Խորհրդարանից դուրս է ձևավորվելու աշխատավորության շահերը պաշտպանող ամենահուսալի կառույցը՝ անկախ արհմիությունների համակարգը

Վարչապետի Աստանայում աշխատանքի մասին ունեցած ելույթը լայն հասարակայնության գիտակցությանը հասցրեց ակնհայտ այն իրողությունը, որ հայաստանյան հասարակությունը անկախության տարիների ընթացքում այդպես էլ չի ձևավորել քաղաքական ուժեր, որոնց խնդիրը լիներ պայքարն աշխատավորների իրավունքների համար։ Ափսոս, իհարկե, որ օրվա իշխանությունը, լինելով արմատական ազատականության կողմնակից, հակված չէ նպաստելու հանրային դաշտի այդ բաղկացուցչի ձևավորմանը։ Բայց ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունը դրա համար նախադրյալներ ստեղծել է՝ նույնիսկ իր ընտրախավի կամքին հակառակ, որն ի դեպ նորմալ է։

Այսօր աշխատավորների շահերի պաշտպանությամբ շահագրգռված երկու հոսանք է նկատվում ՝ ոմանք փորձում են ձևավորել սոցիալ-դեմոկրատական տիպի ինքնուրույն կուսակցություններ, մյուսները՝ գիտակցելով, որ վերջիներիս՝ պարլամենտ մտնելու շանսերը զրոյական են, ձգտում են հաստատվել իշխանական դաշինքի շրջանակներում՝ որպես նրա ձախակողմյան թևը (ֆրակցիա՞ն)։

Այս ջանքերին՝ պարադոքսալ ձևով, կարող է նպաստել նաև նորոգվող Հանրապետական կուսակցությունը, եթե նրա երիտասարդական թևը հավատարիմ մնա վերջին օրերին իրենց իսկ արված հայտարարություններին և իսկապես ստանձնի կառուցողական ընդդիմության գործառույթը։ Բայց դրա համար նրանք պետք է հրաժարվեն դեկլարատիվ նժդեհականությունից և ընդունեն, որ հայ ժողովուրդը համասեռ զանգված չէ, այլ տարբեր շահեր հետապնդող խմբերից կազմված դիֆերենցված հասարակություն։ Այս գործին իրենց լուման կարող էին բերել նաև ծառուկյանականները, եթե նրանց հաջողվեր գոնե մասամբ ձերբազատվել իրենց «ֆոլկլորային» պոպուլիզմից։

Անկախ նրանից, թե նշված ուժերից որոնք և ինչ համամասնությամբ կհայտնվեն խորհրդարանում, համարյա անվիճելի է, որ սոցիալական արդարության միտված քաղաքական ուժերի դաշինքը առաջիկա տարիներին խորհրդարանից դուրս է ձևավորվելու։ Սա ոչ ամենացանկալի, բայց ի վերջո ընդունելի տարբերակ է։ Խորհրդարանից դուրս է ձևավորվելու բնականաբար – եթե այն ընդհանրապես ձևավորվի – աշխատավորության շահերը պաշտպանող ամենահուսալի կառույցը՝ անկախ արհմիությունների համակարգը։

Սրանք են լինելու այն գործիքները, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել նոր հասարակական դաշինքի հաստատմանը և ապահովել հայ հասարակության հետագա զարգացումը։ Եվ եկեք թողնենք, որ վարչապետը զբաղվի իր գործերով։

Քանզի՝
Ոչ ո՛ք չի տա՛ մեր փրկությունը
Ո՛չ խենթ հերոսը, ոչ արքան,
Մենք պետք է մեր ազատությունը
Կռենք ձեռքով մեր սեփական։

Աղբյուրը  պրոֆ. դոկ. Աշոտ Ոսկանյանի ՖԲ,յան էջ Ashot Voskanian

Լուսանկարը՝ hetq.am

 

 

 

share button

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net