Յունոնա Մալենկո. Հավատը, հրաշքն ու արվեստն այն երեք երևույթներն են, ինչի վրա հիմնված է իմ կյանքը

Տարիներ առաջ էր, երբ երևանյան եկեղեցիներից մեկում առաջին անգամ հանդիպեցի Յունոնային: Շատ կարճ մազեր ուներ, տարօրինակ վառ ու գունավոր էր հագնված: Զարմանալի էր նման արտաքինով մարդու հանդիպել եկեղեցում (համաձայն եմ՝ կարծրատիպ է): Անձամբ չէի ճանաչում. ժպտացի ու անցա: Այժմ ճանաչում եմ և շարունակում եմ ժպտալ: Յունոնա Մալենկոն երիտասարդ ռեժիսոր է. նա իր մի քանի ընկերների հետ տեղափոխվել է Արցախ՝ տեղի թատերական-մշակութային կյանքը նոր թափով զարգացնելու համար: «Արցախն ինձ համար օդային, փափուկ, թեթև ու շնչվող, իր պատերազմով զուգորդվող երևույթ է: Տարօրինակ է, բայց Արցախում ամեն ինչ շատ խաղաղ է. այստեղ հանցագործություններ չեն լինում: Երկար եմ մտածել, թե ինչու է այդպես, ու գտել եմ պատասխանը. այստեղ մարդիկ գիտեն կյանքի գինը: Երբ մարդն իմանում է կյանքի գինը, շատ երևույթների սկսում է այլ կերպ վերաբերվել…», – Արցախի ու տեղի կյանքի մասին խոսելիս նշում է Յունոնան:

«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում Յոնոնայի հետ զրուցել ենք նաև իր, մարդկանց ու աշխարհի մասին.

Երբ ես ծնվեցի, բնական է, որ ոչինչ չեմ հիշում: Ծնողներս պատմում են, որ շատ փոքրամարմին երեխա էի, իսկ դեմքիս վրա միայն աչքերս էին հստակ երևում, ասում են, թե կարծես մարդ չլինեի, միայն աչքերիցս էր հասկացվում, որ մարդ եմ: Բայց ուրախ եմ, որ այդպես է եղել. աչքն է մարդու ամենակարևոր օրգանը, որը թեև արտաքին է, բայց արտացոլում է հոգին… Այսպես սկզբում Աստված ինձ շնորհ է արել (ժպտում է, – հեղ.):

Ինձ ձևավորել է սերը: Մանկությանս տարիները համընկել են Հայաստանի համար ամենադժվար ու բարդ շրջանին, ծնվել ու մեծացել եմ Դիլիջանում, մեծ ջերմության մեջ, ապրել եմ 8-հոգանոց ընտանիքում և փոքր տարիքից շատ և իսկական սեր եմ ստացել, որը և ձևավորել է ինձ:

Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս՝ ամեն ինչում առաջնորդվել սիրով: Ծնողներս ինձ սա երբեք չեն ասել, նրանք դա արել են: «Սեր», «սիրել» բառերը շատ են ծամծմվել, չնայած, որ սիրելն իսկապես հեշտ չէ: Եվ որքան մեծանում ես, այնքան ավելի բարդ է դառնում: Բայց երբ որևէ երևույթի սկիզբը սերն է, անհնար է, որ դրանից բարին չծնվի:

Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդած մարդը տատիկս է: Նա կոմունիստ էր, միշտ ասում էր. «Ի՜նչ Աստված, ես չեմ հավատում…», – նման դաստիարակություն էր ստացել: Բայց նա ինձ համար քրիստոնյայի լավագույն օրինակն էր, որովհետև այդպես խոսում էր միայն, իսկ հոգին մեծ էր ու աստվածընկալ: Չեմ հիշում, որ նա ինչ-որ երևույթի մասին վատը խոսեր, չարությամբ վերաբերվեր… Ամեն ինչին «Աստծո ֆիլտրով» էր մոտենում:

Աստված պապիկ էր, երբ երեխա էի և հիմա էլ է, պարզապես ավելի խորը շերտավորումներով՝ զգայական ու գիտակցական դաշտերում: Հիմա եմ հասկանում, որ փոքր ժամանակ Աստված իմ խիղճն էր և այն բարին, որ կար իմ մեջ… Այդ տարիների հրաշքը Դիլիջանի ձյունն էր, որը հասարակ ձյուն չէր, շատ փափուկ էր ու տաք: Դիլիջանում եղևնիներով մի փողոց կար (անսահման շատ եմ սիրում եղևնիներ), այդտեղ էր երազանքներիս տունն իր ճոճաթոռով… Ձմռանը, երբ մեծ փաթիլներով ձյուն էր գալիս, մայրս, քույրս և ես քայլում էինք այդ փողոցով:
Հրաշք էր (ժպտում է, – հեղ.):

Հիմա հրաշք եմ համարում կյանքը, դրա յորաքնաչյուր վայրկյանը: Ես ապրել եմ շրջան, երբ ամբողջապես գիտակցել եմ, թե ինչքան թանկ են երջանկության և խո՜րը շնչելու պահերը:

Օրս սկսում է արվեստով, որն իմ աշխատանքն է: Աշխատանքով, արվեստով և երաժշտությամբ էլ ավարտվում է:

Հավատը, հրաշքն ու արվեստն այն երեք երևույթներն են, ինչի վրա հիմնված է իմ կյանքը: Անհրաժեշտ է կյանքն այս երեքի միջով ընկալել, որպեսզի կարողանաս ապրել: Իհարկե, տեսնում ես քեզ շրջապատող վատն ու զզվելին, արճիճի պես ծանրը, որ կա մեր կյանքում ու մեր շուրջ, բայց եթե կախվես դրանցից՝ խորտակվելու ես…

Հուսահատության պահեր ապրելիս փորձում եմ հաղթահարել դրանք: Ժամանակ կար, երբ հուսահատությունից անդունդն էի ընկնում, բայց հասունանալով՝ փորձում եմ այդ պահը հաղթահարել:

Երկիր մոլորակը պտտում ենք մենք՝ մարդիկս, և մեր գիտակցությունը: Երբ մենք չկանք, երբ այդ պտույտի մեջ չենք, ոչինչ գոյություն չունի: Ամեն ինչ մեր գլխում է, մենք ենք պտույտ ստեղծում:

Մարդկությունն այսօր ամենաշատը կարիք ունի… միմյանց, որովհետև իմ պատկերացմամբ աշխարհի ավարտը միայնակությամբ է գալու: Մարդիկ հիմա շատ մենակ են:

Կյանքը լիարժեք է, երբ մարդը ներքուստ բավարարված է և դա չի կապում ավելի շատ ունենալու հետ, այլ իրեն բավարարված, երջանիկ ու թեթև է զգում ունեցածով:

Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է ուրախանալ և հիանալ:
Ես ապրում եմ մահվան հետ զուգահեռ, դրա գիտակցությունը գլխումս ունենալով: «Momento Mori». hիշիր մահվան մասին, որ արժեքավոր ու արժևորելով ապրես:

Նիկոլա Տեսլան է այն մարդն, ում հետ զրուցելու հնարավորություն կուզեի ունենալ: Գիտության ու հոգևորի սահմաններն իրականում միմյանցից հեռու չեն, և Տեսլան պատմության մեջ այն մարդն է, որը կարողացել է այդ երկու դաշտերը միավորել՝ գիտությանը մոտենալ հոգևոր տեսանկյունից: Եթե զրուցելու հնարավորություն ունենայի՝ կհարցնեի արդյոք չի՞ նեղացել մարդկանցից… Կխնդրեի չնեղանալ (ծիծաղում է, – հեղ.):

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում, երբ օգնում եմ, երբ Նա ինձ հնարավորություն է տալիս օգնել մարդկանց ու աշխարհին: Կատարյալ երջանկության պահեր են:

Առավելագույնս ճիշտ վարվել ու ճիշտ ապրել. այս մտքով եմ առաջնորդվում: Շատ դեպքերում մենք չգիտենք, թե որն է այդ ճիշտը, և ինչպես գտնել այն: Ճիշտ ընտրություն կատարելու կարողությունը շատ կարևոր է: Ուզում եմ միշտ այնքան ուժեղ լինել, որ չկորցնեմ ինքս ինձ: Հաճախ պատահում է այնպես, որ կյանքը մարդկանց ստիպում է կորցնել իրենց. հարվածներ է տալիս, ու մեջքդ կոտրվում է… պիտի պինդ լինես, թույլ չտաս, որ այդպես լինի:

Թատրոնի ռեժիսորի գործում ամենաբարդը ոչնչից ինչ-որ բան արարելն է, ինչ-որ բան ստանալը: Ռեժիսորի գործը փոքր աշխարհ ստեղծելն է, այնպես, ինչպես մեր աշխարհն է ստեղծվել՝ ընտրված դետալներով, մանրուքներով:

Իմ կյանքի սերը թատրոնն է:

Դրախտն իմ պատկերացմամբ այն բերկրանքն է, որ դու ապրում ես, երբ հոգիդ խաղաղ է, և քեզ որևէ բան չի անհանգստացնում:

Մեծագույն քրիստոնյան ինձ համար Ս. Գրիգոր Նարեկացին է: Անհնար է մեղք չգործել, բայց քրիստոնյան նա է, ով ընկնելուց հետո միշտ վեր է կենում, ապաշխարում է՝ Աստծուն ու կատարելությանը ձգտելով, իր անկատարությունը գիտակցելով, ընդունելով:

Աստվածաշնչից ինձ համար առանձնացնում եմ Հիսուսի երկու ամենածանրակշիռ, նրա անցած ճանապարհն ու ցավը ցույց տվող արտահայտությունները՝ «Աստված իմ, ինչու՞ ինձ թողեցիր» և «Հա՛յր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»: Սրանք շատ խորը շերտեր ամփոփող մտքեր են՝ Քրիստոսի հաղթանակի բանալին:

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ աշխարհի ավարտը կհետաձգվի ևս երկու հազար տարով:

Պատրաստեց Ա. Պողոսյանը

http://www.qahana.am/am/interviews/famous-people/0/296043666


 

бутон за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net