ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ազգ»-ի նախորդ համարում խոստացել էինք ամփոփ անդրադառնալ Համբուրգում դեկտեմբերի 8- 9 ԵԱՀԿ արտգործնախարարների 23- րդ հանդիպման արդյունքներին: Թեպետ ղարաբաղյան հարցն առիթ էր ընձեռնել, որ Հայաստանը դրան իրազեկ դառնա տեղում աշխատող թղթակիցների մեկնաբանությամբ նաեւ, իսկ դրա ավարտից հետո արտահայտվեցին նաեւ հայրենի քաղաքագետներ, այդուհանդերձ, ներող եղեք, համարձակվեցինք գրել այն, ինչ մեզ մտահոգեցՙ հատկապես գերմանացի մեր գործընկերների աշխատանքին հետեւելով:

Հրաժեշտի համաժողով. գերմանական մամուլն այսպես անվանեց համբուրգյան խորհրդաժողովը: Նախագահությունը Ավստրիային հանձնելուց բացի այն Շթայնմայերի համար էլ հրաժեշտի բեմ էրՙ փետրվարին ամենայն հավանականությամբ նրան կտեսնենք Գերմանիայի նախագահի պաշտոնում, հունվարից Ջոն Քերրին պետքարտուղարի աթոռին հրաժեշտ կտա, 2017- ին Ֆրանսիայում ընտրություններ ենՙ հրաժեշտներ արդեն եղել են, Հայաստանումՙ դեռ կլինեն: Այն, որ ԱՄՆ արտգործնախարարը խորհրդաժողովի կեսից Փարիզ գնաց, շատերին իրավունք տվեց եզրակացնել, թե նույնիսկ մեծամեծներն այս կառույցը ստորադասում են իրենց ժամանակացույցին:

ԵԱՀԿ խորհրդաժողովի մասնակից երկրների հակասություններն այնքան շատ էին, որ դրա ավարտին համատեղ ընդհանուր հայտարարություն չընդունվեց:

Այն, որ համբուրգյան մռայլ եղանակը նաեւ խորհրդաժողովի պատերից ներս էր տրամադրություն ստեղծում, նկատել էր առաջին հերթին հենց Շթայնմայերը : Այդուհանդերձ ԵԱՀԿ գործող նախագահը գտավ կառույցի արդյունավետ գոյությունը արժեւորելու ամենահարմար փաստըՙ Ղարաբաղյան հակամարտության ծավալումը կանխելը:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, Շթայնմայերը հղում անելով ապրիլյան պատերազմին նկատել տվեց, որ այն «մնում է վտանգներով լի», իսկ անելիքների մասին էլ շեշտեցՙ վստահության ստեղծման, անվտանգության, հումանիտար վիճակի բարելավման համար պետք է ավելին արվի: Ո՞վ: Ո՞ւմ է հասցեագրում իր հորդորը, պարզ չդարձավ:

ԵԱՀԿ- ում Գերմանիայի կառավարության հանձնակատար Էրլերի կարծիքն էլ լավատեսական էՙ ի հեճուկս բոլոր դժվարությունների գերմանական նախագահության տարին հաջողություն էլ գրանցեցՙ ուկրաինական ճակատում մարտական գործողությունները նվազել են, իսկ ղարաբաղյան հակամարտության առումովՙ այժմ «էական բանակցություններ» են ընթանում: (Auch im Karabach-Konflikt gebe es nun substanzielle Verhandlungen): Թե ինչ է նշանակում այդ վերջին նախադասությունը, մեզ համար, խոստովանենքՙ պարզ չէ, միգուցե մեր արտգործնախարարությո՞ւնը պատասխանի:

ԳԴՀ արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան գերմանական հեռուստատեսության առաջին ալիքին տված հարցազրույցում ակնարկելով, թե լրագրողների համար հեշտ է քննադատելը, նորից «արդարացրեց» ԵԱՀԿ- ի դերըՙ հատկապես Ղարաբաղյան հակամարտությանՙ ապրիլին բռնկված պատերազմի օրինակով: «Շնորհիվ ԵԱՀԿ- ի, այդ հակամարտությունը համեմատաբար արագ վերահսկվեց»: Արտգործնախարարի պատասխանի մի դրվագ էլ մեր ուշադրությունը գրավեցՙ նա սկսեց բացատրել, թե որեւէ մեկը ճշգրիտ չգիտի էլ ինչ է Լեռնային Ղարաբաղը, սկսեց բացատրելՙ վիճարկվող տարածք է Հայաստանի եւ Ադրբեջանի մեջեւ…եւ ապրիլին 200 զոհ արձանագրվեց այնտեղ բռնված պատերազմում, շնորհիվ ԵԱՀԿ- ի այդ հակամարտությունը համեմատաբար արագ զսպվեց»:

Նրան իհարկե նույն պահին, ոչ էլ հետո հարց չտրվեց, թե ապրիլից հայկական կողմը դեռ սպասում է վերահսկման մեխանիզմներ տեղադրելուՙ գերմանական խոստման կատարմանը: Ո՞րն է խոստումը կատարելու հետաձգման պատճառը, պարզ չդարձավ նաեւ արտգործնախարար Նալբանդյանիՙ մեր լրագրողներին տված հարցազրույցից:

Շթայնմայերը կորած չի համարում Գերմանիայի նախագահած տարինՙ Ղարաբաղում ապրիլյան պատերազմի լայնածավալ դառնալը կանխելը Գերմանիայի դիվանագիտական հաջողություն ներկայացնելով:

Անդրադառնում է սառեցված մեկ ուրիշ հակամարտությանՙ Մերձդնեստրյանի պարագայում էլ ԵԱՀԿ փոքր հաջողություն է գրանցելՙ տարիներ անց բանակցող կողմերը վերսկսել են խոսել: Սա էլ ընդգծում է Շթայնմայերը:

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, Արեւելք- Արեւմուտք զինաթափման մասին որտե՞ղ է խոսվում, եթե ոչ այս կառույցի շրջանակներում, շեշտում է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, ու փորձառու քաղաքական գործչի ասածին չենք կարող հակաճառություն ներկայացնել: Ուկրաինայի թեման գերմանական նախագահությունը փոխանցեց ԵԱՀԿ 2017- ին նախագահող Ավստրիային, բայց այն մնալու է ԳԴՀ ուշադրության առանցքում, ինչպես Ռուսաստանի հետ առնչվող յուրաքանյուր հարց, այդ թվում նաեւՙ Սիրիայի ապագան:

Ռուսաստանի հետ առնչվող հարց է նաեւ Ղարաբաղյան հակամարտությունը: Հունիսին հենց դա ընդգծեց կանցլեր Մերկելը Իլհամ Ալիեւի հետ հանդիպման առիթով մամլո ասուլիսին: Նա էլ դեմքի դժկամ արտահայտությամբ ունկնդրեց Ալիեւի ռազմաշունչ հռետորաբանությունը, բայց ուղղումներ չարեց, թե ապրիլին ո՛վ էր պատերազմ հարկադրում: Շթայնմայերն էլ ասաց` գիտի, բայց անուն չի տա: Մարդու իրավունքները ոտնահարող Ադրբեջանի մասին գերմանական մամուլն էլ ինչքան գրի, լրագրողները գերմանացի պաշտոնյաներին զգոն են պահում, նրանք էլ այսպե՛ս են Ադրբեջանի հանդեպ իրենց դժգոհությունն ընդգծումՙ նախադասությունն այնպես են կառուցում, որ մեկի համար սպառնալիք լինի, բայց մյուսներըՙ հրապարակը դա չիմանա: Ու Հայաստանում Շթայնմայերի շեշտն այնպես ենք ներկայացնում, ասես մեզ համար էլ դիվանագիտական հաջողություն է: Չասենք քիչ ենք պահանջում, այլ այսպես ձեւակերպենքՙ մեր տեսլականի սահմաններն ենք նեղացրել, ասում ենՙ հաշտվում – համակերպվում ենք : Այնինչ գերմանական լրագրությունը մեզ սովորեցնում էՙ պաշտոնյաներից շատ պահանջել, միգուցե ճիշտ կլիներ, որ Համբուրգից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ասուլիսի հրավիրեր Հայաստանում, Երեւանում հայտնի բոլոր լրատվամիջոցներին, պատասխաներ նրանց մտահոգող հարցերին: Սա արդարացված կլհներ անվտանգության երաշխիքներից զրկված, երկրի պաշտպանությանը նվիրյալ լրագրողների, հետեւաբարՙ այն հանրության համար, որ բարեբախտաբար «փոխզիջումներ» բառը չի ընկալում, երկու պետության, բայց մի երկրի տեր է, չի ըմբռնումՙ ամբողջն ինչպե՞ս բաժանել: ՈՒ սահման է գնում համոզված, որ մեր քարտեզին իր նախորդների գումարածըՙ 5+2- ը դեռ գումարման նշան է պարտադրումՙ որպես անվտանգության միակ երաշխիք:

Հ. Գ.- «Հողի համար պատերա՞զմ պիտի անեք», առաջին անգամ Ղարաբաղի մասին այս հարցն ինձ ուղղեց գերմանացի բժիշկս: Հետո էլի լսեցի: Գերմանացիներից շատերին դեռ երկար պիտի բացատրենք: Համոզված եմՙ 80- ականների զենքի մասին անկեղծ պատմելով դա անհնար է: Ինչպես նաեւ Նոյեմբերյանի սահմանապահ գյուղերից մեկից օրերս խանութում ինձ հանդիպած հայ ընտանիքի անկեղծ խոստովանությամբ, թեՙ այստեղ երջանիկ են. գերմանական իշխանություններին հանձնվելիս երեւի ուրիշ սուտ են պատմել, իսկ ինձ ասացինՙ հոգնել են վառոդի հոտից, ուրախ են, որ իրենց հետ հայ ուրիշ ընտանիքներ էլ կան, Հայաստանի լուրերին չեն հետեւում, գերմաներեն են սովորում, որ մնան: Ծննդյան տոների առթիվ ինձ ծանոթ գերմանացիներին որոշեցի գիրք նվիրելՙ Ղարաբաղի հարցի մասին: Պարզվեցՙ գերմաներեն նման գիրք չկա: Ոչ 80- ականներից առաջ է եղել , ոչ էլ դրանից հետո: Խաղաղության զենք ստեղծենքՙ գրով:

http://azg.am/AM/2016121612

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert