Պղնձաձուլարան Ալավերդիում Հայաստանի հյուսիսում, Լոռի

Պղնձի խտանյութի արտահանման ծավալն աճել է 31.8 տոկոսով

2016թ.-ի առաջին 9 ամիսների տվյալներով  Հայաստանում  ավելացել է հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ոլորտում  գործունեություն ծավալող կազմակերպությունների թիվը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկագրի համաձայն՝ 2016թ.-ի առաջին 9 ամիսների ամփոփ տվյալներով Հայաստանում հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ոլորտում  գործունեություն է ծավալում թվով  74 կազմակերպություն, որն 8-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 2015թ.-ի 9 ամիսների տվյալներով այս ոլորտում գործում էր թվով 66 կազմակերպություն:

Ըստ աշխատակիցների թվի դասակարգման՝ այս տարվա 9 ամիսների տվյալներով գրանցված կազմակերպություններից 47-ը (կամ ընդհանուր թվի 63.5%-ը)  ունի մինչև 9 աշխատող:

Կազմակերպություններից 18-ն ունի 10-50 , 3-ը՝ 50-249 աշխատող: Աշխատակիցների առավելագույն թիվ՝ 250-ից ավելի, ունի Հայաստանի հանքագործական արդյունաբերության ոլորտի ընդամենը 6 ձեռնարկություն:

Հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ոլորտում  գործունեություն ծավալող թվով  74 կազմակերպություններից  մետաղական հանքաքարի արդյունահանում իրականացնում է 9 ձեռնարկություն: Ընդ որում, հետաքրքրական է, որ մետաղական հանքաքարի արդյունահանմամբ հիմնականում զբաղվում են խոշոր կազմակերպությունները. կազմակերպություններից 6-ն  ունի 250-ից ավելի աշխատող:

 

7.1 տոկոս աճ՝ արդյունաբերությունում. ի՞նչ ենք արտադրել ու ո՞րքան

Հայաստանի արդյունաբերությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին  ունեցել է 1 տրլն 42 մլրդ 465 մլն 725 հզր դրամի արտադրանք, որը համադրելի գներով 7.1 տոկոսով ավել է նախորդ տարվա  ցուցանիշից:

 

 

Աճն զգալի է հատկապես մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում՝ 13.8 տոկոս: Արդյունաբերության այս ճյուղում արդյունահանվել է 183մլրդ 198մլն 945հզր դրամ արժողության արտադրանք: Հանքագործական արդյունաբերության ոլորտում աճը կազմում է 10.9 տոկոս, արտադրանքի արժեքն այս տարվա 9 ամիսների տվյալներով՝ 3մլրդ 832մլն 725հզր դրամ:

Մշակող արդյունաբերության ոլորտում աճն ավելի փոքր է՝ 5.6 տոկոս, 2016թ.-ին արտադրանքի արժեքը կազմել է  642մլրդ 996մլն 497հզր դրամ՝ նախորդ տարվա 608մլրդ 691մլն 930 հզր-ի դիմաց:

Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի հաշվին է ավելացել մետաղագործական հանքարդյունաբերության արտադրանքի գումարը, ոլորտի արտադրանքը ներկայացնենք բնեղեն արտահայտությամբ.

Նախորդ տարվա համեմատ ավելացել են կոնվերտորային պղնձի և պղնձի խտանյութի ծավալները. այս տարի արդյունահանվել է 9.104 տոննա կոնվերտորային պղինձ, 2015-ի  8.004 տոննայի դիմաց: Ստացված պղնձի խտանյութի ծավալն աճել է 31.8 տոկոսով. արդյունահանվել է 293.3 հզր տոննա (2015-ին՝ 222.6 հզր): Այսինքն, երկրի ընդերքից  այս տարի դատարկվել է 70.700 տոննայով ավել պղնձի խտանյութ:

8.1 տոկոսով ավելացել է ֆեռոմոլիբդենի ծավալը. այս տարի արդյունահանվել է 4.614 տոննա (2015-ին՝ 4.267 տոննա):

0.5 տոկոս աճ է գրանցվել մոլիբդենի խտանյութի դեպքում՝ 9.790 տոննա (2015-ի՝ 7.933-ի դիմաց):

Մետաղագործական արդյունաբերության մյուս արտադրատեսակների մասով ունենք ծավալների կրճատում: Կտրուկ կրճատվել են ալյումինե հալվածքի, մոլիբդենի բրիկետների, ցինկի խտանյութի, պողպատյա խողովակների ու ձուլվածքների ծավալները:

Ինչ վերաբերում է մշակող արդյունաբերությանը, ապա եթե մի քանի ենթաոլորտներում աճ ունենք, մյուսներում նաև հետընթաց կա:

Համադրելի գների համեմատականում աճ է գրանցվել ծխախոտային   (19.4%), հագուստի( 24.7%), կաշվե (24.1%), ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների (9.6%), համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի (15.4%), էլեկտրական սարքավորանքի (33.5%), կահույքի արտադրության (21.3%) ոլորտներում:

Հետընթացն ակնհայտ է այլ ոչ մետական հանքային արտադրատեսակների, պոլիգրաֆիկական գործունեության, մանագործական, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրության ոլորտներում:

Հայաստանի ամենամեծ հանքավայրը, պղնձա-մոլիբդենային բաց հանքափոր Հայաստանի հարավում, Քաջարանի մոտ, որ շահագործում է Զանգեզուրի Պղնձա-մոլիբդենային գործարանը, որի 75% -ի սեփականատերը գերմանական Քրոնիմետ ընկերությունն է։

Որտե՞ղ է իրացվել արդյունաբերական արտադրանքը

2016թ.-ին իրացվել է արդյունաբերության ոլորտի 1տրլն 19մլրդ 440մլն 411հզր դրամի պատրաստի արտադրանք: Ընդ որում, 84մլրդ 382մլն 632 հզր դրամի արտադրանքն իրացվել է ԱՊՀ, 356մլրդ 676մլն 391հզրը՝ այլ երկրներում:

Ինչ վերաբերում է մետաղական հանքաքարին,  ավելի քան 165 մլրդի արտադրանքից 151 մլրդն իրացվել է այլ երկրներում: ԱՊՀ երկրներում իրացում չի կատարվել: Հետաքրքրական է, որ 2015թ.-ին շուրջ 127 մլն դրամի մետաղական հանքաքար է իրացվել հենց ԱՊՀ երկրներում:

Հանքագործական արդյունաբերության ու բացահանքների շահագործման ճյուղից  իրացվել է  4մլրդ 218մլն 960 հզր դրամի արտադրանք, որից  960 մլն-ն իրացվել է ԱՊՀ, 421 մլն-ը՝ այլ երկրներում:

Մշակող արդյունաբերությունից ստացված 642մլրդ 312մլն 879հզր դրամ արժեքով արտադրանքից 83 մլրդ-ն իրացվել է ԱՊՀ, 187 մլրդը՝ այլ երկրներում:

Մշակող արդյունաբերության արտահանման ծավալներին ըստ ենթաճյուղերի կանդրադառնանք ավելի ուշ:

 

Մշակող արդյունաբերության ծավալները կրճատվում են, հանքագործական արդյունաբերությանը՝ ավելանում


Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ըստ արտադրության բաժինների ամենամեծ մասնաբաժինն ընկնում է մշակող արդյունաբերությանը՝ 61.5%:

18.6%-ն զբաղեցնում է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրությունը: 18.3 %-ը բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, 1.6 %-ը՝ ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ճյուղին:

2015թ.-ին 9 ամիսների համեմատականում մշակող արդյունաբերությունն զբաղեցնում էր ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 63, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի արտադրությունը՝ 17.3,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում ճյուղը՝ 18.1 և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ճյուղը՝ 1.6%-ը:

Եթե ավելի հետ գնանք, 2014թ.-ին մշակող արդյունաբերությունն զբաղեցնում էր ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 65.7, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի արտադրությունը՝ 15, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը՝ 17.9, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ճյուղը՝ 1.4 %-ը:

2013թ.-ին ցուցանիշների հարաբերակցությունը եղել է մշակող արդյունաբերությունը՝ 62.6, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի արտադրությունը՝ 15.8, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը՝ 20.2, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակումը՝ 1.4 %:

Վերը նշված ցուցանիշները հաշվի առնելով, կարող ենք փաստել, որ մշակող արդյունաբերության ճյուղն աստիճանաբար զիջում է իր դիրքերը, իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի արտադրությունը՝ հաստատուն քայլերով զբաղեցնում նոր դիրքեր:

Տաթեւիկ Սարգսյան

Գայանե Սարգսյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert