ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Ու շրջում են ստվերներ
Տիեզերքից հեռու և հարազատ,
Երկինքներից խազված
Պոկվում է մի գիշեր
Եվ երազում , որ աստղերը
Վանքի գմբեթ դառնան… 
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Եվ լացում եմ թաքուն,
Գիշերը պաղ քամուց
Սարսռող թիթեռի
Եվ ճնճղուկի համար,
Որը վախենում է ,
Վաղը կգա շուտով
Վաղը նա չի լինի:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ
Եվ վկան եմ բոլոր
Անհույս ծնվող , մեռնող
արշալույսների բիլ.
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Նորից հառաչում եմ
Փշրված թևերով
Այն աղավնու համար,
Եվ խեղճ ձկնիկների,
Որոնք , օվկիանոսը
Տեսնելու անուրջով ,
Լացեցին ճահճի մեջ:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Եվ կորուսյալների
Քրքիջը մահու չափ
Հուզում է ինձ,
Իսկ Նրանք չգիտեն ,
Չգիտեն գինը մեր
Ոգու խաչելության:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Սովոր բազմության մեջ
Միայնության հետ փսփսալ`
Աղոթել շշուկով,
Որ հրեշտակը քնած
Չարթնանա իմ լացից:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Եվ հաճախ թվում եմ
Բարության կեղծարար`
Որպես լիության մեջ
Հաց մուրող մուրացկան,
Որ իբրև սիրում է
Մարդկանց, մարդկանց, մարդկանց`
Հացի տեղ օրհնանքներ
Անխնա շաղ տալով:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ.
Ես մահու չափ սոված ,
Եվ մահու չափ անհագ
Երազում եմ հիմա
Տաք- տաք թարմ ոգեհաց
Բարկ թոնրից ` սուրբ տատուս
Քրքրված ու ճաքած
Լույս հունցող ձեռքերից`
Ով հողին զավակ ու
Աշխարհին սեր տվեց:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Չգիտեմ երբևէ
Սիրել են խոր, թե ոչ`
Ինձ հետ խնդացող ու
Ինձ հետ անհագ լացող,
Իմ աչքերն ունեցող
Մարդիկ. … Մարդիկ… Մարդիկ:
Ես մենակ եմ հիմա
Եվ ամբոխում նորից խեղդվելու չափ անհագ
Սիրում եմ նույն Մ Ա Ր Դ Կ Ա Ն Ց…
Սիրում ներելու չափ
Եվ լուռ հեռանալու…

Տա Թև

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert