«Հունահայ Լրատու2»-ը հաղորդագրություն է տարածել, որը նույնությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Դեսպան Չարչողլյանի նոր քաջագործությունը
Աթենքում Ռամկավարներից հետո բողոքում են նաև Հնչակյանները
Ռամվկավար Ազատական կուսակցության նկատմամբ լարվածություն ստեղծելուց հետո, Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչողլյանը այս անգամ դժգոհության առիթ է տվել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ներկայացուցիչներին:
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ, դեկտեմբերի 12-ին Աթենքում հանդիպում է ունեցել հայ «համայնքի ներկայացուցիչների» հետ, ուր չէին հրավիրվել Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչները: Սակայն ինչպես հիշատակվում է ՍԴՀԿ Հունաստանի ֆէյսբուքյան էջում, հանդիպման հրավիրված Հնչակյանները ևս անվայել վերաբերման են արժանացել։ Կուսակցության էջից տեղեկանում ենք, որ դեսպանի կողմից պաշտոնապես հանդիպման հրավիրված «ՍԴՀԿ Հունաստանի Վարչություն անդամներին առաջարկվեց նստել սեղանի հետևի շարքերում»։ Ու նաև, որ ՍԴՀԿ ներկայացուցիչենրին «հարցադրումի հերթ» անգամ չի տրվել, հանդիպումը, հիմնականում, վերածելով ՀՅԴ-ի հետ երկխոսության։
Հիշատակենք, որ նոյեմբերին դեսպան Չարչողլյանը փորձել էր Հունաստանում ՌԱԿ 96-ամյակին նվիրված հանդիսությունը ձախողեցնել, խափանելով Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո-Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքի, Աթենքի նախկին քաղաքապետ (2003–2006թթ), նախկին արտգործնախարար (2006–2009թթ), կուսակցության ներկայի նախագահի քրոջ՝ Դորա Բակոյաննիսի մասնակցությունը ՌԱԿ հանդիսության, վերջինիս ադրբեջանամետ և հակահայ անվանելով։ ՌԱԿ մամլո դիվանի հայտարարության համաձայն, դեսպանը ՌԱԿ կուսակցութեան պատվո Նախագահին ասել է՝ «այսուհետեւ երբեք պիտի չ’արտօնուին Դեսպանատուն այցելելու եւ ոչ ալ Դեսպանը կապ պիտի պահէ իրենց հետ»:
Հավելենք, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնական այցով երեկ ժամանել է Աթենք, և այսօր առավոտյան հանդիպում ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասի հետ: Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրող հարցեր, ուշադրության կենտրոնում ունենալով երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Մարտին նախատեսվում է Կոձիասի այցը Երեւան: