, մշակույթի զարգացման, աշխարհայացքի ձևավորման կարևոր օղակ։ Անկախ մամուլն առողջ հասարակություն ձևավորելու և առողջ սերունդ դաստիարակելու անհրաժեշտ գրավականն է։ Ուստիև, հարկավոր է ըստ արժանվույն գնահատելով նրա դերն ու նշանակությունը «Հոգևոր Հայաստան» կերտելու գործում՝ պետական մակարդակով խրախուսել և օժանդակել նրան եթե ոչ նյութապես, ապա գոնե բարոյապես:

http://hayernaysor.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert