Զրուցակիցս գերմանուհի է, զրույցը` հայերեն, ինչը շատ ոգևորիչ է ոչ միայն ինձ համար, այլև նրա` ճարտարապետ Մարգրեթ Բյունեման-Հախնազարյանի: Հենց Հախնազարյան ազգանունն էլ պատճառ է դարձել, որ գերմանուհին հայերեն սովորի. նա անվանի ճարտարապետ Արմեն Հախնազարյանի կինն է:
Մարգրեթն ու Արմենը 1960-ականների վերջին ծանոթացել են Գերմանիայում, որտեղ երկուսն էլ սովորում էին Աախենի Հռենոս-Վեստֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարագիտության ֆակուլտետում:
1968 թ. նրանք ամուսնանում են և որոշ ժամանակ Գերմանիայում ապրելուց հետո տեղափոխվում Իրան` ամուսնու ծննդավայր: Արմեն Հախնազարյանի հայրը` ագուլիսցի լեզվաբան, դոկտոր Հովհաննես Հախնազարյանը, Ցեղասպանության վերապրողներից էր, որի ընտանիքը 1915 թվականին կոտորվել էր: Հովհաննեսը, սովորելով Պրահայի Կառլովի համալսարանում և ստանալով լեզվաբանության դոկտորի կոչում, հաստատվել էր Թեհրանում և ողջ կյանքը նվիրել կրթադաստիարակչական աշխատանքին:
Տիկին Մարգրեթը հպարտությամբ ու սիրով է խոսում ոչ միայն ամուսնու` Արմեն Հախնազարյանի, այլև նրա ընտանիքի մասին, հուզմունքով պատմում ամուսնու հոր ոդիսականը, թե ինչպես է Ցեղասպանության ժամանակ փրկվել և կարողացել վերապրել ու վերընձյուղվել: Իսկ ամուսնու` Արմենի մասին կարող է խոսել ժամերով, քանի որ նա հայկական մշակույթի բացառիկ նվիրյալներից էր:
Ճարտարապետ Արմեն Հախնազարյանի նպատակն էր հնարավորինս խորանալ հայկական ճարտարապետության ուսումնասիրման մեջ, քանի որ նա կարծում էր, որ դարերով զարգացած և հաճախ հարևան ու այլ երկրների շինարվեստի վրա ազդած հայ ճարտարապետության համապատասխան ճանաչողություն չկա:
Արմեն Հախնազարյանը զբաղվել է հայկական հին վանքերի ուսումնասիրությամբ դեռևս 1968 թվականից, երբ չափագրել է Արտազ գավառի Սբ. Թադևոսի վանքը: 1970-ական թվականներին դեպի Արևմտյան Հայաստան 6 գիտարշավ է կազմակերպել, յուրաքանչյուրը՝ շուրջ երկամսյա տևողությամբ: Ավելի ուշ թուրքական իշխանությունները նկատում են նրա ակտիվությունը, և նա զրկվում է գիտարշավներին անձամբ մասնակցելու հնարավորությունից, սակայն մինչև կյանքի վերջը շարունակում է կազմակերպել գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան, Փոքր Հայք և Կիլիկիա։
Տիկին Մարգրեթը հիշում է, որ երբ ամուսինն այլևս չէր կարող անձամբ ներկա լինել գիտարշավներին Արևմտյան Հայաստանում, ինքն է խմբերի հետ գնացել: «Կինս` կյանքիս անբաժան ընկեր Մարգրեթ Բյունեման-Հախնազարյանը, տարիներ շարունակ մշտապես մասնակցել, հովանավորել է հայ ճարտարապետության ուղղությամբ տարվող գործունեությունս և աջակցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հիմնադրմանը: Երբ ինձ «որպես անցանկալի անձի» Թուրքիա ճամփորդելն արգելվեց, նա մասնակցեց 4 գիտարշավի ` լինելով Շապին Գարահիսարից մինչև Համշեն ու Խոտորջուր, փնտրելով հայ անցյալին կապող հետքերը: Ես երախտապարտ եմ նրան»,- գրել է Արմեն Հախնազարյանը:
Տիկին Մարգրեթը հուզմունքով է վերհիշում այդ գիտարշավները: Հիշում է, որ հաճախ այդ ամենը գաղտնի էր արվում, և երբ թուրքերը հետաքրքրվում էին, թե ինչ են իրենք փնտրում այն կողմերում, ասում էին, թե պարզապես հին տներն են ուսումնասիրում, բայց իրականում ամեն տեղ հայկական հետք էին որոնում: «Համշենում մի սիրուն կին կար աղջկա հետ, համշեներեն էին խոսում, հետո մեզ խնդրեցին, որ ոչ ոքի չասենք, որ իրենք համշեներեն են խոսել: Այսինքն՝ իրենք թաքնված հայ էին: 1900-ականներից մնացած հայկական տներ կային, որոնք այնքան սիրուն էին: Ես պլանը վերցրել եմ, հույս ունեմ՝ մի օր կգծագրեմ»:
Մինչև 1989 թվականը Արմեն Հախնազարյանն ու կինն ապրել են Իրանում, հետո տեղափոխվել են Գերմանիա, սակայն Հայաստանի անկախացումից հետո հատկապես Արմեն Հախնազարյանը կյանքի մեծ մասն անց է կացրել Հայաստանում:
Նրա գործուն մասնակցությամբ վերականգնվել են մի շարք պատմական հուշարձաններ. Իրանում` Վանաքի Սբ. Սարգիս և Թեհրանի Սբ. Գևորգ եկեղեցիները, Դարաշամբի Ստեփանոս Նախավկա և Թադեոս Առաքյալի և Ծործորի վանքերը, Արցախում` Քարինտակ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին և Դադի վանական համալիրի տարբեր շինությունները, Սյունիքում` Տաթև, Դավիթբեկ գյուղերի եկեղեցիները, Սաղմոսավանքը, Ուշիի Սբ. Սարգիս վանքի միանավ եկեղեցին և այլն: 1996-97 թթ. Հախնազարյանը մասնակցել է նաև Քեսաբի շրջանում երկու եկեղեցու և բնակելի շենքերի վերականգնման աշխատանքներին:

Ապրելով Գերմանիայում` նա չափազանց կապված է ոչ միայն հայկական մշակույթին, այլև Հայաստանին: Այստեղ նա իր սիրած տունն ունի, որը ամուսինը կառուցեց, բայց չհասցրեց վայելել՝ 2009 թ. ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռանալով: Սակայն Մարգրեթը տարվա մեջ գոնե երկու անգամ 1-2 ամսով գալիս է, ապրում այս տանը, որտեղ ամեն ինչ այնքան հայկական է, այնքան գեղեցիկ ու ներդաշնակ: Դուստրերը նույնպես կապված են Հայաստանի հետ և հաճախ են գալիս: Իսկ տիկին Մարգրեթի համար Հայաստանը միայն ամուսնու հայրենիքը չէ, այլև իր երեխաների, իր հայրենքն է, որի պատմությունն ու մշակույթը պաշտպանելու, աշխարհին ներկայացնելու գործում ավանդ ունի նաև ինքը: