Իմ խղճի ձեռքին դարձել եմ գերի,
Արժան֊անարժան՝ նա չի ճանաչում,
Իմ վստահության հողերում բերրի՝
Կեղծավորների բերքն է կանաչում։

Այդպես էլ հոգիս չհասունացա՛վ,
Ու խորամանկել՝ նա չսովորեց,
Սուտ ու կեղծիքի մեծ ճամփով անցավ,
Բայց սուտը սրտում չտեղավորեց։

Բոլորին չափեց իրեն հավասար,
Ժպիտը՝ միայն սրտանց նվիրեց,
֊Իմ անմի՛տ հոգի, ասա՛, ո՞ւր հասար
Քո խիղճն իր ձեռքով տունդ ավերեց։

Երանի՜ դառնամ դաժան խղճասպան,
Ժպիտը դեմքիս՝ սովորեմ խայթել,
Ի՜նչ եմ բարքերին դարձել պահապան,
Իմ պարզությունը սկսում եմ ատե՛լ։

Ոտնատակ կտան` քանի ճիշտ ապրես,
Մարդիկ հարգում են արհամարհողին,
֊Խիղճ ի՛մ, ինձ հանկարծ չմեղադրե՛ս
Ես այսօր պիտի հանձնեմ քեզ հողին։

Սովորեմ ապրել շատերի նման,
Երեսին ժպտալ, մեջքից՝ հարվածել,
Այս կեղծ ամբոխի սիրելին դառնամ,
Ովքեր խաբելով սուրբ էին ձևացել։

06.12.2017

Աննա Հովհաննիսյան

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert