Մայք Ավետիքյան՝ աշխարհի ամենաարագընթաց հրաձիգը

Կանադահայ Մայք Ավետիքյանը պաշտոնապես համարվում է աշխարհի 5 ամենաարագընթաց հրաձիգներից մեկը: Հյուսիսային Ամերիկայի ողջ տարածքում անցկացվող Fast Draw մարզաձեւի ամենամյա մրցումների հաղթողն է: Նրան ¼-րդ վայրկյանից էլ քիչ ժամանակ է պետք՝ ատրճանակը հանելու եւ նշանակետին խփելու համար: Մայքին հանդիպեցինք Երեւանում՝ հայրենիք կատարած հերթական այցելության ժամանակ: Պրոֆեսինալ հրաձիգի, փրկարարի եւ որսորդի  հետ մեր զրույցը Fast Draw մարզաձեւի, նրա հաջողությունների եւ Հայաստանում հրաձգության զարգացման հեռանկարների մասին է:

Ինչպես սկսվեց ամեն ինչ

«Փոքրուց սիրում էի կրակել, բակում միշտ կովբոյների ու հնդկացիների խաղն էինք խաղում. տղաները նետ ու աղեղ էին պատրաստում ու կրակում: Այս ամենը լուրջ հետաքրքրություն դարձավ ինձ համար, ու արդեն 12 տարեկանում ես խնդրեցի հորս, որ ինձ կրակել սովորեցնի:  Դպրոցում շատ առարկաներ ես վատ էի սովորում, բայց նշանակետին խփելն ինձ մոտ լավ էր ստացվում: Ես երազում էի դառնալ հայտնի որսորդ կամ հրաձիգ…

Ի՞նչ է Fast Draw-ն (արագընթաց հրաձգություն)

Մի քանի տարի առաջ Կանադայում ցուցահանդես էր կազմակերպվել, որի ժամանակ տարբեր տարիների արտադրության զինատեսակներ էին ներկայացված: Քանի որ ինձ միշտ հետաքրքրել են զենքերը, այցելեցի՝ տեսնեմ ինչ նոր զինատեսակներ կան: Հենց այդ ցուցադրության ընթացքում էլ հանդիպեսցի մարդկանց, որոնք կովբոյների պես էին հագնված, նրանց պես զենք էին կրում… Ես այնքան էի տպավորվել, որ մոտեցա նրանց ծանոթանալու: Պարզվեց, որ նրանք պրոֆեսիոնալ հրաձիգներ են, որոնք ոչ միայն սովորեցնում են ճիշտ կրակել, այլեւ ամեն տարի մասնակցում են հրաձգության՝ Fast Draw-ի մրցույթների:

Fast Draw-ն արագընթաց հրաձգություն է կովբոյական ատրճանակից: Ես սկսեցի այցելել հրաձգարան՝ պարապմունքների. եւ իմ մեջ նոր տաղանդ հայտնաբերվեց: Արագընթաց հրաձգության նպատակն է պարտության մատնել մրցակցին ավելի շուտ, քան նա կհասցնի: Ազդանշանից հետո մրցակիցներ կրակում են նշանակետին. ով առաջինը դիպավ, նա էլ հաղթում է: Ամենակարեւորն այն է, որ ատրճանակները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին 100-150 տարի առաջ էին ՝ ծանր, ինքնալիցքավորվող չլինեն… Ամեն տարի ողջ Հյուսիսային Ամերիկայում անցկացվում են Fast Draw-ի մրցույթներ, որին մասնակցում են Կանադայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ այլ երկրներից ներկայացուցիչներ:

Աշխարհում լավագույն ցուցանիշը

Fast Draw-ն հիմնված է արագության եւ դիպուկության վրա: Երբ առաջին անգամ մրցումներին մասնակցեցի, պարզվեց, որ ինձ շատ ավելի քիչ ժամանակ է պետք, քան մրցակիցներիս: Ինձ ¼  վայրկյանից էլ քիչ ժամանակ է պետք ատրճանակը հանելու եւ նշանակետին խփելու համար, ինչն էլ ինձ օգնեց մի քանի տարի անընդմեջ Կանադայի եւ Միացյալ Նահանգների չեմպիոն դառնալ: Ամեն անգամ, երբ ես հաղթում եմ այս կամ այն մրցույթում, մեծ հպարտությամբ բարձրացնում եմ Հայաստանի դրոշը, որպեսզի բոլորն իմանան, որ հայերն աշխարհի ամենաարագընթաց հրաձիգներն են:

Սպո՞րտ, երազա՞նք, թե՞ պրֆեսիոնալ հետաքրքրություն

Ինձ համար Fast Drawn-ն նախեւառաջ պրֆեսիոնալ հետաքրքրություն է՝ տղայական կիրք եւ երազանք՝ դառնալ պրոոֆեսիոնալ հրաձիգ ինչպես հոլիվուդյան մարտաֆիլմերում: Ես երջանիկ եմ, որ փաստացի դարձել այն ֆիլմերի հրաձիգներից, որոնք բազմաթիվ երեխաներ ու մեծահասակներ ոգեւորությամբ են դիտում:

Որսորդ, հրաձիգ, լուսանկարիչ… փրկարար

Փրկարար դառնալը մանկության երազանքներիցս էր, ես միշտ ուզեցել եմ ինչ-որ լավ բան անել մարդկանց համար:  Ինձ համար շատ կարեւոր է, որ իմ կյանքը լավ օրինակ դառնա հայ երիտասարդների համար, որպեսզի նրանք էլ ձգտեն իրենց նպատակներին ու երազանքներին հասնել, որովհետեւ հենց այդ ընթացքում են մարդիկ բացահայտում շատ թաքնված տաղանդներ:

Որսորդության հանդեպ հետաքրքրությունը հորիցս եմ ժառանգել: Առհասարակ, մեր տանը բոլորը զբաղվում են որսորդությամբ, անգամ մայրս է լավ որսորդ: Ընտանիքով մենք հաճախ ենք որսի գնում: Դա ինձ օգնում է մոտ լինել բնությանը, շփվել եւ ուսումնասիրել այն…

Երազանքների մասին

Միակ բանը, որ հիմա երազում եմ, ընտանիք կազմելն է ու երեխաներ ունենալը, որոնք իմ նման կլինեն (ժպտում է ՝ հեղ.): Ինձ համար շատ կարեւոր է հայկական արժեքները պահպանելը, ինչպես մեր ընտանիքում իմ ծնողներն են արել՝ մեծերի նկատմամբ հարգանքը, տան, ընտանիքի նկատմամբ վստահությունն ու սերը, հարաբերությունների անկեղծությունը… Կարծում եմ, կինս հայուհի պետք է լինի: Իսկ կարիերայում նպատակս մեկն է՝ լավ վարձատրվող աշխատանք, որպեսզի կարողանամ ընտանիքիս համար բարեկեցիկ կյանք ապահովել:

Հայաստանում հրաձգության զարգացման հեռանկարների մասին

Հետխորհրդային երկրներում զենք կրելու եւ զենքին տիրապետելու մշակույթն այնքան էլ զարգացած չէ, եւ ես չեմ կարծում, որ մոտ ժամանակներում արագ եւ հեշտորեն հնարավոր կլինի զարգացնել հրաձգության որեւէ տեսակներից մեկը: Մեծ արագության եւ ռեակցիայի մակարդակում զենքին տիրապետելու արվեստը մեծ պատասխանատվության հետ է կապված: Առանց այդ պատասխանատվության եւ մշակույթի՝ այդ արվեստին տիրապետելը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ մարդկանց համար»:

 

Հարցազրույցը՝ Տաթեւիկ Սարգսյանի

 

 

Հավելյալ լուսանկարներ և տեսանյութ այստեղ՝ https://plus.google.com/+MikeYUKONAvetikian

 

 


споделяне в социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net