Քվեարկությունը տեղի ունեցավ ցածր մասնակցության, բայց և ընտրողների նկատմամբ վերահսկողության պայմաններում. «Անկախ դիտորդ»

Մայիսի14-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 842.151 քաղաքացուց  345.158-ը: Մասնակցության ընդհանուր ցուցանիշը կազմել է 40.99%:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 240.036 ձայն, կամ՝ 71.3 տոկոս,

Ելք դաշինք՝ 70.731 ձայն, կամ՝  21 տոկոս,

Երկիր Ծիրանի կուսակցություն՝ 26.109 ձայն, կամ 7.7 տոկոս:

Անվավեր է ճանաչվել 8.259 քվեաթերթրիկ, կամ 2.4 %-ը:

 

Երեւանի ավագանին բաղկացած կլինի 65 անդամից: Ելք դաշինքն ընտրությունների արդյունքում ստացել է 14 մանդատ: Նրանցից 5-ը կին են: Ավագանու ընտրություններում Ելք դաշինքը Երեւանում 1000-ով ավելի ձայն է ստացել, քան ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ:

Մայիսի 15-ին Ելք դաշինքն ընդունել է ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ դրանք ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում: Դաշինքի կողմից առաջադրված Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ ներկայացրել՝ նշելով, որ աշխատելու է  Ազգային ժողովում:

Ելք դաշինքի կողմից ընտրված ավագանիներն են՝ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Խաժակյանը, Անահիտ Բախշյանը, Աշոտ Աթյանը, Ալեն Սիմոնյանը, Անի Խաչատրյան, Անի Սամսոնյանը, Տիգրան Ավինյանը, Սերգեյ Ղահրամանյանը, Թեհմինա Վարդանյան, Էդուարդ Աղաջանյանը, Հարություն Բաբայանը, Տիգրան Տեր-Մարգարյանը, Զարուհի Բաթոյանը:

 

 

Երկիր Ծիրանի կուսակցությունը չի շտապում ընդունելու ընտրությունների արդյունքները:  

Ընտրական օրը մայրաքաղաքում առանց միջադեպերի չի անցել:  Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այցելել է Ավանում գտնվող ՀՀԿ շտաբերից մեկը եւ պահանջել բացել պահարանները: Փոստանջյանի խոսքով՝ նրան հստակ  տեղեկություններ են հասել, որ այդ շտաբում նախորդ երեկո ընտրակաշառք են բաժանել, եւ որ պահարաններում գտնվում են դրանք վկայող փաստեր: Զարուհի Փոստանջյանին եւ նրա դստերը ոստիկանները բռնի ուժով դուրս են բերել շտաբի տարածքից, փորձել բռնությամբ նստեցնել ոստիկանության մեքենան: Փոստանջյանի դստերը ոստիկանական մեքենայով հեռացրել են տարածքից, սակայն ոստիկանական բաժանմունք հասնել չեն կարողացել:

Դեպքի առնչությամբ ոստիկանությունից հայտնել են, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու անդամի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբից ստացվել է Երևանի ավագանու անդամի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա կողմնակիցների կողմից շտաբի տարածք ապօրինի ներխուժման վերաբերյալ ահազանգ. <<ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի պատրվակով թեկնածուների նախընտրական շտաբներ ներխուժելը, այնտեղ գտնվող անձանց որևէ գործողություն կատարելու պահանջներ ներկայացնելը և խուզարկության փորձերը հանդիսանում են իրավախախտումներ ծնող և դրանց կատարումը սադրող գործողություններ, որոնք կարող են ունենալ քրեաիրավական հետևանքներ>>:

Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել`նշելով, որ հետամուտ է լինելու հանցագործներին պատասխանատվության կանչելու գործում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից մայիսի 17-ին տեղեկացրել են, որ 14.05.2017թ. Երևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի աշխատակիցների և Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքերի առթիվ ծառայությունում հարուցվել են երկու քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Նշված երկու քրեական գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միացվել և քննվում են մեկ վարույթում: Կատարվում է նախաքննություն:

Կուսակցության ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքները:

Մայիսի 16-ին ԵԾ առաջնորդ Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց: Նրա եւ նրա դստեր մոտ ախտորոշվել է սալջարդ եւ ուղեղի ցնցում: Կուսակցության մամուլի պատասխանատու Սոնա Աղեկյանը նշել է, որ առաջիկայում տեղի կունենա կուսակցության լիագումար նիստը եւ պարզ կդառնա՝ Երկիր Ծիրանին ստանձնում է մանդատները, թե ոչ:

Նշենք, որ ընտրությունների արդյունքերով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել է 5 մանդատ: Դրանք վերցնելու դեպքում Երեւանի ավագանու անդամ կդառնան Զարուհի Փոստանջյանը, Մնացական Պարակշիեւը, Սոնա Աղեկյանը, Հայկ Պետրոսյանը, Մարինա Խաչատրյանը:

Ավագանու 46 մանդատ բաժին կհասնի իշխող Հանրապետական կուսակցությանը:

<<Քվեարկությունը տեղի ունեցավ ցածր մասնակցության, բայց և ընտրողների նկատմամբ վերահսկողության պայմաններում>>

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորման, հրապարակել են Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իրականացրած դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը:

 

 

«Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երեւանի 60 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Միաժամանակ ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 5 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված է եղել շուրջ 140 դիտորդ:

Դիտարկված տեղամասերում ձեռք բերված տեղեկությունների համաձայն արձանագրվել է հետեւյալ իրավիճակը:

Քվեարկության ընթացքում տեղամասերի ներսում

  1. Ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու կամ ծրարի մեջ դնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 77%-ում:
  2. Քվեարկության խցիկ մի քանի անձի միաժամանակ մուտքի դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 46%-ում:
  3. Ընտրողների կողմից քվեարկելուց հետո քվեարկության մասին որեւէ մեկին տեղեկացնելու կամ ուղղակի բարձրաձայնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 42%-ում, ընդ որում դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ ընտրողները բարձրաձայնել են ՀՀԿ-ի, Տարոն Մարգարյանի կամ «երրորդ համարի» օգտին քվեարկելու մասին, իսկ երկու դեպքում Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք» դաշինքի օգտին քվեարկության վերաբերյալ:
  4. Ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու եւ այդ տեղեկատվությունը դուրս բերելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 35%-ում: Ընդ որում, դա հիմնականում կատարվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահված անձանց, «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորման եւ «Գեղամա Երիտասարդական Տարածքային Ասոցացիա» ՀԿ-ի դիտորդների կողմից:
  5. Քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն արձանագրվել է դիտարկված տեղամասերի 28%-ում: 4 տեղամասում ներկա են եղել թեկնածուներ, բոլորը՝ ՀՀԿ-ի: Հարկ է նշել, սակայն, որ իրականում քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց իրական թիվն ավելին է եղել, քանի որ տեղամասերում բացահայտվել են «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ի, «Գեղամա Երիտասարդական Տարածքային Ասոցացիա» ՀԿ-ի եւ «Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորման դիտորդական վկայականներով անձինք, ում անունները ԿԸՀ-ի պաշտոնական կայքում տեղադրված ցուցակներում առկա չէին, հետեւաբար նրանք ԿԸՀ-ի կողմից չհավատարմագրված, կեղծ վկայականներով դիտորդներ էին: Ավելին, ԳԵՏԱ ՀԿ-ի դիտորդերի ցանկում որպես դիտարկվող քվեարկության օր նշված է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրը՝ ապրիլի 2, եւ բոլոր երեք կազմակերպությունների ցուցակներում դիտորդների տվյալները թերի են լրացված, ուստի ԿԸՀ-ի կողմից հավատարմագրվել են համապատասխան կարգի խախտմամբ ներկայացված դիտորդների տվյալները, իսկ վկայականները տրամադրվել են երրորդ անձանց:
  6. Տեղամասում վկայականը տեսանելի չկրող անձինք նկատվել են դիտարկված տեղամասերի 41 %-ում:
  7. Դիտորդների իրավունքների խախտումները եւ նրանց նկատմամբ ճնշումները որոշ տեղերում անձի համար վտանգավոր աստիճանի էին հասնում: Մասնավորապես քվեարկության օրվա ընթացքում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդների նկատմամբ սպառնալիքներ են եղել թիվ 3/11, 3/19, 6/9, 8/19, 9/3 տեղամասերում: 6/9 եւ 8/19 տեղամասերում դիտորդների նկատմամբ կիրառվել է բռնություն:
  8. Էլեկտրոնային գրանցման սարքի հետ կապված խնդիրներ գրանցվել են տեղամասերի 81%-ում

Քվեարկության ընթացքում տեղամասերի շրջակայքում

  1. Դիտարկված տեղամասերի 22%-ում տեղամասային կենտրոնի շուրջը կամ անմիջապես մուտքի մոտ առկա են եղել ընտրողներին որեւէ կուսակցության/դաշինքի օգտին կողմնորոշող միջոցառումներ, ճնշող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին:
  2. Մարդկանց խմբերով երթուղային տաքսիներով կամ այլ մեքենաներով տեղամասային կենտրոն տեղափոխելու դեպքեր նկատվել են դիտարկված տեղամասերի 33%-ում:
  3. Դիտարկված տեղամասերի 12%-ի հարեւանությամբ եղել են շտաբեր, բոլորը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության: Տեղամասերից երկուսում նկատվել են այդ շտաբերից դուրս եկող եւ տեղամասեր մտնող բազմաթիվ ընտրողներ:

Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում

  1. Դիտարկված տեղամասերի 16%-ում ձայների հաշվարկի նիստը ուշացումով է սկսվել, հիմնականում սնվելու պատճառով, իսկ 7%-ում նիստը ընդհատվել է:
  2. Տարբերվող գույնի կամ երանգի գրիչով որեւէ կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկներ նկատվել են դիտարկված տեղամասերից 10-ում (16%-ում)՝, որից 9-ի դեպքում այդ քվեաթերթիկենրը եղել են ՀՀԿ-ի օգտին:
  3. Քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու գործընթացում հանձնաժողովի կողմից ոչ միատեսակ մոտեցում է ցուցաբերվել դիտարկված տեղամասերի 10 %-ում:
  4. Դիտարկված տեղամասերի 13%-ում նկատվել են դեպքեր, երբ ձայների հաշվարկի ընթացքում տեղամասում գտնվեն վկայական չկրող անձինք կամ ոստիկաններ:
  5. Դիտարկված տեղամասերի 10%-ում եղել են ծրարներ, որոնցում երկու քվեաթերթիկ է եղել:
  6. 03/19 տեղամասում ձայների հաշվարկին անմիջականորեն մասնակցել է վկայական չկրող անձ: «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո անձը հանձնաժողովի անդամներից մեկին քաշքշելով դուրս է եկել եւ վերադարձել է մենակ՝ արդեն վկայականով: Միջադեպից հետո տեղամաս ժամանած «Անկախ դիտորդ» դաշինքի մեդիա պատասխանատու Դանիել Իոաննիսյանի մուտքը որոշ ժամանակ խոչընդոտվել է, իսկ տեղամաս մտնելուց հետո պարզվել է, որ «Ելք» դաշինքի օգտին քվեարկած 23 քվեաթերթիկ դրվել էր ՀՀԿ քվեաթերթիկների տրցակի մեջ, որը կանխվել է դիտորդների կողմից:
  7. 07/53 տեղամասում խոչընդոտվել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնող «ԱրմՌուսԻնֆո» լրատվամիջոցի ներկայացուցչի մուտքը տեղամաս, այնուհետեւ այդ տեղամասի դիտորդը հայտնել է, որ քվեաթերթիկները չեն հաշվարկվել եւ արձանագրություններում գրվել են իրականության չհամապատասխանող թվեր, մասնավորապես, քվեաթերթիկների դուրսբերման ընթացքում դիտորդի հաշվարկով՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի օգտին եղել է 26 քվեաթերթիկ, «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին՝ 10, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝ 425 քվեաթերթիկ, մինչդեռ վերջնական արձանագրություններում կողմ քվեարկած ձայների թիվը նշվել է համապատասխանաբար 10, 3 եւ 448:

Անհրաժեշտ է արձանագրել, որ առաջին անգամ նախընտրական քարոզչության փուլում, ինչպես նաեւ լռության եւ քվեարկության օրը հայտնաբերվել են «Հայաստանի Հանրապետական կուսակցության» կողմից ընտրակաշառքների համատարած եւ համակարգված բաժանման փաստեր քարոզչության գործընթացում ոստիկանության ներգրավվածության մասին վկայող փաստեր (ՊՊԾ գնդից Արաբկիրում ՀՀԿ շտաբ ուղարկված ֆաքսի տվյալները):

Հայտնաբերված նյութերն ուսումնասիրելու փոխարեն ոստիկանությունն ամեն ինչ արեց Տարոն Մարգարյանի շտաբի տարածքը անառիկ պահելու համար: Ավելին քվեարկության օրը Ավանում ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգի հետքերով Տարոն Մարգարյանի ընտրական շտաբ այցելած Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր նկատմամբ կիրառվեց բռնություն ոստիկանների կողմից:

Ընտրությունների նախորդ օրը Արաբկիրում գտնվող ՀՀԿ ընտրական շտաբում հայտնաբերված նյութերով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար առկա էին բոլոր հիմքերը դատական կարգով չեղյալ հայտարարելու հանրապետական կուսակցության թեկնածությունը, սակայն դրա վերաբերյալ «Ելք» դաշինքի դիմումը մերժվեց:

Քվեարկության օրը գրանցվեցին լրագրողների, դիտորդների եւ ընտրական գործընթացների նկատմամբ բռնության մի շարք դեպքեր, որոնց վերաբերյալ ներկայացվեցին հանցագործության մասին հաղորդումներ:

Ամփոփելով դիտարկման նախնական արդյունքները՝ արձանագրում ենք.

  1. Քվեարկությունը տեղի ունեցավ ցածր մասնակցության, բայց եւ ընտրողների նկատմամբ վերահսկողության պայմաններում:
  2. Ընտրությունների դիտարկման անկախ ինստիտուտը կրկին անգամ չարաշահվեց եւ վարկաբեկվեց հասարակական կազմակերպությունների անունից դիտորդ հանդես եկող սակայն թեկնածուների շահերը ներկայացնող անձանց կողմից:
  3. Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների եւ չարաշահումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինները՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ Ոստիկանությունը, այլ իրավապահ մարմիններն կրկին ցուցաբերեցին անգործություն՝ խրախուսելով Հանրապետական կուսակցության անպատժելի վարքագիծը:
  4. Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում թվաբանական կեղծիքներ գրանցվել են մի քանի տեղամասում:
  5. Քվեարկության մասնակցության եւ ձայների բաշխման պաշտոնական տվյալներում օրինաչափության վիճակագրական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե «Ելք» դաշինքի, «Երկիր Ծիրանի» կուսակցության եւ «Անվավեր» քվեաթերթիկների բաշխումը համաչափ է եւ մոտիկ Նորմալ (Գաոսյան) բաշխմանը, ապա Հայաստանի Հանրապետական կուսակցության դեպքում պատկերն այլ է: Ըստ հավաքած ձայներիտոկոսի՝ տեղամասերի քանակի գրաֆիկում առկա է երկու գագաթ՝ հիմնական եւ փոքր: Երկրորդ (փոքր) գագաթը առավել բարձր տոկոսների տիրույթում է, ինչը վկայում է այն մասին, որ մի շարք տեղամասերում ՀՀԿ-ի կողմից առավել բարձր տոկոսներ ստանալու հանգամանքի վրա ազդել են ընտրողների քվեից բացի այլ գործոններ (օրինակ՝ ձայնագողությունը, կամ արձանագրությունների կեղծումը):

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը գտնում է, որ 2017թ. մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարեւորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով»:

Տաթեւիկ Սարգսյան

 

споделяне на връзка

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net