Պարույր Սևակի հիշատակին,  ՖԵԼԻՔՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԻՆՁ ԾԱՓԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ

Արդեն այնպես եմ վարժվել ապտակին,
Որ թվում է, թե
ձեր այդ ափերից ծնված ծափերը
Կեղծավորությամբ ինձ լռեցնելու ձայնահաբեր են,
լեզվակապեր են
ու շքեղ դնչկալ:
Մինչդեռ ես` այսպես բռի, աներես,
Էլի խոսում եմ,
Խելառ առվի պես լեռնալանջն ի վար,
Սարալանջն ի վար,
Վարար ու վարար էլի հոսում եմ`
վերածվում ծովի,
Որ դուք ամառվա հրին ու տապին
Գաք, արև խմեք իմ խճոտ ափին:
Ինձ ծափեր պետք չեն…
Այնպես եմ արդեն վարժվել դավերին,
Որ իմ ձեռքերով քամած ու մաքրած
Մաճառով լեցուն գավերին անգամ
ահով եմ նայում`
չլինի? թույն է:
Բայց և խմում եմ միշտ առաջինը,
Որ եթե հանկարծ մեռնելու բան է`
լոկ ինքս մեռնեմ,
Ու նոր ասում եմ. «Վայելեք, մարդիկ,
սա անվնաս է…»:
Իմ ճանապարհը ոչ թե ոտքիս տակ,
Այլ (կներեք ինձ) ուղիղ վրաս է,
Գլխիս վրա է, հոգուս վրա է ու մի ափ սրտիս:
Եվ երբ խորդուբորդ պատնեշ է ելնում
իմ ճանապարհին,
Ես տրորում եմ գլուխս, հոգիս ու մի ափ սիրտս,
հարթում եմ ճամփան,
Որ իմ ետևից թե գալու լինեք`
Բան չպատահի ձեր գլխին, հոգուն ու մի ափ սրտին:
Իսկ դուք…
Անցնում եք` ինձ տրորելով,
Ձեր բախտի համար Աստծուն նայելուց
ծուռ պարանոցս
պարսավանքների պարանների մեջ
միշտ հոլովելով
Ու չեք էլ զգում, սատանան տանի,
Որ ես էլ ձեզ պես ունեմ երկու ոտք,
Անպոչ եմ, անպոզ, հյուսված եմ ջղից…
Եվ որ սուր աչքեր պետք չէր ունենալ
ինձ տարբերելու վանդակից փախած
հանգուցյալ փղից :
Ի՞նչ է, անպայման սպանվե՞մ պիտի,
Որ ձեր կրծքի տակ խիղճը արթնանա…
Ու ձեզ ստիպի մտածել հանկարծ
Բոլոր դեպքերում տանկ բերել պետք չէր:
…Ծափեր չեմ ուզում,
Ու թե հիմա ձեզնից չամաչեմ,
Բուռս կպարզեմ` ու կասեմ մարդի’կ,
մի քիչ սեր տվեք…
Չէ, ի~նձ համար չէ –
Փառք Երկնայինին,
սիրուց այնպես եմ
կշտացել հիմա,
Որ բռնցքաչափ իմ սրտի վրա
Արարատի չափ մաղձ է կուտակվել
Այսչափ սիրվելուց:
Ձեր տված սիրուց բաժին կհանեմ
մարդաբաններին,
Որ նրանք Նոյի` վաղուց քրքրված
Տապանը թողնեն,
Հետաքրքրվեն նորի’ տապանով,
Բազկաթոռների’ն կտամ ձեր սիրուց,
Որ միջանցքներում դրված հասարակ
ճկաթոռներին վերից չնայեն-
Ախր, երկուսն էլ նույն ծագումն ունեն`
փայտից են շինված…
Մի քիչ սեր կտամ մայթի ծառերին գարուն երազող
Ճնճղուկին անտուն,
Որն օրն ի բուն պարսատիկավոր տնատերերին
խնդրագրի նման դիմում է գրում
ու չի հասկացվում:
Հնոցապանին կտամ ձեր սիրուց,
որ մեր մեղապարտ մարմինների մեջ
ջերմաստիճանը կարգավորելիս
մուր է կուլ տալիս ու չի լվացվում:
Սեր կբաժանեմ… բաժանվածների’ն,
Որովհետև մեր միաբանության ամեն մի դաշինք
մի վառ օջախ է,
մի ամուր տանիք,
հոգեպարար երգ
Եվ աշխարհով մեկ սփռվածներին
Իր տունը կանչող սիրասուն մոր ձեռք:
Զարմանալի բան ` – դուք բաժանվում եք,
ե~ս եմ մղկտում,
Եվ ինձ թվում է` երկու կես եղած
ձեր երեխան եմ,
Որը կա և կամ նոր պիտի լինի…
Իսկ հիմա, իրո’ք, ինձ ծափեր պետք չեն:
Քանի դեռ ես կամ ու ձեր կողքին եմ`
Ինձ պահեք, մարդի’կ, ո’չ թե ծափերով,
Այլ ձեր մարդկային մոտեցմա’մբ մաքուր,
Ո’չ թե իմ գլխի’ն մրուր թափելով,
Այլև զգալու զգացմա’մբ թաքուն:
Ինձ մի~ բամբասեք` չարած մեղքերս
աշխարհին տալով,
Եթե շիրիմիս այցի եք գալու սգով ու լալով:
Ինձ պահեք այնպես, ինչպես պահում եք
սերը ձեր սրտում,
Որին չեք մորթում, չեք դավաճանում,
Եվ որին, ավաղ, մեկ-մեկ չեք ստում…
Թե չէ կյանքս ի՞նչ է –
Մազից կախ տված ինքնահոս գրիչ,
Որի ճակատին գրված է գուցե.
«ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՄԻ ԻՆՔՆԱՇԱՐԺԻ
ԵՐԿՈՒ ԶՈՒՅԳ ՍԵՎ ԱԿ»
Եվ երբ սրբատաշ տապանաքարիս
Շշուկով կարդաք.
«Աստ հանգչի Սևակ» –
Զղջալը` անմիտ, լալը` անիմաստ
Եվ հարգանքն արդեն
Անարգանքի’ պես դառը կլինի:
Ծափե՞ր: Չե’մ ուզում…

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert