Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը Հայաստան է եկել՝ որպես քաղաքացիական դիտորդ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար:

Ատոմ Էգոյանը լինելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահը, վերջին տարիներին գրեթե չի մասնակցում փառատոնի գործունեությանն ու Հայաստանի կինոստեղծման պրոցեսի աշխուժացման փորձեր չի անում, թեև տարիներ առաջ ուզում էր աջակցել փլատակների վերածված կինոարտադրությանն վերածննդին: Ինչպես ինքն է ասում՝ իր խորհորդները տարածում չստացան:

Բայց հիմա էլ նա նրբանկատորեն ուզում է հուշել, որ ազգային կինեմատոգրաֆի կայացումը չի ստացվի հիմնավորել կոմերցիոն կինոյով: Կինոն զգայուն ու ներքին ուժ պահանջող անհատների գործ է, իսկ համակարգը պետք է այնպես գործի, որ այդ անհատները լավ կրթություն ստանան ու չմնան անտեսանելի:

 

Վերջին տարիներին մերժում եք «Ոսկե ծիրան» փառատոնի հրավերը ու չեք գալիս Հայաստան, բայց ընտրություններին մասնակցելու եկաք: Դա ավելի նախընտրելի՞ առիթ է:

Այո, նպատակս ընտրություններն են: Նախ՝ սիրում եմ այս երկիրը, և հետո զգում եմ, որ այս երկրի հստակ ուղղությունը կապված է դեմոկրատական գործընթացները հստակեցնելու հետ: Եվ շատ կարևոր է հասկանալ, որ դա երկարատև պրոցես է և այն կապված է ոչ միայն այս ընտրությունների հետ, այլև աջակցելու, որ մարդիկ գիտակցեն, թե իրենք քվեարկության պրոցեսի մի մասն են: Հարկավոր է ներգրավվել ընտրության պրոցեսի մեջ, քանի որ դա ոչ այնքան կառավարության ձևավորման խնդիր է, որքան երկրի ապագայի, որը կայանում է անհատական ձայների միջոցով:

Իմ բազմաթիվ այցելությունների ընթացքում նկատել եմ խորացող ապատիան, անտարբերությունը: Մարդիկ հաճախ մտածում են՝ ինչ լինելու է, թող լինի:

Իրականում, այդպես չէ: Դուք կարող եք փոփոխություններ անել, պարզապես հարկավոր է ներգրավված լինել:

Ահա թե ինչու եմ այստեղ: Ուզում եմ ոգևորել մարդկանց:

Ես իրապես հավատում եմ Հայաստանին:  Հավատում եմ, որ այս երկիրն ավելի ուժեղ դարձնելու եզակի ու հազվագյուտ հնարավորություն ունենք: Մենք խելացի, հմուտ, ճկուն ժողովուրդ ենք: Պետք է մնալ այստեղ, հույսով, թե ինչպես ենք ապագայում ներկայացնելու այս երկիրը:

Շատ մարդկանց եմ հանդիպում, որոնք հեռանում են երկրից, և դրսում կառուցում  Հայաստանը: Իսկ դա սխալ մտածելակերպ է, մոլորություն:

Մեր Հայաստանն այստեղ է: Եվ պետք է օգտագործենք մեր ողջ ներուժը՝ հստակեցնելու այն ամենն, ինչն ունենք: Իսկ դա անելու առաջնային քայլը քաղաքացիական պատասխանատվությունն է:

 

Կինոյում հաճախ եք անդրադառնում հիշելու ու մոռանալու ներքին ռիթմին: «Հիշել»  ֆիլմում հերոսը նույնպես մոռանալու ու հուշերի բեռի տակ կորչելու վտանգի տակ է: Ամնեզիան ու հիշելու պատրաստ լինելը կարծես շատ արդիական թեմա է ժամանակից կինոյում:

Ինձ համար կինոյի ամենահզոր բնութագրիչն այն է, որ կինոն գոյություն ունի որպես անմիջական հիշողություն: Այն պահին, երբ դիտում ենք ֆիլմ, պատկերները պրոեկցիան են լինում մեր գիտակցության մեջ և մենք արձագանքում ենք դրանց թե՛ ներկայում և թե՛ միաժամանակ անցյալում:

Կինոն միաժամանակյա երկխոսություն է: Եվ միշտ գործ ունի հիշողության մեքենայի հետ: Ֆիլտրում է մեր սեփական պատմությունը՝ ենթագիտակցության, վերապրած տարբեր փորձառության միջոցով:

Ֆիլմ դիտելով, փորձում ենք հասկանալ ինքներս մեզ՝ ընդունելով կինոն որպես գեղեցիկ ու բնական միջնորդ, որը միանգամից է փոխանցում մեզ իրականությունը՝ դարձնելով այն մեր մի մասն ու ներկան:

Այո, շատ ֆիլմերում փորձում եմ ուսումնասիրել հուշերի փոխահարաբերությունները անհատական, ընտանեկան, պատմական մակարդակներում:

«Հիշել» ֆիլմում ինձ հետաքրքրել են պատմական հիշողությունները, արդարությունը, և այն հարցը, թե ինչպես կարելի արդարություն գտնել, երբ հիշողությունը մթագնած է: Ինչպես պահանջել արդարություն, երբ ոճրագործը մոռացել է իր հանցագործությունը:

Որպես հայ հետաքրքրված էի հրեական իրավիճակով, քանի որ Հոլոքոստը  ճանաչված է աշխարհում և բոլորը գիտեն կատարվածի մասին: Հրեաները կարիք չունեն ապացուցելու պատմական իրողությունը, բայց միևնույն է, գոյություն ունի ցասումն ու արդարության խնդիրը: Ասենք, ի՞նչ անել հանցագործների հետ, ինչպե՞ս պատժել նրանց:

Դրանք շատ կարևոր ու մտահոգիչ հարցեր են, բայց կարծում եմ, կինոն ֆանտաստիկ միջոց է՝ դիտողին երկխոսության մեջ ներգրավելու համար:

Իհարկե գոյություն ունի անհատի փորձը, անհատի հիշողությունը, բայց նաև կա ազգային մշակութային հիշողություն:

Երբ «Արարատը» ցուցադրում էինք Ճապոնիայում, ճապոնացի լրագրողների հետ, որոնք շատ տպավորված էին, խոսեցինք ժխտման մասին: Ճապոնացիները ժխտում  են չինական Նանչինգի ջարդերը, և Չինաստանի համար դա ցավագին հարց է:

Սովորաբար, մարդիկ չեն խոսի, եթե նրանց չդրդես: Արվեստն ու արվեստի մարդիկ նման երկխոսություն խթանելու, երբեմն նաև սադրելու, պատիվ ու առավելություն ունեն:

 

Բայց երբեմն մարդուն անհրաժեշտ է մոռանալ՝ դիմակայելու համար:

Չեմ կարծում, որ դիմակայելու համար անհրաժեշտ է մոռանալ, ավելի շուտ՝ ճկուն հարմարվել, երբեմն նաև թաքցնել հուշերը ենթագիտակցության մեջ:

«Հիշել» ֆիլմում, օրինակ, կա տարբերություն ժխտման եթնարկված հուշերի ու զսպված հուշերի միջև: Եթե երկար ժամանակ մի բանը ժխտում ես, ի վերջո, սկսում ես հավատալ, որ դա տեղի չի ունեցել: Դա է իրականությունը: Բայց դա չի նշանակում մոռանալ, դա նշանակում է ներբեռնել հուշը ենթագիտակցության մեջ:

Ոչինչ երբեք չի մոռացվում, քանի դեռ որևէ մեկը որևէ վայրում հիշում է դրա մասին: Որպես անհատ կարող եք մոռանալ որոշ բաներ, բայց եթե դրանք հիմնված են մշակույթի վրա, միևնույն պահպանվելու են:

Զարմանալի է, որ ես քայլերով Երևանում, տեսա Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների լուսանկարները, որոնք ցույց էին տալիս, թե ինչպիսին էր իրավիճակը մինչ և հետո: Իմ նախնիներն Արաբկիրից են, և ինձ հետաքրքիր էր տեսնել Արաբկիրի վանքի լուսանկարները՝ անցյալում և ներկայում: Հիմա վանքը չկա, այսինքն, ոչինչ չի մնացել նախկին կառույցից, բայց այն պահպանվել է պատկերներում: Շատ հուզիչ էր տեսնել իմ պապերի հայրենի գյուղի վանքի պատկերը: Գյուղի ոչ մի բնակիչ այլևս չի հիշում վանքը, այն վաղուց մոռացված է, բայց փաստն այն է, որ Երևանի այգում կա պատկեր, որը դեռ հիշում է: Իսկ դա նշանակում է, որ հիշողությունը փաստացի դեռ կա:

 

Բայց արդյո՞ք դա մանիպուլյացիա չէ:

Հիշողության պահպանման տեսանկյունից մանիպուլյացիա չի, բայց եթե խոսենք քաղաքական օրակարգի մասին, իհարկե կընդունենք, որ կան պրոպագանդիստական դրդապատճառներ, որոնք, անշուշտ, մանիպուլյատիվ են:

Բայց մանիպուլյացիայի ենթարկվում է նաև ընտանեկան հիշողությունը, և դա շատ  հետաքրքիր թեմա է: Բայց հիշելն ինքնին ոչ թե մանիպուլյատիվ, այլ բնական պրոցես է:

Հուշերն ավելի շուտ աբստրակցիաներ են, ոչ թե մանիպուլյացիաներ:

Բայց իշխանությունները և ընդհանրապես մարդիկ, որոնք վերահսկում են, հակված են մանիպուլացնելու իրականությունը՝ ծառայեցնելով իրենց օրակարգին: Եվ հաճախ անհատները, ընտանիքի անդամները, քաղաքացիները պիտի փորձեն բացահայտել այդ մանիպուլյացիները, վերանայել և իրերը կոչել իրենց անուններով:

 

Իսկ ինչու՞ է հայկական կինոն թույլ և անառողջ:

Առաջին հերթին՝ շատ դժվար է ունենալ ամբողջական, մրցունակ ազգային կինեմատոգրաֆ:

Դիտելով շատ ֆիլմեր ու աշխատելով տարբեր կինոփառատոնների ժյուրիի կազմում, կարող եմ ասել, որ լավ կինոստեղծողներ երբեմն հայտնվում են, բայց ուժեղ ազգային կինո կա քիչ երկներում, օրինակ, Իրանում, Չինաստանում, Ռումինիայում:

Վստահ չեմ, որ Հայաստանում ունենք անհրաժեշտ կրթական համակարգ՝ ուսուցիչներ ու դպրոցներ, որոնք ունակ են ոգևորել ուսանողների սերնդին: Եթե, օրինակ, գնաք Ռումինիա ու խոսեք ֆիլմերի հեղինակների հետ, կտեսնեք, որ բոլորն ունեն ուսուցիչներ, որոնք աջակցել ու ոգևորել են նրանց:

Ես բավարար կերպով չգիտեմ, թե ինչ է կատարվում Հայաստանի կինոդպրոցներում, բայց տեսնում եմ, որ խնդիրներ կան: Իրականում, անգլիական Կանադայում մենք նույն պրոբլեմներն ունենք, քանի որ շատ մեծ երկրի՝ ԱՄՆ-ի, կողքին ենք և միշտ փորձում ենք նմանակել ու հաճոյանալ ԱՄՆ-ին:

Հայաստանում դուք գտնվում ենք Ռուսաստանի կողքին, և որոշակի հարաբերություններ ունեք ռուսական կոմերցիոն կինոյի հետ: Եվ հաճախ փորձում եք նավարկել այդ իրավիճակում:

Տարիների առաջ դրա մասին խոսել եմ նախագահ Քոչարյանի հետ՝ ներկայացնելով այն փաստը, որ եթե շատ փող եք ներդնում մի քանի խաղարկային ֆիլմերի արտադրության ու տարածման համար (ինչը և տեղի է ունենում Հայաստանում), հարկավոր է նաև մեծ գումարներ ներդնել՝ ստեղծելով հատուկ հիմնադրամ, որը կհայտնաբերի ֆիլմ ստեղծողներին, օգտագործելով նոր թվային տեխնոլոգիաները:

Պետք է ջանք գործադրել ու իսկապես փորձել ստեղծել այնպիսի մոտեցում, որը կտրականապես տարբեր է Մշակույթի նախարարության այսօրվա մոտեցումից:

Բայց իմ առաջարկները երբեք տարածում չգտան:

Հայաստանում դեռ կարծիք կա, որ հնարավոր է գումար ներդնել կոմերցիոն կինոյի մեջ ու օգտագործելով դրա էֆեկտն ու միահյուսելով նպատակները՝ հաջողության հասնել: Բայց այդ ճանապարհով երբեք չի ստացվի ազգային կինո ստեղծել:

Ֆիլմերը պետք է լինեն անձնական, պետք է լինեն անկեղծ: Եվ շատ յուրահատուկ ճանապարհով ծնված:

Նաև հարկավոր է ունենալ տեսլական, որը երիտասարդ ֆիլմ ստեղծողներին սովորաբար փոխանցվում ու ներարկվում է կինոդպրոցների և ուսուցիչների միջոցով:

Նախագահ Քոչարյանին հենց դա էի փորձում բացատրել: Նա ասաց բավականին զարմանալի բան: Ասաց, որ մեզ նոր Ֆելինիներ ու արթ-սինեմա պետք չի: Եվ եթե հիմա էլ կա տեսակետ, թե դա անցյալի կինեմատոգրաֆ է, ուզում եմ, որ հասկանալի լինի՝ իմ ասածն արթ-սինեմա չէ, այլ կինոյի տեսակ, որը սկիզբ է առնում շատ յուրահատուկ անձնական աղբյուրից: Կինոյի հենց այդ տեսակն է ունակ լինելու միջնորդ:

Եթե տեսախցիկը կառավարում է մի մարդ, որն իրոք խորը և ուժ պարունակող զգացմունքներ ունի, վստահ եղեք, որ իր զգացմունքները կանցնեն տեսախցիկի ապակիների միջով ու իրենց պրոեկցիան կգտնեն դիտողի մոտ: Դա չափազանց մոգական ու ուղղիղ ձգվող պրոցես է: Կինոստեղծման այդ պրոցնեսը նվազագայուն միջամտությամբ է արվում, ինչի շնորհիվ էլ դառնում է ազդեցիկ:

Իսկ երբ կա պետական օրակարգ կամ երբ փորձում ես միևնույն ժամանակ շատ բան բացատրել (ասենք, ինչու անպայման պետք է կոմերցիոն հաջողություն ունենալ), որոշակի խաթարում է տեղի ունենում:

Իրականում շատ ռեժիսորներ լավ գիտակցում են, թե որն է զանգվածային ճաշակը: Բայց անձամբ ես դա չեմ հասկանում, ես պոպուլյար ֆիլմեր ստեղծող չեմ: Իմ ամենապոպուլյար ֆիլմն իմ ամենասիրելի ֆիլմը չէ:

«Քլոյե՞»

Բոլորը տեսել են «Քլոյե»-ն ու բոլորը սիրում են այն: Մի քանի օր առաջ Չինաստանում էի, ու բոլորն ուզում էին ինձ հետ խոսել միայն «Քլոյե»-ի մասին: Մտածեցի՝ Աստված իմ, ինչու՞ է այդպես, չէ՞ որ դա իմ լավագույն ֆիլմը չէ:

Իրականում, երբեք չգիտեք, անգամ գաղափար չունեք, թե որ ֆիլմը կընկալվի որպես կոմերցիոն: Եվ արժե հրաժարվել կոմերցիոն հաջողություն ունեցող ֆիլմեր նկարահանելու մտքից, քանի որ այդ մոտեցումը չի աշխատում:

Կինոն որպես ցանկացած արվեստի տեսակ պետք է բացարձակապես անկեղծ լինի, ու տարբեր թելերով կապված լինի հեղինակի ոգու հետ:

Կինեմատոգրաֆի կայացումը երկարատև պրոցես է, իրավիճակը չի փոխվի մեկ գիշերվա ընթացքում և մեկ որոշմամբ: Այն ժամանակ երբ խոսում էի նախագահ Քոչարյանի հետ (13-14 տարի առաջ), զգում էի, որ Հայաստանում հարմար պահ ու նպաստավոր մթնոլորտ էր, որը հնարավորություն էր բացում անձնական հիմքի վրա կինո ստեղծելու:

Եվ եթե անկեղծ լինենք, ապա կինոյի հենց այդ տեսակն է առավելագույնս մրցունակ աշխարհի կինոփառատոններում:

 

Շարունակությունը տես՝ http://hetq.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert