Անդրանիկ Մարգարյանը դարձել է հայոց մեծ: Երևանի փողոցներում արդեն նա լուսավահանակների վրա ներկայացվում է որպես «Մեր մեծերից» մեկը:
Իսկ ո՞վ է Անդրանիկ Մարգարյանը: Մարդ, որի իրական «արժեքը» սկիզբ է առնում Հայոց մեծերի Պանթեոնում հայտնվելուց հետո: Ովքե՞ր են հանգչում այնտեղ՝ Վահան Տերյանը, Հրանտ Մաթևոսյանը, Սերգեյ Փարաջանովը, Վահրամ Փափազյանը:
Անդրանիկ Մարգարյանը, իհարկե, միակ անհասկանալի հանգուցյալը չէ Պանթեոնում, բայց ինքը միակ հասկանալի ոչ մեկն է: Մարգարյանը պետք է մի փոքր «համեստություն» ունենար այնտեղ չհայտնվելու, հենց թեկուզ այն պատճառով, որ Չարենցը գերեզման չունի: Ա՛յ դա գոնե կմեծացներ նրան: Պարզ է, որ այդ մարդն իր ոտքով չի գնացել Պանթեոն: Մեծությունը, սակայն, հասցնում է տնօրինել իրեն հետմահու: Մեկը դա անում է «Երկիր Նաիրի» շարքով, մյուսը «Սայաթ-Նովա» կինոնկարով, երրորդը՝ «Մեծամոր» էսսեով, չորրորդը՝ Օթելլոյի դերով: Անդրանիկ Մարգարյանը դա կարող էր անել կտակով: Ավելին, մեկ բառով՝ ինձ չխայտառակե՛ք: Որպեսզի չլիներ այդ խայտառակ մեծ գերեզմանը:
Ո՞վ է կասկածում, որ այդ գերեզմանը վաղ թե ուշ ապամոնտաժվելու է Պանթեոնից, ինչպես Երիտասարդության պալատն են ապամոնտաժել: Հանրապետական չարիքը քաղցկեղի նման դիրքավորվել է Պանթեոնում և հիմա դուրս է եկել փողոցներ ու դարձել «Հայոց մեծեր» շարքի մի հերոս: Թեպետ, եթե մարդը հայտնվել է Պանթեոնում, այնտեղից դեպի վահանակներ կես քայլ է:
Ո՞վ է, ընդհանրապես, Մեծը: Ասենք` Վիլյամ Սարոյանը: Մարդ, որն ինքնին մեծ էր: Հետո, իհարկե, որպես «Վեսլի Ջեքսոնի» հեղինակ: Սերգեյ Փարաջանովը: Որի կյանքի ամեն վայրկյանը ԿԳԲ-ի խոշորացույցի տակ էր: Մարդ, որը Մինսկի համալսարանում պատմում էր, թե ինչպես «Հայֆիլմից» գողացավ իր իսկ «Սայաթ-Նովան», որի մոնտաժված տարբերակից՝ «Նռան գույնից», ինքը հրաժարվել էր:
Մեծը իր կենցաղն է, նա գիտի մտքեր ձևակերպել: Ոչ թե գիտի, այլ նա արդեն իսկ ձևակերպում է երբևէ չձևակերպվածը, որովհետև նա այլ բնություն է, նա այսօրվան ընդառաջ եկողն է: Ահա ինչու նա, ի վերջո, դառնում է դպրոց: Նրա դպրոցը անվանակոչում է մեկ այլ մեծություն, ոչ թե կուսակցությունը: Մեծը Սոկրատեսն էր: Կամ՝ Լևոն Ներսիսյանը, որի հայրն է հանգչում Պանթեոնում: Մեծն այն մարդն է, որի բացակայությունը վերածվում է թթվածնի, մեծը կարիք չունի գերեզմանի: Ինքն ընդհանրապես անանունության երկրպագու է: Երբ Մեծի գերեզմանը ճչում է, դա լռեցնում է նրան: Բոլոր իսկապես բռնապետների դամբարանները մի քանի անտունների համար հրաշալի տարածքներ կլինեին: Փոքր մարդը իր մասին կարող է պատմել միայն դամբարանով:
Մեծն ամփոփվում է գերեզմանում, մինչդեռ փոքր մարդը՝ կոծկվում: Փոքր մարդու օրինակ էր Հերոստրատը: Հենց նա է սադրել չարագործներին անգերեզման թողնելու մշակույթը: Անդրանիկ Մարգարյանը չարագործ չէր, ընդամենը՝ հանրապետական, որի նման չարիք հայ ժողովուրդը չի տեսել նույնիսկ Օսմանյան Թուրքիայի երիտթուրքերի մեջ: Երիտթուրքերը ցեղասպանության վերածեցին իրենց տանջող ազգային հարցը: Հանրապետականը նման հարց չի ունեցել Հայաստանում: Մեզ հայտնի չէ որևէ թուրք հանրապետական 1991-ից այս կողմ: Նշանակում է՝ Հանրապետականի արածը կրկնակի վատն է, որովհետև հայ ժողովուրդը չէր կարող լինել նրան տանջող հարցը:
Անդրանիկ Մարգարյանը մեր մեծերից չէ: Չկա նրա հնչեցրած որևէ միտք, որ կարելի է դասավանդել դպրոցներում: Նա նույնիսկ անեկդոտի հերոս չէ, նա եղել է վարչապետ, որի օրոք տնտեսությունն աճել է ոչ թե իր աշխատանքի, այլ էլիտար և հյուրանոցային շենքերի շինարարության և հանքարդյունաբերությունից ստացած եկամուտների հաշվին: Նա, ի վերջո, Տարոն Մարգարյանի հայրն է, իսկ հայրերը միշտ պատասխանատու են այն բանի համար, թե ով է իրենց որդին:
Մհեր Արշակյան
http://medialab.am/news/id/7423