«Հեռացեք մեր գյուղից, գնացեք ու էլ ետ չգաք»

Այսօր կեսօրին Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ բնակավայրում նշանակված էր «Միռամ» ՍՊԸ-ի կողմից  Շեկաղբյուրի ոսկի-բազամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020 թթ. երկրաբանական հետազոտություններ կատարելու մասին նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային լսումները: Նշանակված ժամից րոպեներ առաջ արդեն Մղարթ տանող գլխավոր ճանապարհը փակ էր. հարակից Արդվի, Մղարթ, Արևածագ ու Օձուն գյուղերից եկած բնակիչները համախմբվել ու որոշել էին ինչպես նախորդ անդամ, այս անգամ ևս «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին թույլ չտալ գյուղ մտնել:

«Մենք մաքուր բնություն ենք ուզում ունենանք: Մեր գյուղում չեն ուզում հանքը բացեն, բայց մեր գյուղին մոտիկ ա, մեզ էլ ա վնաս տալու»,- ասում է բողոքի ակցիային մասնակցող Արևածագի ավագանու անդամ Նվեր Վարդանյանը:

Արդվեցի Սուրեն Կիրակոսյանն ինչպես միշտ առաջամարտիկների շարքերում է:

«Արդվին այսօր քայլեր է անում էկոտուրիզմի զարգացման համար: Մեր գյուղի զարգացման ծրագրով էլ հենց տուրիզմի զարգացումն է նախատեսված: Իսկ այդ հանքը մեր զարգացման բոլոր հեռանկարները կհավասարեցնի 0-ի»,- ասում է նա:

Վանիկ Մեհրաբյանը  բողոքի ակցիայի ամենատարիքով մասնակիցն է: 83-ամյա պապը դժգոհում է՝ հանքարդյունաբերության արդյունքում Մղարթն արդեն իսկ զրկվել է ջրից:

«Չենք թողալու գեղը մտնեն: Հերիք ա, խաբեցին, քարետակ արին, հիմի էլ դրանք են գալիս: Գյուղը խորտակվում ա, պտի ժողովուրդը գլուխ բարձրացնի»,-ասում է նա:

Վերջինս ցավով է նշում, որ  ջրի խնդրի պատճառով հատկապես ձմռան ամիսներին ստիպված է լինում հեռանալ գյուղից:

«Երևան եմ մեծացել, բայց գյուղը սիրելով եկել եմ: Հիմի ջրի խաթեր թողնում, գնում եմ: Հրեն հայ, արտովայրերը քանդելով ման են գալիս: Իմ տան մոտ աղպուր կար: Եկան, տան ախպուրից ներքև ծակեցին, ջուրը ցամաքեց:Էսօր խմելու ջուր չունենք,-դժգոհում է Վանիկ պապն ու զարմանում,- այ մարդ,  սա ո՞ր դարաշրջանն ա: Մարդիկ գնում են լուսնի վրա ապրում, Մղարթում խմելու ջուր չկա»:

Տարիներ շարունակ Մղարթում հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Մուլտի Գրուպ» ՍՊԸ-ի աշխատանքների հետևանքները  գյուղացիներն ամեն օր են զգում.

«Տունս փուլ ա գալիս ամեն տրաքացնելեն, պատերը  ճաքել ա, գլխիս փուլ ա գալիս տունս: Ո՞վ տի մտածիլ դրա մասին, ո՞վ տի ինձ փող տա: Տանը մոտիկ էնքան  վզռիվ են արել,  սվաղը վեր ա դառնում գլխիս»,- ասում է մղարթցի Վանիկ Մուսինյանը:

«Եթե մենք թույլ տանք Արդվիի հանքերը շահագործեն, հաջորդը Օձունն ա էղնելու, նրա հաջորդը Արևածագը: Թող էն մյուս գյուղերն էլ իրանց արտոնված չզգան: Քամին պետական, վարչական սահման չի ճանաչում: Նա հզոր ուժ ա: Եվ եթե արդվեցիք, որ ներկա դրությամբ 200 հոգի են, դանդաղ մահով պիտի մահանան, իմացեք կացեք, որ  5000-անոց Օձունը տասնապատիկ պիտի տուժի,- նշում է արդվեցի Վաչագան Աղաբեկյանն ու եզրակացնում,-սա առնվազն ցեղասպանություն ա ստացվում»:

Լրագրողների միջոցով գյուղացին դիմում է պատկան մարմիններին՝ առաջն առեք, ուշքի եկեք, հանքերի էս գիշատիչ շահագործումը թողեք, էկոտուրիզմ զարգացրեք:

Իրենց իրավունքների համար պայքարի ելած գյուղացիներին մայրաքաղաքից սատարելու էին եկել բնապահպաններ, ակտիվիստներ:

Բնապահպանական բազմաթիվ ակցիաների մասնակցած Անի Խաչատրյանն ասում է՝ եկել են արդվեցիներին ու մղարթցիներին աջակցելու: Գալու շարժառիթն էլ մեկն է. չի ուզում, որ հանքարդյունաբերության հետևանքով Հայաստանի բնակչությունն ամբողջությամբ թունավորվի:

Մինչ գյուղացիները վրդովված իրենց բողոքի ձայն  էին բարձրացնում, «Միռամի»  ներկայացուցիչները գյուղ մտան ոչ հիմնական ճանապարհով: Ցուցարարներն անմիջապես հասան  գյուղապետարանի մոտ ու փակեցին մուտքը՝ թույլ չտալով որևէ մեկին ներս մտնել:

Հեռացեք մեր գյուղից, գնացեք ու էլ ետ չգաք. այս ու նմանատիպ բացականչություններով նրանք դիմավորեցին մայրաքաղաքից ժամանածներին:

Ցուցարաներին մոտեցած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննական կենտրոնի»  փորձագետներին չհաջողվեց կոտրել բնակիչների դիմադրությունը:

«Գրանցեք, որ հանրային լսւոմները չեն կայացել ու գնացեք»,- հայտարարեցին բնակիչները:

Առաջին հանրային լսումների ժամանակ թվով 15 մղարթցիներ նախկին գյուղապետի՝ Երվանդ Նավասարդյանի ղեկավարությամբ  տվել էին իրենց համաձայնությունը հանքերևակման տարածքում երկրաբանական աշխատանքներ իրականացնելու համար: Այսօր, սակայն, համաձայնություն տված մղարթցիները պասիվ մի կողմ էին քաշվել ու հեռվից էին հետևում իրադարձությունների զարգացմանը:

«Կողքի գյուղերից եկածները չեն թողնում, որ մղարթցիք խոսան»,-դժգոհում էին նրանցից մի քանիսը:

Հանքի գործարկմանը կողմ լինելը մղարթցի Սուրեն Վարդանյանը հիմնավորում է նոր աշխատատեղերի ստեղծմամբ.

«Հլա տնտետուն մտեք, տեսեք ո՞նց են ապրում գյուղացիք,- ասում է նա ու վստահեցնում,- հանքը ինքը բաց հանք չի էղնելու»:

Համագյուղացու կարծիքը կիսում են նաև Արտակ Պետրոսյանն ու  Վասիլ Վասիլյանը:

Հնարավոր վնասակար ազդեցությունների ու բացասական հետևանքների մասին նրանք խոսել չեն ցանկանում: Մղարթցիներից մեկի խոսքին, թե «Մուլտի Գրուպի» գործարկումից հետո գյուղացիների շրջանում հիվանդություններն ավելացել են, գլխացավերը՝ շատացել, հակադարձում է.

«Մարդկանց գլխացավերը հանքից չի, այլ բանկում ունեցած  վարկերից: Մարդ չկա, որ բանկում վարկ չունենա»:

Civil Voice ՀԿ-ի փորձագետ Սեյրան Մինասյանը ի լուր բոլորի հայտարարում է.

«Ջուրն է աղտոտվելու, օդն է աղտոտվելու, հողն է աղտոտվելու: Մարդկանց ռեցեպտորների վրա է ազդեցություն ունենալու, էկոհամարգային ծառայություններն են նվազելու: Այսօր էստեղ ծառ ու ծաղիկ կա, մեղուն մեղր է բերում, վաղը դա վերանալու է: Հանքերևակման ծավալներն էնպիսին են, որ ընկնում է Ա կատեգորիայի տակ: Դա բավականին մասշտաբային ազդեցություն կլինի շրջակա միջավայրի վրա»:

Փորձագետը վրդովվում է. «Շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների համար գրած է կամ ազդեցություն չի լինի կամ շատ քիչ կլինի: Ոչ մի ապացույց, ոչ մի հիմնավորում բերված չի: Մարդու վրա ազդեցության մասը նույնիսկ քննարկված էլ չի իրենց ներկայացրած հայտում: Եվ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ՊՈԱԿ-ի աշխատակիցները փոխանակ գան իրենց հանձնարականները ցույց տան, թե ինչեր պետք է վերլուծված լիներ, եկել էստեղ փորձում են հանքրադյունաբերողի շահերը պաշտապանեն»:

Ս. Մինասյանը ցավով է  նշում, որ «այսօր այդ ՊՈԱԿ-ը հանդես է գալիս բնությունը ավիրողների, բնության դեմ հանցանք գործողների շահերի պաշտպան ու լեգիտիմացնում է նրանց անօրինական գործունությունը»:

Ինչևէ, 2 ժամից ավելի տևած վեճերի, քաշքշոցների արդյունքում հանրային քննարկումն այսօր այդպես էլ չկայացավ, ինչի մասին կազմվեց արձանագրություն:

«Օձուն համայնքի Մղարթ, Արդվի, Արևածագ ու Օձուն բնակավայերերից Մղարթում ներկա բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը և թույլ չտվեցին քննարկման անցկացումը: Մղարթ համայնքի ներկայացուցչի նստավայրում նախատեսված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտի երկրորդ հանրային քննարկումը չկայացավ»:

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի կողմից ստորագրված արձանագրությունը  կուղարկի ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին ու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին:

Գայանե Սարգսյան

Տաթևիկ Սարգսյան



 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert