Խոսի՛ր ինձ հետ

Խոսի՛ր ինձ հետ։
Տիեզերքում այնքա՜ն մենակ,
Այնքա՜ն լուռ են մոլորակներն այս անհեթեթ․
Եթե պիտի չխոսեին,
Ինչու՞ են նույն հետագծով պտտվում հենց շուրջն արևի,
Ցարդ քանի լուռ հավերժություն։
Սա գոյության քամահրանքն ու քրքիջն է նենգ,
Սա հենց ինքը լռությունն է այդ երևի։
Եթե պիտի չլսեի շշուկը քո, ձայնն ու ճիչը,
Գոռոցն անգամ, իմ ունկերը ի՞նչ միտք ունեն։
Ես լսում եմ միայնության սուր քրքիջը,
Լոկ ինքս իմ շնչառությամբ հաշվում ժամը,
Եվ վայրկյանը աներևույթ թմբուկների զարկով որսում։
Իսկ բառերը այդ զորավոր
Արարում է խեղճ գրիչը․․․գաղջ գրիչը,
Եվ ոչ թե տաք շուրթերը քո։
Խոսի՛ր ինձ հետ։
Ահեթեթ են բոլոր, բոլոր լռություններն անպտղաբեր,
Անհեթեթ են ու լռությամբ մեռնելու չափ աղետաբեր,
Արարվածքներն անճիչ ու լուռ։
Խոսի՛ր ինձ հետ․
Ես նայում եմ, դիտորդի պես, քաղաքների տանիքներին ,
Եվ ափերից իմ թափ տալիս աստղափոշին մարդկանց գլխին,
Ովքեր սրտին գդակ չունեն, ոչ էլ ծածկոց հոգու վրա՝
Եվ անձրևից , երազներից պատսպարվել չեն էլ փորցում․․․
Խոսի՛ր ինձ հետ։
․․․Ու բռունցք է դառնում ափս, և ճզմվում,
Սեղմվում են քաղաքների լայն, ընդարձակ
Քարտեզները ․․․ Մաքու՜ր, մաքու՜ր
Առանց բիծ ու գրագրության,
Հազար, հազար հասցեներով՝ լերկ ու թափուր,
Որ ոչ մի խոսք տեղ չհասնի։
Խոսի՛ր ինձ հետ․․․
Ծուխ է ելնում․․․ Ծուխ է ելնում ահա կարմիր այն տանիքից,
Որի ներքո ժամացույցի ձայնն է հնչում ,
Եվ ամոթից թեյնիկն է տաք փորձում ճչալ
Գիշերային լռությունը , մերկության պես,
Իր գոլորշով թաքցնելու ազնիվ փորձով։
Ծխնելույզից այն կարմիր տան
Ծուխ է ելնում ու խառնվում
Փրփրադեզ բիլ ամպերին վարսանման,
Եվ մրոտում օդը հոգուս մի թունաբեր լռությամբ խուլ։
Խոսի՛ր ինձ հետ․
Այս թմրաբեր լռությունից
Ա՜խ, ուր որ է կպայթեմ ես։
Եվ բառերն այս մունջկաթ դարձած
Կմրոտեն տիեզերքը արարչական։

Խոսի՛ր ինձ հետ։

Տա Թև

 

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net