Հայկական գյուղերն իրենց գեղեցկությամբ, պատմամշակույթային հուշարձաններով, ավանդույթներով ու սովորույթներով միշտ հիացրել են և շարունակում են հիացնել թե՛ հայերին, և թե՛ օտարազգիներին: Դեռևս մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում հունական վարձկան բանակի հրամատար և պատմիչ Քսենոփոնը իր «Անաբասիս» (Նահանջ Բյուրոց) երկում ներկայացրել է հայկական գյուղերի կյանքը, ավանդույթներն ու սովորույթները, ինչը վկայում է, որ դեռևս հնագույն ժամանակներում հայկական գյուղերը ունեցել են իրենց ուրույն տեղը քաղաքային կյանքի կողքին: Գյուղը հնուց ի վեր համարվել է ավանդույթների կրողը, շարունակողն ու սերնդեսերունդ փոխանցողը:

Որքան էլ որ քաղաքում կյանքը գեղեցիկ լինի, միևնույն է, գյուղն ունի իր առանձնահատկությունները: Եվ ահա թե ինչու պետք է պահպանել գյուղերը և անել ամեն հնարավորը, որպեսզի դրանք լինեն բարեկարգ և ապրելուն հարմար նպաստավոր պայմաններ ունենան:

Տավուշի մարզը հարուստ է գյուղական համայնքներով, որոնցից յուրաքանչյուրը կարող ենք համարել բաց թանգարան երկնքի տակ՝ թե՛ իրենց արտաքին գեղեցկության և թե՛ պատմամշակույթային հուշարձանների շնորհիվ: Ամեն տարի աշխարհի շատ ու շատ երկրներից զբոսաշրջիկներ են գալիս հիանալու այս գեղեցկությամբ: Ցավով պետք է նշեմ, որ չնայած այս ամենին, գյուղական համայնքներն ունեն շատ խնդիրներ, որոնց պատճառով բարդանում է տեղի բնակչության կյանքը: Սակայն բնակչությունը պատրաստ է կրել այդ դժվարությունները, եթե, իհարկե , գյուղերը լինեն բարեկարգ և համապատասխանեն ապրելու համար նվազագույն պայմաններին:

Հաճախ ականատես ենք լինում, որ պետական ու հասարակական կազմակերպությունները իրենց ուշադրությունը սևեռում են մեծ գյուղերի վրա՝ հաճախ աչքաթող անելով ուշադրության կարիք ունեցող փոքր գյուղական համայնքները: Բայց չէ՞ որ փոքր համայնքի բնակիչներն էլ մարդիք են, և բարեկարգ պայմաններում ապրելու իրավունք ունեն:

Այդպիսի փոքր գյուղական համայնքներից մեկն էլ իմ հայրենի Աճարկուտ գյուղն է:

Այն ծվարած լինելով բնության գրկում, գետի ափին, դեպի վեր խոյացող անձեռակերտ ժայռերի մեջ, ունենալով անասելի գեղեցիկ, հաճելի ու հոգեպես հանգստացնող բնություն, հարուստ լինելով պատմամշակույթային հուշարձաններով, եկեղեցիներով ու խաչքարերով , տարիներ շարունակ հիացրել և շարունակում է հիացնել զբոսաշրջիկներին: Սակայն այն ունի շատ ու շատ մանր ու մեծ խնդիրներ: Եվ այդ խնդիրների՝ աշխատատեղերի բացակայության, կյանքի համար անբարենպաստ պայմանների հետևանքով գյուղի բնակչության մի մասը հեռացել է, մյուսներն էլ մի օր կբռնեն արտագաղթի ճանապարհը: Եվ եթե այսպես շարունակվի, գյուղս մի օր կդատարկվի:

Գյուղի դատարկման երևույթը կանխելու համար անհրաժեշտ է առաջին հերթին լուծել այն խնդիրները, որոնք տարրական անհրաժեշտություն են և որոնք լուծում գտնելով կարող են բարելավվել տեղի բնակչության կյանքի պայմանների գոնե մի տոկոսը:

Առաջին խնդիրը, որն առաջնահերթ լուծման կարիք ունի, բուժհիմնարկի բացակայությունն է:

Նույնիսկ հնագույն ժամանակներում մարդիկ գիտակցել և գնահատել են բժշկության դերը մարդու կյանքում, և ստեղծել են փոքրիկ հիվանդանոցներ բոլոր այն վայրերում, որտեղ եղել է մարդկային հասարակություն: Իսկ հիմա՝ 21-րդ դարում, տեխնիկապես զարգացած այս ժամանակաշրջանում, բժշկական հիմնարկների բացակայությունն ուղղակի մեկ բառով կարելի է անվանել՝ աղետալի:

Ինչպես ասում էր մեծն մտածող Պարույր Սևակը` «Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է»: Առողջությունը անգին գանձ է, որն ունենալով, յուրաքանչյուր մարդ իրեն պետք է հարուստ համարի: Յուրաքանչյուր մարդու համար առաջին հերթին կարևոր է իր և իր հարազատների առողջական վիճակը: Եթե մարդն առողջ է, ապա նա կարող է իր համար ամեն ինչ ստեղծել զրոյից, և հակառակը, անիմաստ է այն մարդու հարստությունը, ով չունի առողջություն և նրա ունեցածը միայն գումար է:

Եվ բոլոր այն վայրերում, որտեղ կա մարդկային հասարակություն, ստեղծվել և ստեղծվում են բժշկական հիմնարկներ և նշանակվում են բուժաշխատողներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ցույց տան առաջին բուժօգնություն և հարկ եղած դեպքում անգամ փրկեն մարդկանց կյանքը, բուժեն հիվանդներին, կանխեն բազմապիսի վարակների ու հիվանդությունների տարածումը: Եվ շատ դժվար է պատկերացնել մարդկային կյանքի գոյությունը մի վայրում, որտեղ բացակայում են բժշկական հիմնարկներն ու բժիշկները:

Ցավով նշում եմ, որ սա իմ շատ սիրելի գյուղի՝ Աճարկուտի, ամենախոցելի խնդիրն է:

Մեր գյուղում, մի քանի տարի շարունակ, որպես բուժկետ ծառայում էր գյուղի ծայրին գտնվող դպրոցի դասասենյակներից մեկը, որը բավականին անհարմար էր` նախ այն տեսակյունից, որ այն գտնվում էր բավական հեռու և շատ հիվանդ ու իրենց վատ զգացող մարդկանց երբեմն տեղափոխելը դժվար էր լինում, և հետո, դպրոցականների մեջ բուժկետ ունենալը անհարմար էր, քանի որ դեղորայքի հոտերն ու ոչ սովորական շարժը խանգարում էին նրանց դասերին, շեղում ուշադրությունը: Եվ բացի դրանից, այն չուներ համապատասխան հարմարություններ և կահավորում:

Ծնողների երկար բողոքներից հետո, գյուղապետարանը որոշեց փոխադրել այն: Բայց ու՞ր… հա՛րց , որի պատասխանը գտնելը բավականին դժվար էր: Մի քանի անգամ ժողով հրավիրելուց և երկար- բարակ քննարկումներից հետո, եկան այն եզրահանգման, որ ամենահարմար տարբերակը՝ որպես բուժկետ ոչ այնքան բարեկարգ վիճակում գտնվող գյուղապետարանի սենյակներից մեկը տրամադրելն է: Այն սենյակը, որն իր խարխուլ լինելու պատճառով ոչ մի անգամ չէր օգտագործվել:

Ազատեցին սենյակը, փորձեցին հարմարեցնել բժշկական հիմնարկի կարգավիճակին, բայց այն բոլորովին էլ հարմար չի: Իսկ ինչու ՞, որովհետև պատերն անձրևներից և ձնհալից խոնավացել են, խոնավությունից բորբոսնել, իսկ առաստաղը կախվել է , և եթե այսպես շարունակվի, մի օր այն կփլվի կա՛մ գյուղի ՄԻԱԿ բուժքրոջ, կա՛մ հիվանդներից մեկի գլխին: Հատակի տախտակները քայքայված են ու ոտք դնելով փշրվում են: Չունի լուսամուտ, որով գոնե հնարավոր լինի օդափոխել, իսկ այս ամենը հանգեցնում է նրան, որ ներսի խոնավ օդը՝ խառնվելով դեղորայքի հոտին, առաջացնում է բավականին ծանր մթնոլորտ, և կարելի է ասել, շնչելը դառնում է անհնարին: Կարծես այս ամենը բավական չէ, չկա նաև հոսանք: Գյուղացիները փորձել են հնարավորության սահմաններում գույք տրամադրել և կահավորանքը հարմարեցնել բուժկետի կարգավիճակին, բայց , գրեթե, ոչինչ չի փոխվել: Այդ իսկ պատճառով բնակիչները ստիպված են դիմել այլ վայրերի բուժհիմնարկներ, բայց այսօրվա պայմաններում, բոլորը չէ որ ունեն նման հնարավորություն:

Մեր գյուղի՝ առանց այն էլ աղետալի վիճակում գտնվող բուժկետը, չունի անգամ առաջին օգնության համար անհրաժեշտ պարագաններ, օրինակ` ջերմաչափ, ճնշման ապարատ, անգամ ներարկիչ: Գյուղի համար դեղորայք երբեմն տրամադրում են Իջևանի բուժհաստատությունները, իսկ երբեմն էլ իր անձնական միջոցներով դրանք ձեռք է բերում Աճարկուտի ՄԻԱԿ բուժքույրը:

Մի քանի անգամ դիմել ենք պետական մարմիններին, բարեգործական ընկերություններին, որոնք խոստացել են լուծել արդեն հիմնախնդիր դարձած այս հարցը, բայց մինչև օրս ոչ մեկ և ոչինչ չի արել:

Գյուղում բուժհիմնարկ ունենալը առաջնային անհրաժեշտություն է, եթե չասենք կյանքի գոյության կարևոր պայման:

Այս խնդիրն ունի լուծման 2 տարբերակ. կամ որպես բուժհիմնարկ օգտագործվող սենյակի հիմնովին վերանորոգում կամ էլ նոր բուժհիմնարկի կառուցում, սակայն, վերջինս կապված է հսկայական ծախսերի հետ, և ոչ գյուղացիները, ոչ էլ գյուղապետարանը չունեն նման հնարավորություն:

Ես բնության այս փոքրիկ պատառիկը՝ Աճարկուտը, միշտ համեմատում եմ հզոր արծվի հետ, որը երկու թևից վիրավոր է, ու չի կարողանում երկինք բարձրանալ, բայց շարունակում է կանգնած մնալ ոտքերի վրա, հուսալով, որ մի գեղեցիկ օր իր  վերքերը կբուժվեն և նա կկարողանա դեպի երկինք ճախրել…

Ելենա Հայրապետյան


 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert