«Այսօր մարդը կոմֆորտի կարիք ունի, իսկ մտածելը հակառակ է կոմֆորտին. սա արդեն մարտահրավեր է ամբողջ աշխարհին»

Հարցազրույց «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանի hետ

- Պարոն Մեհրաբյան, շաբաթներ առաջ Ձեր հրատարակչությունը 50 տոկոս զեղչ հայտարարեց գրքերի ողջ տեսականու վրա, որից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ «Փրինթինֆո» հրատարակչությունը փակվում է։ Ի՞նչ կասեք սրա մասին։

- Ընդհանրապես հետաքրքիր է, թե հասարակությունն ինչ տրամաբանական կապ է տեսնում՝ 50 տոկոս զեղչի եւ փակվել-չփակվելու մեջ։ Գրքերը 50 տոկոս զեղչով վաճառելու ծրագիրը մեզ համար հետաքրքիր էր այնքանով, որպեսզի բացահայտենք գրքի հանդեպ այսօր եղած վերաբերմունքը։ Մյուս շաբաթ կունենանք արդյունքները, եւ հետո միայն կկարողանամ խոսել ամբողջական պատկերի մասին, որովհետեւ այստեղ առկա են տարբեր բաղադրիչներ։ Պետք է որոշարկել տարիքային խմբերը, թեմատիկ հետաքրքրությունները, թե ինչ հետադարձ կապ կա ընթերցողի եւ գրախանութի միջեւ, ինչպես է ազդել գնի բաղադրիչը գրքի վաճառքի վրա։ Սրանք միայն մեկ հրատարակչության հարցեր չեն։ Իհարկե, մեր հրատարակչությունն ունի որոշակի առանձնահատկություն լույս ընծայած գրքերի առումով, այդուհանդերձ հետևությունները, որ պիտի անեն, կարելի է տարածել ողջ գրահրատարակչական ոլորտի վրա։ Եկեք Մարկ Տվենի ոճով ասենք՝ իմ մահվան մասին լուրերը չափազանցված են։ Իհարկե դժվար ժամանակներ ենք ապրում, փոփոխությունների միջով ենք անցնում կապված ընդհանուր ոլորտի, տնտեսության վիճակի հետ։ Ի հեճուկս այսօրվա տնտեսական սկզբունքներով առաջնորդվելու, մի միտում, որը նկատվում է ոլորտում, այսինքն պահանջարկի վրա ստեղծել առաջարկ, մենք 21 տարվա գործունեությամբ առաջարկել ենք եւ ձեւավորել ենք պահանաջարկ, ընդսմին հստակ գիտակցելով, որ ինտելեկտուալ կամ իմացաբանական գրականությունը երբեք և ոչ մի տեղ չի կարող մասսայական պահանջարկ ունենալ. հաշվի առնելով նաև բնակչության նվազող քանակը և գնողունակությունը, այն ոչ մի կերպ չի կարող շահութաբեր լինել, ուստի մեզ համար անակնկալ չէր այս վիճակը, բայց մենք վստահ ենք, որ կհաղթահարենք այն։

- Սովորաբար նման դեպքերում ընկերությունները կամ հրատարակչությունները վերակազմակերպվում են եւ փոխում են իրենց պրոֆիլը։ Այս առումով ի՞նչ եք մտածում, հնարավո՞ր է ընդլայնեք տպագրվող գրքերի շրջանակը, ենթադրենք՝ իմացաբանական գրականությունից բացի, տպագրեք նաեւ մանկական գրականություն։

- Կարծում եմ, վերաձեւակերպումներ կլինեն, բայց ոչ այդ ուղղությամբ, մենք քննարկում ենք համագործակցությունն այլ հրատարակչությունների հետ՝ միավորման, բայց ոչ միաձուլման սկզբունքով։ Շուկայի սեգմենտացիան արդեն կայանում է, ու ամեն մարդ իր ոլորտում պիտի կարողանա ճիշտ բախշել իր ռեսուրսները։ Միգուցե թվացյալ է, որ մանկական գրականությունը լավ է վաճառվում։ Ես ինքս հակված չեմ այդ ոլորտը մտնելու։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակում շատ կարեւորում եմ համագործակցությունը, որովհետեւ, ամեն դեպքում, հրատարակչական ոլորտը մշակութային ոլորտ է, եւ գործարարության հավակնությունները շատ ավելի փոքր են, ուստի այստեղ շատ կարեւոր է հրատարակչությունների բաց լինելը համագործակցության համար։

- Օրերս մշակույթի նախարարը նշեց, որ 30 տոկոսից ավելի անկում է նկատվում գրահրատարակչական ոլորտում։ Այստեղ ամենաառաջին եւ գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսական բաղադրի՞չն է, թե՞ կան նաեւ այլ գործոններ, որոնք բերում են դրան։

- Դժվար է առանձին որեւէ ոլորտ վերցնել եւ գնահատականներ տալ, դա չի արտացոլում իրական պատկերը։ Ես հակված չեմ մեկնաբանելու որեւիցէ նախարարի հայտարարություն, հավանաբար նրանք ունեն իրենց վերլուծությունները, բայց փորձենք մի փոքր խորքայնորեն նայել։ Իմ կարծիքով, մեզ խանգարողը այն պատրանքն է, թե մշակույթի նախարարությունն ստեղծում է մշակույթը, կամ գյուղատնտեսության նախարարությունը` գյուղատնտեսությունը։

- Բայց պետությունը, ի դեմս մշակույթի նախարարության, ինչ-որ արտոնություններ պետք է տրամադրի հրատարակիչներին։

-   Օրինակ ես, գոնե մեր 21 տարվա գործնեության ընթացքում, այդպես էլ չհասկացա, թե ինչ է ուզում մշակույթի նախարարությունը։ Չկա որեւէ ձեւակերպված հայեցակարգ, եթե մեկ բառով բնութագրելու լինեի նրանց գործնեությունը, կասեի՝ շփոթ։ Դա ավելի շատ պայմանավորված է գաղափարական շփոթով, որովհետեւ ինչքան էլ փորձենք խուսափել, մենք անընդհատ պետք ունենք սահմանելու եւ վերասահմանելու որոշ հասկացություններ։ Ասենք` ինչ է գեղեցիկը, ինչ է տգեղը, ինչ է վսեմը կամ նսեմը։ Իմ խորին համոզմամբ, եթե ներքին պատում, առասպել գոյություն չունի, առասպել՝ հավատիդ, ներքին արժեհամակարգիդ մասին, ապա այդ շփոթն անընդհատ լինելու է։ Նախարար, հրատարակիչ, թե արվեստի գործիչ`պիտի ունենաս քո ներքին պատումը, քո առասպելը, որին հավատում ես, եւ այդ համատեքստում է ձեւավորվում հերոսը, հակահերոսը, մշակույթը, հակամշակույթը։ Եվ քանի որ սա որոշակիորեն սահմանված չէ, մենք այստեղ երկխոսության հնարավորություն չունենք։

- Այնուամենայնիվ, Արմեն Ամիրյանի գալով՝ որոշակի սահմանումներ տրվեցին, ասենք՝ այն, որ մշակույթը պետք է կապիտալիզացնել։ Սա հիմա ի՞նչ է՝ նոր սահմանո՞ւմ, մշակութային նոր ուղենի՞շ, թե՞ առասպելին միտված քայլ։

- Որպեսզի կարողանաք մշակույթը կապիտալիզացնել, կապիտալը պետք է մշակութայնացնենք։ Եթե չկա կապիտալը մշակութայնացնելու գիտակցություն և կամք, կարծում եմ` անկարելի կլինի մշակույթը կապիտալիզացնել, այսինքն դա անհնար չէ, ուղղակի դառնում է վուլգար, պարզ առեւտուր։ Այսօր այնքան է պարզունակացել ամեն ինչ, որ մշակույթը դարձել է տուրիզմի կցորդ։ Իմ կարծիքով, սրա հետեւանքները ծանր են լինելու, որովհետեւ սա վտանգավոր է նաեւ նրանով, որ այդ գաղափարները թափանցում են հասարակության գիտակցության մեջ, եւ մշակույթը դիտարկվում է, որպես լրացուցիչ կապիտալ ստեղծելու միջոց։ Թե ինչպես է կապիտալը դառնում մշակույթ եւ մշակույթը՝ կապիտալ, սա շնչառության նման բան է։ Դուք, որպես օրգանիզմ, չեք կարող անընդհատ արտաշնչել, պետք է նաեւ ներշնչեք, պետք է հավասարակշռել` ինչքան է դրվում մշակույթի մեջ եւ ինչքան է ակնկալվում դրա դիմաց, որովհետեւ պետությունը մշակութային հասկացություն է։ Գոնե մեր պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ նախարարություններ չունենալու պարագայում ստեղծվել է մշակույթ, ուրեմն այստեղ մշակույթի կամ որեւէ այլ նախարարություն պետք է հասկանա, թե ո՞րն է իր գործառույթը։ Մենք դեռ չենք սահմանել մեր մշակութային արժեքները, նկատի ունեմ ոչ թե պաշտոնյաններին, այլ յուրաքանչյուր քաղաքացու, որին պետք է հնարավորություն տրվի իր մեջ սկսելու սահմանման եւ վերասահմանման այդ պրոցեսը։ Իսկ դրան հասնելու մի լուծում կա՝ կրթություն:

- Կրթական օջախներն էլ օպտիմալացման տակ են, 300-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները պետք է փակվեն։ Փաստորեն, երկխոսություն չի ստացվում։

- Այո, մենք երկխոսության պակաս ունենք, մեզանում չկա այդ մշակույթը։ Վերջին շրջանում ինձ համար, որպես սիմվոլ, հետաքրքիր են հրավառությունները, սրանք դառնում են շատ խորհրդանշական մեր հասարակության համար. մեր քաղաքական դիալոգները դատարկ փոխհրաձգությունների արդյունքում վերածվում են «հրավառությունների»։ Ռեալ որեւէ բան չի ծնվում, որպեսզի դա լինի, պետք է ամեն ոք հասկանա, թե ինչ է ուզում։ Եթե դա ձեւակերպված չէ, դիալոգներ չեն կարող լինել կամ կլինեն սոսկ հատվածական, ժամանակավոր ու անարդյունավետ։

- Նախարարությունը գրատնակներ է բացում եւ գրաբուսներ գործարկում քաղաքում, նախատեսված է նաեւ նոր գրախանութ բացել։ Այս քայլերն ինչքանո՞վ կարող են եղանակ փոխել ընդհանուր դաշտում։

- Չեմ կարծում, թե պետք է մեկնաբանեմ նախարարության քայլերը, երեւի իրենք գիտեն, թե դրանք ուր են տանում։ Կարծում եմ՝ մարդը պիտի մոտենա գրքին, եւ ոչ թե հակառակը։ Մարդու մեջ պետք է խթանել ընթերցելու ներքին անհրաժեշտություն: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ պետք է մարդը ընթերցի։ Նույնիսկ եթե ձեր դուռը թակեն եւ անվճար գիրք նվիրեն՝ ի՞նչ իմաստ կունենա, եթե դուք դրա կարիքը չունեք։ Այսինքն մարդը ընթերցանության ներքին պահանջ պիտի ունենա։

- Ինչպե՞ս ձեւավորել ներքին պահանջ, օրինակ՝ շատ հրատարակչություններ կարեւորում են փիառ ակցիաները, հոլովակները, պաստառները՝ գիրք կարդալը մոդայիկ է ոճի մեջ, դրանք որքանո՞վ կարող են մարդու մոտ ձեւավորել այդ ներքին պահանջը։

- Հրատարակչությունները տարբեր մոտեցումներ ունեն, մի մասը կարծում է, որ եթե համապատասխան գովազդ չարվի, ապա գիրքը, որպես ապրանք, դատապարտված է, եւ սա հասկանալի է ժամանակակից շուկայական հարաբերություններում։ Բայց նույնիսկ այս պարագայում ես մտածում եմ, թե որքանո՞վ կարող ենք թակել այն դուռը, որը ներսից ամուր փակված է։ Ինչպես անենք, որ մարդը կարողանա բացել իր ներքին դուռը ընթերցանության, մշակույթի, արժեքների առջև։ Եվ շատ դեպքերում այդ մշակութային քայլերն ինձ հրավառություն են հիշեցնում. երբ ներսից լուցկու չափ լույս չես կարողանում վառել, հրավառությունը անիմաստ է։ Ինչպե՞ս անենք, որ մարդու ներսում բռնկվի այդ հրավառությունը: Ինչո՞ւ պետք է մարդը ընթերցի. հարց, որ ամեն ոք պիտի տա իրեն։ Մի մասը պնդում է, որ ժամանակ չունի՝ սա ամենատարածված ձեւն է եւ պարզապես նշանակում է, որ ընթերցանությունն իմ ժամանակում տեղ չունի։

Այսօր մարդը կոմֆորտի կարիք ունի, իսկ մտածելը հակառակ է կոմֆորտին. սա արդեն մարտահրավեր է ամբողջ աշխարհին։ Մարդը ձգտում է հնարավորինս քիչ մտածել, հուզվել, եւ այս առումով ապամարդկայնացման լուրջ խնդիր ենք ունենալու։ Մարդուն այլեւս խորը մտածելու բանը չի հուզում։ Այսօրվա տեխնիկական հնարավորություններից ելնելով` բոլորն ուզում են արտահայտվել, որովհետեւ այդպես հաստատում են իրենց գոյությունը։ Դա էլի նույն հրավառությունն է, եւ հետո արտահատվելը որեւէ պատասխանատվություն չի ենթադրում։ Այսօր փորձ չի արվում ինքնաճանաչողության, բայց արտահայտվելու մարմաջը շատերի մեջ է նկատվում, ներհայելու խնդիրը հանված է եւ, ցավոք, դա դառնում է ապրելակերպ։ Մենք անընդհատ մտածում ենք, թե ինչպես մեզ կընկալի աշխարհը, անընդհատ ուզում ենք, որ մեզ ճանաչեն, բայց երբ ինքնաճանաչողության խնդիր չես դրել, դժվար թե քեզ ճանաչեն, կամ էլ սխալ կճանաչեն։ Դրա համար եմ ասում` առասպելը հատկապես մշակույթի մեջ շատ կարեւոր է, որպեսզի հասկանալի լինի, թե դու ինչին ես հավատում, հանուն ինչի ես պատրաստ զոհաբերության։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

http://hraparak.am

 

 


 

сподели бутон

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net