«Ուզում եմ, որ մարդիկ իմ նկարների միջոցով կտրվեն գորշ իրականությունից, փախչեն ստից ու կեղծիքից»

-Ես ոգեշնչվում եմ բնությունից, ամեն ժանրում ինձ փորձել եմ, սակայն իմ հոգին ազատ է բնության մեջ: Ես յուրաքանչյուր քարին, ծառին կարող եմ մեծ սիրով նայել, տեսնել գեղեցիկը, Պիկասոյի խոսքերն եմ հիշում. «Մենք տեսնում ենք գեղեցիկը, որովհետեւ այն կրում ենք մեր մեջ», ես գեղեցիկը կրում եմ իմ մեջ: Ես գտել եմ իմ առաքելությունը՝ գեղեցիկը տարածելը: Ուզում եմ, որ մարդիկ իմ նկարների միջոցով կտրվեն այս գորշ իրականությունից, վերադառնան բնություն, փախչեն ստից ու կեղծիքից,-ասում է երիտասարդ նկարիչ Լիլիթ Տոնականյանը:

Նրա գործերում բնությունն է` իր վառ ու պայծառ գույներով, գերիշխում է բարձր տրամադրությունը, հուզականությունը: Նկարչուհին ասում է` եթե ստեղծագործելիս 3 գույն ընտրելու հնարավորություն ունենա հայրենիքը նկարագրելու համար, ապա կվերցնի կարմիրը, կապույտն ու դեղինը:

-Կարմիրը՝ չարչարված, արյուն տեսած ժողովրդին պատկերելու համար, կապույտը՝ խաղաղության համար մարտնչողի ոգին պատկերելու համար եւ դեղինով էլ ցույց կտամ արեւը, հույս ունենալով, որ մի օր լույս կիջնի երկրիս, քաղաքիս վրա: Մեր եկեղեցիները հզոր են, ես գիտեմ, որ կգա այն օրը, երբ իմ ժողովուրդն էլ իր հողում լավ կապրի ու կստեղծագործի,-ասում է Լիլիթը:

Լիլիթ Տոնականյանն արվեստի բնագավառում իր առաջին  քայլերը սկսել է դեռ վաղ տարիքից, նույն տարիքից էլ նկարչության հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն է ունեցել:

-Հիշում եմ, մայրիկին խնդրում էի` գրքից արտանկարներ անել, եւ զարմանում էի, թե ինչպես է կարողանում  եւ՛ այդքան նման, եւ՛ այդքան գեղեցիկ նկարներ ստանալ: Արդեն դպրոցական տարիներին սկսեցի ինքս արտանկարել, խզբզել թղթի վրա: Ընտանիքս նկատեց, որ կա այդ շնորհքն իմ մեջ ու ինձ ուղարկեցին նկարչական դպրոց: Դա ինձ շատ ոգեւորեց, սկսեցի տարբեր գրքեր կարդալ, ուսումնասիրել արվեստի մեծերի գործերը, ամբողջովին տարվեցի նկարչությամբ: Արդեն դպրոցն ավարտելիս` պարզ էր, որ ընտրելու եմ նկարչի ուղին:

Լիլիթը սովորել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժնում:

-Ուսանողական տարիները յուրաքանչյուրի համար առանձնահատուկ են: Երիտասարդական խենթություններ, սովորելու անհագ ծարավ եւ, միեւնույն ժամանակ, հնարավորություններ, որ չպետք է բաց թողնել,-ասում է Լիլիթը:

Ուսման տարիներին Լիլիթը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների եւ միջոցառումների: 2013թ. – ԵԳՊԱ Գյումրի` «Ձմեռը մեր աչքերով», 2014թ.-ին մասնակցել է Իտալական «Benetton Imago Mundi» կազմակերպված ցուցահանդեսին, նույն թվականին` նաեւ «Գարնան մոտիվներով» ցուցահանդեսին` Արթիկի մշակույթի տանը:

Երիտասարդ նկարչուհին 2014թ-ին արժանացել է Շիրակի մարզպետարանի պատվոգրին՝ Շիրակի մարզի Թորոս գյուղում կազմակերպված «Մինասի գույներով» միջոցառմանը:

2015թ-ին Տաշիրում մի խումբ երիտասարդ նկարիչների հետ ներկայացել է խմբակային ցուցահանդեսով, նույն թվականին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում ունեցել է «Աշնան գույներով» խորագիրը կրող ցուցահանդես:

Ներկայում երիտասարդ նկարչուհին աշխատում է համալրել նկարների շարքը` առաջիկայում անհատական ցուցահանդեսով ներկայանալու նպատակով:

-Ցուցահանդես չեմ դնի զուտ դնելու համար, կուզենամ ներկայացնել ինձ, իմ ներաշխարհը, իմ ապրումները, որ մարդիկ զգան իմ էներգիան, վրձնհարվածները, քննադատեն եւ, իհարկե, խորհուրդ տան: Հիմա հասել եմ մի կետի, որտեղ կա՛մ ամեն ինչ գիտեմ, կա՛մ ոչինչ, կա՛մ կգնամ առաջ, կա՛մ կթողնեմ ամեն ինչ, բայց զգում եմ, որ ինչ-որ բան կա, մի ուժ, որ ինձ ստիպում է առաջ շարժվել, եւ ես երջանիկ կլինեմ, երբ մի քանի տարի անց զգամ, որ իմ նկարները խոսում են իմ փոխարեն, տալիս այն, ինչ կուզենայի փոխանցել ժողովրդին:

Երիտասարդ նկարչուհին հաստատում է, որ նկարչությունը թանկ հաճույք է եւ օգնության կարիք է նկատում:

-Կոտրվում եմ, երբ զգում եմ, որ աշխատանքս չեն գնահատում, կամ չկա մեկը, ով կկանգնի կողքիս, հովանավորի: Նկարչությունը շատ թանկ հաճույք է՝ վրձիններ, ներկեր, հաճախ հնարավորություն չի լինում` պարագաներ գնելու: Ու երբ ամեն անգամ որոշել եմ նկարչությունը թողնել, հայտնվել են բարի մարդիկ, դե իհարկե, առաջին հերթին ծնողներս, մորս ոգեւորող խոսքերն ու հանգստացնող հայացքը,-եզրափակում է Լիլիթը:

Լենա Հովհաննիսյան

www.asparez.am

 

 

бутон за сайт

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net