Նախընտրական տրամաբանությանն համահունչ ներքաղաքական դաշտում վերադասավորումների նոր փուլ է սկսվում: Գործընթացն առավել տեսանելի է ընդդիմադիր հատվածում. ընդդիմությունը դառնում է ի շրջանս յուր` ուր վերստին բորբոքվել են այս ուժերի միավորման, համախմբման խոսակցությունները: ՏԻՄ ընտրությունների արդյունքում իրենց ցածր վարկանիշում վերստին համոզվելուց հետո ընդդիմադիրները հասկացան` համապետական ընտրություններին առանձին մասնակցությունը ոչ միայն ճիշտ չէ, այլև որոշների համար այն ուղղակի կնշանակի քաղաքական կարիերայի ավարտ: Հետևաբար, անգամ ամենաամբիցիոզներն այսօր խոստովանում են` առանց միավորման ՙգործը գլուխ բերել՚ չեն կարող: Ահա թե ինչու ընդդիմադիր շրջանակներում ծավալվող հիմնական խոսակցությունները տարբեր ձևաչափով հնարավոր միավորումների ու դաշինքների ստեղծման շուրջ են:
Այս առումով ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում ընդդիմադիր դաշտում. թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ

Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերն այսօր համոզված են, որ ընտրություններին ընդառաջ միավորվելն անհրաժեշտություն է, բայց միևնույն ժամանակ միավորման մասին բավականին տարբեր են նրանց պատկերացումները, կարելի է ասել, որ այդ հարցում ամեն մեկը սեփական ընկալումն ունի: Մասնավորաբար, ՀԱԿ-ի համար միավորվել նշանակում է համախմբում իր իսկ շուրջը: Ինչի՞ մասին է հուշում ընդդիմադիր դաշտում առկա իրողությունը:
-Նախ հասկանանք, թե ի՞նչ միավորումների հետ իրականում մենք գործ ունենք: Մի բան է, երբ խոսում ենք քաղաքականության մեջ գտնվող անձանց ու նրանց կողմից ստեղծված խմբավորումների մասին, մեկ այլ բան է, երբ խոսքը ընդդիմության մասին է: Ինչու եմ սա շեշտում, որովհետև բոլորը չէ, որ ներկայանալով որպես ընդդիմություն` իրականում այդպիսին են: Ես ներկայիս ընդդիմադիր դաշտում ընդամենը մեկ երկու, գուցե երեք ընդդմադիր ուժեր եմ տեսնում: Սակայն նրանք այնքան էլ ուժեղ չեն, ջլատված են, և չունեն անհրաժեշտ ռեսուրսներ: Կանխատեսելով, որ կհարցնեք, թե որո՞նք են այդ երեք ուժերը, նախապես ասեմ` չեմ պատրաստվում տալ նրանց անունները: Բայց մեր ժողովուրդը, կարծում եմ, շատ լավ գիտի, թե ո՞ւմ մասին է խոսքս:
Իմ գնահատմամբ իրական ընդդիմություն համարվող այդ երեք ուժերը դեռևս միավորվելու մասին պաշտոնական հայտարարություն չեն արել: Կարծում եմ, պետք է դեռ լսել, թե այդ ուժերն ի՞նչ են ասում, ո՞ւմ հետ են ուզում միավորվել, և ընդհանրապես, մասնակցելո՞ւ են ընտրություններին, թե՞ ոչ:
Սա է այն իրավիճակը, որն այսօր կա ընդդիմադիր դաշտում: 25 տարի նույն բանի ականատեսն ենք, 25 տարի խոսել և խոսում են միավորման մասին ու կշարունակեն խոսել այնքան ժամանակ, քանի դեռ համակարգը չի փոփոխվել:
Դառնալով ձեր հարցի վերջին հատվածին, ասեմ` արդյոք, ՀԱԿ-ը ընդդիմությո?ւն է: Սա մեծ հարց է. առկա համակարգի առաջին ստեղծողը եղել է հենց այս քաղաքական ուժը: ՀԱԿ-ին ես իրական ընդդիմություն չեմ համարում:
-Իրակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմություն. ընդդիմադիր դաշտի միավորման մասին խոսակցություններին համընթաց այսօր առավել հաճախ են հնչում այդ գնահատակաները: Նույնիսկ մեկմեկու զգուշացնում են՝ տարբերել իրական և ոչ իրական ընդդիմադիրներին: Բայց ո՞րն է տարբերակիչը, ո՞րն է չափանիշը: Գուցե իշխանությանը ուժեղ քննադատե՞լը:
-Չափանիշը տվյալ ուժի որդեգրած օրակարգն է. ժողովուրդը, նաև քաղաքական ուժերը շատ լավ տեսնում են, գիտեն, թե ո՞ր ուժը ինչպիսի՞ օրակարգով է հանդես գալիս, ո՞ւմ կողմից է առաջ մղվում, ինչպիսի՞ թիկունք ունի: Սա արդեն պարզորոշ ցույց է տալիս թե ո՞րն է իրականը, ո՞րը կեղծ ընդդիմությունը:
Ինչ վերաբերում է իշխանությանը ուժեղ քննադատելուն սա ամենևին էլ չափանիշ չէ ու չի կարող լինել:
Իսկ նման գնահատական տալը չի՞ դառնում ընդդիմության գլխին կախված ՙմահակ՚, այսինքն, ով իր մրցակցին կուզենա դաշտից դուրս մղել, կարող է նրան որպես ՙկեղծ ընդդիմություն՚ պիտակավորելով` հեղինակազրկել:
-Իհարկե, կա այդ լուրջ վտանգ: Երբ մեկը մյուսին մեղադրում է կեղծ կամ ծախված ընդդիմություն լինելու մեջ դա կարող է նաև որպես մահակ օգտագործվել: Նաև այդ առումով ընդդիմադիր դաշտն այսօր գտնվում է ծանրագույն վիճակում, ու նաև դրա համար է, որ ես խուսափում եմ անուններ տալուց: Դրա համար նախընտրեցի չթվարկել իմ գնահատմամբ իրական ընդդիմություն համարվող երեք ուժերի անունները, որպեսզի նրանք չհայտնվեն հարձակման թիրախում, որպեսզի չնպաստեմ ընդդիմադիր դաշտի առավել ոչնչացմանը:
Սահմանադրության փոփոխությունից հետո ակտիվացավ նոր կուսակցությունների ստեղծման գործընթացը: Հիմա էլ կարծես նկատելի է մեկ կուսակցության մեջ դրանց միավորման տենդենցը: Նման նպատակներ ունի Նիկոլ Փաշինյանի ՙՔաղաքացիական պայմանագիր՚-ը: Սա կարո՞ղ է հանգեցնել քաղաքական կուսակցությունների խոշորացման գործընթացի:
-Կուսակցությունների խոշորացումը ես դրական երևույթ եմ համարում: Ինչու, որովհետև Հայաստանում կուսակցություններ ունենք, որոնք մեկ կամ երկու անձի շուրջ հավաքված մարդիկ են, խմբեր, որոնք որևէ կերպ կուսակցության մասին առկա դասական պատկերացումներին չեն համապատասխանում: Եթե ծավալվի խոշարացման գոծընթաց, ապա կմեծանա լուրջ ուժ դառնալու հնարավորությունը: Եվ սա ողջունելի, դրական երևույթ է: Եթե Փաշինյանն իր համակիրների շրջանակում տեսնում է նման հնարավորություն` խոշորացման գործընթաց, ապա կարծում եմ խիստ տրամաբանական է, որ դա տեղի ունենա:
Ի՞նչ հասկանալ ՙհամակիրներ՚ ասելով. ո՞վ, ո՞ւմ համակիրն է, այստեղ ո՞րն է ջրբաժանը, գուցե մեզանում խիստ չարչրկվող արևմտամետությունն ու ռուսամետությո՞ւնը:
– Ես խիստ վտանգավոր երևույթ եմ համարում հասարակությունը, անհատներին և քաղաքական ուժերին արևմտամետների ու ռուսամետների բաժանելու այդ մոլուցքը. Հայաստանում սա իրոք վերածվել է մոլուցքի: Ու շատերն իրենց մեծ սիրով նետում են այդ բաժանումների մեջ: Սա խիստ մերժելի երևույթ է, թե ինչպե՞ս ձերբազատվել դրանից, դժվարանում եմ ասել, թերևս քաղաքական գործիչների կրթական մակարդակի բարձրացունը միայն կարող է նպաստել դրան:
Իսկ համախոհներ մարդիկ պետք է գտնեն ելնելով իրավիճակից, գաղափարներից:
25 տարում մի կարևոր առաջընթաց, այնուհանդերձ, գրանցվել է ընդդիմադիր դաշտում. նրանք այժմ հատուկ շեշտում են, որ համախմբումը պետք է տեղի ունենա գաղափարական հենքի վրա, թերևս համոզվել են, որ անգաղափար համախմբումներն ի վերջո, տխուր վախճան են ունենում. կամ մինչ ընտրություններ կազմաքանդվում են, կամ հասնելով խորհրդարան հինգ տարի շարունակ, ժողովրդի խոսքով ասած` <<մեկմեկու միս են ուտում>>:
-Եթե անգամ ընդդիմությունը 25 տարի անց համոզվել է, որ համախմբումը պետք է տեղի ունենա գաղափարական հենքի վրա, դա այսօր այլևս ոչ մի կարևորություն չունի, որովհետև գաղափարական ընդդիմադիրներ գրեթե չկան, եթե կան էլ շատ քիչ են` մեկը, երկուսը, ոչ ավելի: Ուրեմն ի՞նչ արժեք ունեն նրանց հայտարարությունները, թե պետք է գաղափարների շուրջ համախմբվել: Դուք ընդդիմադիր համարվող ո՞ր կուսակցության հստակ դիրքորոշումն եք լսել կապված, օրինակ, Արցախյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ, կա տարածքների վերադարձի հարց Ադրբեջանի կողմից ԼՂՀ կարգավիճակի ճանաչման դեպքում, այս հարցով քանի՞ ուժ են հայտարարությամբ հանդես եկել` կո՞ղմ են, թե՞ դեմ: Կամ, ո՞ր ընդդիմադիր ուժն է իր հստակ դիրքորոշումն արտահայտել նոր Սահմանադրության վերաբերյալ այն առումով, որ նորը ևս փոփոխման անհրաժետություն ունի, այս ուղղությամբ պետք է անպայման քննարկում ծավալվի: Բայց որևէ մեկի կողմից նման դիտարկում լսե՞լ ենք, իհարկե ոչ: Իսկ սրանք կարևոր հարցեր են, մինչդեռ դրանց շուրջ որևէ ուժ կոնկրետ գաղափար չունի:
Իմ կարծիքով համախմբում ասվածի իդեալական տարբերակը կարող է լինել հետևյալը: Քաղաքական ուժերը հայտարարում են, որ ունեն հստակ օրակարգ, և երկրի ապագան տեսնում ենք կոնկրետ քայլերում, շատ պարզ շարադրում են այդ քայլերը. առաջին, ինչպե՞ս են տեսնում Արցախի խնդրի լուծումը, երկրորդ` հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր ընթացքը, երրորդ, տնտսական ճգնաժամից դուրս գալու ինչպիսի ոչ ստանդարտ քայլեր են իրենք առաջարկում: Ու այսպես շարունակ, ամեն մի կարևոր հարցի շուրջ պետք է շարադրեն իրենց գաղափարները, այդ մասին հրապարակավ հայտարարեն ու փորձեն հասկանալ, թե ո՞վ, ո՞ր դաշտում է գտնվում: Որից հետո միայն առանց ամբիցիաների փորձեն միաբանվել համախոհնեի հետ: Այս առումով, ՀԱԿ-ը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, չնայած դրանք շատերի կողմից անընդունելի են, մերժելի, բայց իրենք շարադրել են իրենց գաղափարները ու գոնե այս հարցում ազնիվ են գտնվել: Եվ այսօր շատ հստակ կարելի է ասել, որ ՀԱԿ-ին կարող են միավորվել ապազգային, հակահայկական ուժերը: Մյուս ուժերն էլ պետք է ազնվորեն ներկայացնեն իրենց դիրքորոշումները, որպեսզի հասարակությունը հասկանա, թե ի?նչ ուժեր են, ի?նչ խմբեր: Իսկ եթե սա չի արվում, կնշանակի մենք գործ ունենք 25 տարի մեզանում կատարվող նույն երևույթի հետ, երբ առանձին անհատներ փորձում են միավորվել խորհրդարարան մտնելու մանդատ շահելու կամ քաղաքական պաշտոններ ստանալու համար: Եթե սա անցյալի կրկնողությունն է, ուրեմն նորություն չկա, և այս գործընթացներից լուրջ սպասելիքներ պետք չէ ունենալ:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

http://armarlur.com/69179-2/

 

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert