105 պատգամավոր, որից 4-ը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, 18-ը՝ կին

Քաղաքագետ. «Ռեյտինգային ընտրակարգով անցածների մեծ մասը ապաքաղաքական տարրեր են»

Մայիսի 3-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվեց ապրիլի 2-ին կայացած ԱԺ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի կազմը: Ըստ հրապարակված տվյալների նորընտիր     Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր՝ նախկին 131-ի փոխարեն:

Ըստ այդմ խորհրդարան անցած քաղաքական ուժերից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 58, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 7, «Ելք»  դաշինքը՝ 9, «Ծառուկյան»  դաշինքը 31 մանդատ:

ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն 58 մանդատներից 31-ն ստացել է համապետական, 27-ը՝ տարածքային ցուցակներով:

Ձայների քանակով երկրորդ տեղն զբաղեցնող «Ծառուկյան»   դաշինքի մանդատներից 16-ն ստացվել են տարածքային, 15-ը՝ համապետական ցուցակներից:

«Ելքն»  իր 9 մանդատներից 4-ն ստացել է տարածքային, 5-ը համապետական ցուցակների հաշվին: ՀՅԴ-ի 7 մանդատներից 3-ը տարածքային, 4-ը՝ համապետական ցուցակներով է:

Ազգային ժողովում ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունները կունենան 4 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը՝ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, ասորի Արսեն Միխայլովը և քուրդ Կնյազ Հասանովը ՀՀԿ խմբակցության կազմում են, իսկ ազգությամբ ռուս  Տատյանա Միքայելյանը՝ «Ծառուկյան»  դաշինքի կազմում:

ՀՀԿ-ի 58 մանդատներից կանանց բաժին հասել 8-ը կամ 14 %-ը: «Ծառուկյան»  դաշինքի 31 մանդատից 7-ը` 22.5 %-ը, «Ելքի»   9 մանդատից՝ 2-ը՝ 22-%-ը, ՀՅԴ-ի 7 մանդատից 1-ը՝ 14 %-ը: Այսինքն, քաղաքական ուժերից և ոչ մեկը խորհրդարանում կանանց 25 տոկոսի չափով ներկայացվածություն չի ապահովել: Այդուհանդերձ, կանանց թիվը նախորդ խորհրդարանի համեմատ  զգալիորեն ավելացել է. նախկին 10%-ի փոխարեն այս անգամ Ազգային ժողովի կազմում կանայք կկազմեն 17% (18 կին):

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը սա բավարար ցուցանիշ  չի համարում.

«Եվրոպական քաղաքական պրակտիկայի հետ համեմատած սա բավականին ցածր ցուցանիշ է Հայաստանի համար և ցույց է տալիս, որ հայ հասարակության մեջ կանայք պետք է շատ ավելի ակտիվ լինեն ու շատ ավելի տեղ ունենան մեր քաղաքական կյանքում, որովհետև մեր քաղաքական դաշտը իր բոլոր թեևրություններով հանդերձ ցույց է տալիս, որ կանանց զգալի մասը խաղում է  չափազանց կոնտրուկտիվ:Առկա 17 տոկոսն, ինչ խոսք, չի արտահայտում հայ կանանց պոտենցիալը»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց քաղաքագետը:

Ինչպես և ենթադրվում էր, ԱԺ ընտրությւնների արդյունքում ռեյտինգային կամ տարածքային ցուցակներով մանդատներ ստացան առավելապես տղամարդիկ: Կանայք հիմնականում  չդիմացան  գործարար, մեծահարուստ տղամարդկանց հետ մրցակցությանը: Ընտրությունների արդյունքում տարածքային ցուցակներով ԱԺ-ում հայտնվեց ընդամենը 1 կին՝ «Ելք»  դաշինքը ներկայացնող, թիվ 1 ընտրատարածքի տարածքային ցուցակից, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Մանե Թանդիլյանը:

Պատճառն ըստ քաղաքագետի այն էր, որ Հայաստանի քաղաքական դաշտը շարունակում են մնալ դեֆորմացված:

«Ռեյտինգային ընտրակարգով անցածների մեծ մասը ապաքաղաքական տարրեր են, որոնք կապ չունեն քաղաքականության հետ և չեն էլ ունենալու: Նրանք մտել են քաղաքականության մեջ որպես բիզնես, լուծելու սեփական հարցերը: Ռեյտինգային ընտրակարգը հիմնականում իր մեջ ներգրավեց այն անձանց, ովքեր իրենց ընտրության համար հանդես եկան ոչ թե քաղաքական փաստարկներով, այլ գործադրեցին միանգամայն այլ՝ ոչ քաղաքական լծակներ. ադմինիստրատիվ ռեսուրս և ինչպես միջազգային դիտորդները նշեցին՝ «կան հավաստի տեղեկություներ, որ լայնորեն կիրառվել է նաև  ընտրակաշառք»:  Եվ դա արել են հիմնականում ռեյտինգային թեկնածուները: Եվ  կանայք, բնականաբար, պետք է այդ ամենից, այդ խաղից դուրս մնային: Օլիգարխները տղամարդիկ են, մերձօլիգարխիկ շրջանակները ևս ներկայացնում են տղամարդիկ, թաղային հեղինակությունները ևս տղամարդիկ են, այսինքն՝ դա կանացի կոնտինգենտ չի այսպես ասած»,- պարզաբանում է Ռ. Մեհրաբյանը:

Ի դեպ, մինչ մանդատներ ստացածների ամբողջական ցանկի հրապարակումը մայիսի 2-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացրած թեկնածուների ցանկը: Ըստ այդ ցանկի ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել ՀՀԿ-ից 9, ՀՅԴ-ից 3 և«Ծառուկյան»  դաշինքից 23 մարդ:

Եթե ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի դեպքում ինքնաբացարկ ներկայացնողների անունները շատերի համար սպասելի էին,  ապա «Ծառուկյան»  դաշինքից ինքնաբացարկի դիմումներ ներկայացրածների ցանկը աժիոտաժ առաջացրեց ոչ միայն լրատվամիջոցների, այլև հասարակության շրջանում: Կրքերն ավելի թեժացան, երբ ցանկի հրապարակումից հետո լրագրողները կապ հաստատեցին ցանկում ներկայացված անձանց հետ:  Տարբեր լրատվամիջոցների լրագրողների հետ  զրույցների ընթացքում ինքնաբացարկի դիմում ներկայացրածներից մի քանիսը հերքեցին դիմում գրելու ու մանդատից հրաժարվելու փաստը, ինչն ավելի խորացրեց հետարքրությունը հարցի նկատմամբ:Նրանք նշում էին, որ ինքնաբացարկի դիմում ներկայացված լինելու մասին իմացել են մամուլում տեղ գտած հրապարակումներից ու չգիտեն, թե ինչպես են նման դիմումներ հայտնվել ԿԸՀ-ում:

Վերջիններս հնարավորություն ունեին մինչ մայիսի 3-ին ժամը 15:00-ին կայանալիք կենտրոնական ընտրական հանձնոժողովի նիստը ներկայանալ ու հետ վերցնել իրենց դիմումները:

«Ծառուկյան»   դաշինքից ստացված 23 ինքնաբացարկ ներկայացարածներից նշված օրը ԿԸՀ ներկայացան 12-ը՝ Նապոլեոն Ազիզյանը, Վահան Կարապետյանը, Արարատ Զուրաբյանը, Խաչիկ Մանուկյանը, Ալիկ Եղիկյանը, Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը և Հարություն Ղարագյոզյանը կրկին դիմել են ԿԸՀ՝ իրենց անունից ներկայացված ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարելու համար։

Նրանցից 8-ին՝ առավել շատ ձայն ստացածներին ու ավելի առաջատար հորիզոնականներում գտնվողներին ԿԸՀ-ի որոշմամբ մանդատներ տրվեցին: Նրանք են Նապոլեոն Ազիզյանը, Վահան Կարապետյանը, Արարատ Զուրաբյանը, Խաչիկ Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արթուր Մանուկյանը:

«Քաղաքական այս միավորումը բացարձակապես չունի քաղաքական բովանդակություն և արժեքային դեմք: Այստեղ միավորված են բացառապես Ծառուկյան անձի և նրա հնարավորությունների՝ հիմնականում ֆինանսական հնարավորությւնների  շուրջ,- նշում է քաղաքագետ Ռ. Մեհրաբյանը, «Ծառուկյան»   դաշինքի անդամների ինքնաբացարկի հետ կապված վերջին զարգացումները մեկնաբանելով այսպես,-  տեղի ունեցածը ցույց է  տալիս, թե ինչ զզվելի բարքեր են տիրում Հայաստանի քաղաքական դաշտում, ցույց է  տալիս, որ քաղաքական ուժերի ղեկավարները իրենց թիմակիցներին կարող են դիտարկել որպես իրենց սեփականություն և համարել, որ նրանք պետք է հետևեն իրենց ցանկացած քմահաճույքին» :

Ազգային ժողովի անդրանիկ նիստը կկայանա մայիսի 18-ին:

 

 

 

 

Տաթևիկ Սարգսյան


 


 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert