Մարատ Ուելդանով-Գալուստեանի ձերբակալութիւնից անգամ մէկ ու կէս ամիս անց ՌԴ դեսպանութեան աշխատակիցները դեռ չեն այցելել Բաքուի մեկուսարանում գտնուող իրենց քաղաքացուն:
Ռուսաստանի քաղաքացի, հայկական ծագումով Մարատ Ուելդանովը Յունիսի 9ից գտնւում է Ադրբեջանի ազգային անվտանգութեան մեկուսարանում: Նա կասկածւում է ծանր յանցագործութեան մէջ, որը համապատասխանում է Ադրբեջանի քրէական օրէնսգրքի 234րդ յօդուածի երկու կէտերի յատկանիշներին՝ մեծ քանակութեամբ թմրանիւթ ձեռք բերելը եւ տարածելը:
Ուելդանովի հայրական ազգանունը Գալուստեան է, նա ծնուել է Բաքւում, ապրում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացի է: Հարազատների պնդմամբ, երբեք չի եղել Հայաստանում:
Ուելդանով-Գալուստեանի գործի շուրջ վերջին օրերին ակտիւ քննարկումներ են ծաւալուել սոցիալական ցանցերում: Այդ քննարկումների շրջանակներում օգտատէրերից մէկն անգամ հրապարակել էր Բաքւում ՌԴ դեսպանութեան՝ Մարատ Ուելդանովի հարազատներին ուղղուած պատասխանը, ինչը յատկապէս մեծ աղմուկ էր յարուցել: Դրանում, մասնաւորապէս, նշուած էր, որ գործի հանգամանքների պարզումը բարդացել է նրա «հայկական ծագման» պատճառով:
«Ազատութիւնը» պարզաբանումների համար երէկ դիմել է Ռուսաստանի արտգործնախարարութիւն, պատասխան դեռ չկայ: Մարատի քոյրը՝ Ռուսաստանի քաղաքացի, Կրասնոդար քաղաքի բնակիչ Մարիանա Միրզոյեանը «Ազատութեան» հետ զրոյցում նշեց, որ մեղադրանքը որեւէ կապ չունի իր եղբօր հետ, եւ իրականում նրան ձերբակալել են հէնց «հայկական ծագման համար»:
«Աշխատանքի բերումով եղբայրս յաճախ էր մեկնում Բաքու, անցած տարի նա մասնակցել է համաեւրոպական խաղերի կազմակերպման գործերին եւ բազմիցս է հատել Ադրբեջանի սահմանը, սակայն որեւէ խնդիր մինչ այս Յունիս չէր ունեցել: Մարատը ծնուել է Բաքւում, նա թաքցնում էր իր հայկական ծագումը եւ նոյնիսկ նրա ադրբեջանցի գործընկերները նրա իրական ծագման մասին չգիտէին: Ռուսաստանցի կոլեգաներն, ի հարկէ, գիտէին, բայց ադրբեջանցիները՝ ոչ: Մարատը պէտք է մասնակցեր Բաքւում «Ֆորմուլա-1»ի անցկացման հետ կապուած կազմակերպչական աշխատանքներին», պատմում է Մարատի քոյրը:
Մարիանան ասում է, որ Մարատի ադրբեջանցի բոլոր գործընկերները երես են թեքել նրանից, երբ իմացել են վերջինիս ծագման մասին, ու այժմ չեն էլ փորձում նրան օգնել: «Մեր ընտանիքից եւ ոչ մէկը հայկական ազգանուան պատճառով չի կարող գնալ Բաքու, նա այնտեղ բոլորովին մենակ է: Ես դիմել եմ ե՛ւ Ռուսաստանի արտգործնախարարութիւն, ե՛ւ նոյնիսկ նամակ եմ գրել Ռուսաստանի նախագահին, սակայն, անարդիւնք», ասում է Մարիանան:
Այսօր յայտարարութիւն է տարածել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանութիւնը, որում, մասնաւորապէս, ասուած է, թէ Ադրբեջանի արտգործնախարարութիւնը Յունիսի 23ին նոտա է յղել ՌԴ դեսպանութեանը, որում յայտնել է, որ Ադրբեջանի յատուկ ծառայութիւնները Յունսիսի 9ին ձերբակալել են Մարատ Ուելդանովին՝ թմրանիւթերի ձեռք բերման եւ տարածման կասկածանքով: ՌԴ դեսպանութիւնն, իր հերթին, տարածած յայտարարութիւնում նշում է, որ իրենց է դիմել Ռուսաստանի քաղաքացի Մարիանա Միրզոյեանը: Վերջինս իր դիմումում նշել է, որ իրականում Ուելդանովին Ադրբեջանի անվտանգութեան ծառայութիւնը ձերբակալել է ոչ թէ թմրանիւթերի տարածման, այլ իր հայկական ծագմամբ պայմանաւորուած՝ լրտեսութեամբ զբաղուելու կասկածանքով:
Բաքւում ՌԴ դեսպանութիւնը նաեւ տեղեկացնում է, թէ Միրզոյեանի դիմումը ստանալուն պէս անմիջապէս կապուել են Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ՝ բացատրութիւն ստանալու համար, նաեւ նոտա են յղել Ադրբեջանի արտգործնախարարութեանը: Դեսպանութեան հաղորդմամբ, իրենք Ադրբեջանի իշխանութիւններին են դիմել նաեւ Ուելդանովին այցելելու թոյլտուութիւն ստանալու համար:
Այսպիսով՝ Յունիսի 9ին Ադրբեջանում ծանր յանցագործութեան կասկածանքով ձերբակալում են Ռուսաստանի քաղաքացուն, Յունսիսի 23ին Բաքւում ՌԴ դեսպանութիւնը ստանում է Ադրբեջանի ԱԳՆի նոտան եւ մինչ օրս, այսինքն՝ ՌԴ քաղաքացու ձերբակալութիւնից անգամ մէկ ու կէս ամիս անց, դեսպանութեան աշխատակիցները դեռ չեն այցելել Ադրբեջանի անվտանգութեան ծառայութեան մեկուսարանում գտնուող իրենց քաղաքացուն: Իսկ աւելի վաղ էլ նրա քրոջը՝ Մարիանա Միրոզոյեանին պաշտօնապէս ծանուցել էին, որ նրա եղբօր գործը բաւականին բարդ է՝ «իր հայկական ծագման պատճառով»:
ԱԶԱ ԲԱԲԱՅԵԱՆ