Տնտեսություն
Պետության խնդիրն է չափավոր ներգործել տնտեսության վրա այնպես, որ ստեղծվի համընդհանուր բարեկեցության պետություն։ Այն ենթադրում է արդյունքի արդար բաշխում և հանրային պատասխանատվություն այն քաղաքացիների համար, որոնք իրենց համար արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու հնարավորություն չունեն։ Տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ այն հանգեցնի հանրային հարաբերությունների արդարության։
Կուսակցությունը սոցիալ դեմոկրատական գաղափարախոսության արժեքների կրող է, ինչը ենթադրում է, որ սոցիալական արդարությունը, մարդու բարեկեցությունն ու մարդու իրավունքները գերագույն արժեքներ են: Այս արժեքների իրագործման համար անհրաժեշտ նախապայմաններն են մասնակցային 22ը և սոցիալական-շուկայական տնտեսությունը, որին պետությունը միջամտում է` նպատակ ունենալով իր քաղաքականություններով կանխել շուկայի ձախողումները և/կամ շտկել դրանք:
Մեր քաղաքականությունները լինելու են շրջադարձային և երկրի ամբողջ տարածքում հասցեագրելու են միջավայրային և ոլորտային մարտահրավերներ:
Հանրային կառավարման համակարգը, հանդիսանալով միջավայրը ձևավորող ամենազդեցիկ գործոն, առանձնահատուկ ուշադրության է արժանի: Ուստի, մեր քաղաքականությունները այս ուղղությամբ ծավալվելու են հանրային կառավարման համակարգի հետևյալ ուղղություններով`
- հանրային կառավարման համակարգի բարեփոխումներ,
- քաղաքականությունների ձևավորում, համակարգում և հաշվետվողականություն,
- հանրային ծառայությունների մատուցում,
- մարդկային ռեսուրսների կառավարում,
- հանրային ֆինանսների կառավարում՝ ներառյալ պետական գնումներ:
Այս բոլոր ուղղություններով մասնակցային և ներառական սկզբունքներով ձևավորելու ենք փաստերի վրա հենված զարգացման քաղաքականություններ, որոնք հնարավորություն կտան պետության միջամտությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում դարձնել հնարավորինս հիմնավորված և արդյունավետ: Արդյունքում ունենալու ենք հանրային ռեսուրսների ձևավորման և օպտիմալ տեղաբաշխման, ինչպես նաև քաղաքացիներին որակյալ հանրային ծառայությունների մատուցման համակարգեր: Այս գործընթացներում ապահովելու ենք նաև թափանցիկություն և հաշվետվողականություն:
Մեր այս քաղաքականություններով արմատապես փոխելու ենք տնտեսության մեջ առկա խաղի կանոնները` վերացնելով կորզող բոլոր հաստատությունները և գործիքները, որոնք մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծում:
Շուկան ապամենաշնորհելով և ստեղծելով խաղի հավասար կանոններ՝ հանրային և տնտեսական քաղաքականությունների միջամտությամբ զարգացնելու ենք տնտեսության երկրորդային և երրորդային սեգմենտները՝ երկարաժամկետում նպատակադրելով զարգացնել նաև չորրորդային` բարձր տեխնոլոգիաների սեգմենտը: Այս ուղղությամբ մեր հեռանկարն է տնտեսական քաղաքականություններով նպաստել արդյունաբերության և ծառայությունների մեջ երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը և մրցունակության բարձրացմանը, այդ մրցունակ ուղղությունները թիրախավորելով՝ հասնել տնտեսության կառուցվածքի վերափոխման՝ հանքարդյունաբերական-ագրարայինից դեպի արդյունաբերական, ծառայությունների և բարձր տեխնոլոգիաների տնտեսության:
Այս ուղղությամբ մեր քաղականությունները իրականացնելիս չենք առաջնորդվելու միայն պահի առաջնահերթություններով և գնահատելու ու հաշվի ենք առնելու նաև այդ գործողություների ազդեցությունը հաջորդ սերունդների վրա: Այս գիտակցումով տնտեսությունը վերոգրյալ ուղղություններով զարգացնելուն զուգընթաց՝ հետ ենք մղելու մետաղական հանքարդյունաբերությունը, իսկ պետության զարգացման կարիքներից ելնելով՝ եզակի դեպքերում մետաղական հանքերի շահագործումը ամբողջովին կլինի պետության հսկողության և կառավարման ներքո: Սակայն նույնիսկ այս դեպքերում այն չի իրականացվի ի վնաս բնության և քաղաքացու կյանքի ու առողջ ապրելու իրավունքի: Այս հեռանկարի հիմքում նաև այն գիտակցումն է, որ ներկան ու ապագան երկրի ու քաղաքացու կյանքը վտանգի տակ դնող տնտեսական քայլերը նպաստում են նաև արտագաղթին և սահմանափակում հայրենադարձությունը:
Գտնում ենք նաև, որ անարդար է հանքարդյունաբերությունը նույն դրույքաչափով հարկել, ինչ արդյունաբերության մյուս ենթաճյուղերը։ Ըստ էության, հանքարդյունաբերական ձեռնարկությունների կատարած աշխատանքը ոչ թե արդյունաբերական արտադրությունն է, այլ հանրությանը պատկանող ընդերքի հարստությունը արդյունահանելու ծառայությունը։ Համապատասխանաբար, այն պետք է հարկվի բացարձակապես այլ ռեժիմով՝ որպես հանրությանը մատուցվող ծառայություն։
Տնտեսության զարգացման խթան հանդիսացող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները լինելու են մեր ջանքերի կիզակետում: Ձգտելու ենք պատասխանատու և արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության միջոցով կրճատել պետական պարտքի բեռը, նվազեցնել ընթացիկ ծախսերը և արդյունքում մեծացնել ֆիսկալ միջակայքը: Սա հնարավորություն կտա շեշտակի մեծացնել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում պետության կողմից իրականացվող կապիտալ ներդրումները: Սոցիալական ենթակառուցվածքների մասով պետությունն ունենալու է մեծ ներգրավվածություն` պարտադիր առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ և դրա զարգացմանը անմիջական մասնակցություն ունենալու միջոցով: Սրա առնչությամբ մեր տեսիլն է ներդնել առողջապահական, սոցիալական և կրթական համակարգեր, որ իրենց որակով չեն զիջի արևմտյան զարգացած երկրների նույնանուն համակարգերին:
Գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի հանրության պարենային անվտանգության հիմնահարցը՝ հաշվի առնելով նաև պատերազմի վերսկսման հավանականությունը։ Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է միտված լինի ստանալ բնական, էկոլոգիապես մաքուր արտադրանք՝ այն դարձնելով բրենդային քաղաքականություն։ Գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը պետք է հասցնել նվազագույնի՝ այն փոխարինելով տեղում արտադրված որակյալ արտադրանքով։ Արտադրության ոլորտում նաև պետական աջակցությամբ պետք է աստիճանաբար կիրառել միջազգային լավագույն փորձառությունն ու նորագույն տեխնոլոգիաները, ոլորտում ծախսվող էներգիան փոխարինել արևային և վերականգնվող այլ էներգատեսակներով:
Ե՛վ տնտեսական, և՛ սոցիալական ենթակառուցվածքների գծով զարգացնելու ենք համագործակցություն մասնավոր հատվածի հետ և կառուցելու ենք համակարգեր, որոնք վերոգրյալ ուղղություններով զարկ կտան տնտեսության զարգացմանը, ինչն իր հերթին կբարձրացնի քաղաքացիների կենսամակարդակը և բարեկեցությունը: Այս գործընթացում, հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակ լինելը, պետական ներդրումները կիրականացվեն՝ ըստ դրանց ֆինանսատնտեսական և սոցիալական առավելագույն հատույց ստեղծելու կարողության:
Տնտեսության զարգացման գործում մեր գերխնդիրն է լինելու հավասար մրցակցային պայմաններ ստեղծելով ապահովել կայուն և ներառական տնտեսական աճ, և այս գործընթացում համապատասխան կարևորություն է ստանալու նաև գների կայունության խնդրի արդյունավետ իրագործումը և ֆինանսական համակարգի զագացումը:
Սոցիալական քաղաքականություն
Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է սոցիալական պետություն։ Այն պետք է հստակեցնի քաղաքացիների նկատմամբ իր պատասխանատվության սահմանները։ Պետության սոցիալական քաղաքականության նպատակը պետք է լինի բարեկեցության, մշակութային զարգացման ցանկացած մակարդակում գտնվող քաղաքացու համար ապահովել բարեկեցության, մշակութային զարգացման, սոցիալական ապահովության ավելի բարձր մակարդակ տեղափոխվելու բոլոր պայմանները։
Պետության սոցիալական քաղաքականության վերջնական թիրախը համընդհանուր բարեկեցության և հանրային համերաշխության պետության կայացումն է։ Սա ենթադրում է, որ երկրում չպետք է լինեն անոթի, կրթության ցածր ցենզ, անօթևան, սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով վատառողջ քաղաքացիներ։ Համերաշխության ու սոցիալական պատասխանատվության մակարդակի իդեալ կարող է համարվել վիճակը, երբ աշխատունակ ցանկացած քաղաքացի իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություն ունի և այդ հնարավորությունից չօգտվելը պատիվ չի բերում իրեն, իսկ անաշխատունակները ապրում են արժանապատիվ ու ապահովված։
Ընդհանրապես, կենսագործունեության որևէ փուլում դժվարությունների հանդիպած քաղաքացիները պետք է զգան պետական հոգածությունը՝ իր հնարավորությունների ողջ ծավալով։ Գործնականում դա կարող է դրսևորվել աշխատատեղերի ստեղծման արդյունավետ քաղաքականության վարմամբ, աշխատունակ քաղաքացիների մասնագիտական վերապրոֆիլավորման հնարավորությամբ, համընդհանուր բարեկեցությանն ուղղված ու աղքատության հաղթահարմանը միտված և արդյունքի արդար բաշխման պետության վարած քաղաքականությամբ և այլն։
Կանանց սոցիալական պաշտպանվածություն
Պետությունը ժամանակավոր կարգավորիչ գործիքներ կիրառելու միջոցով կարող է սեռերի իրավահավասարության հարցը լուծել՝ այն իրավական ու հռչակագրային մակարդակից բարձրացնելով գործնական ու մշակութային մակարդակ։
Կանայք կատարում են մեծ քանակությամբ չվարձատրվող աշխատանք: Մասնավորապես՝ չվարձատրվող աշխատանքը ներառում է երեխաների և տարեցների խնամքը, տնային տնտեսությունը, աշխատանքը խոհանոցում և այգում: Առաջարկում ենք չվարձատրվող աշխատանքը նույնպես ներառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխայի և ծերերի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, այլ ոչ թե միայն դրա 10 տարին, ինչպես այն կարգավորվում է ներկայիս օրենսդրությամբ:
Գյուղաբնակ և բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց սոցիալական իրավունքների իրացման նպատակով իր հողատարածքը մշակող և ինքնազբաղված համարվող կանանց գերակշռող մեծամասնությունը զրկվում է երեխայի խնամքի նպաստ, ապա հետագայում բարձր կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս կատեգորիայի կանանց համար հարկավոր է մշակել հարկման օպտիմալ մեխանիզմներ, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռնվի՝ օգտվելու վերը նշված սոցիալական իրավունքներից:
Մինչև երեք տարեկան երեխա խնամող մայրերի 83%-ը, որոնք կարող են նշանակալիորեն ընդլայնել աշխատուժը ողջ տնտեսության մակարդակով, չեն վերադառնում աշխատանքի՝ պատճառաբանելով երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակների բացակայությունը։
Անհրաժեշտ է կարճաժամկետ հատվածում Երևանի և Հայաստանի խոշոր համայնքերում անհապաղ նախաձեռնել և իրականցնել վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրագիր՝ նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով։
Կանանց սոցիալական պաշտպանվածությունը չի սահմանափակվում միայն վերը նշված դրույթներով և հետագայում մեր կողմից մշակվող քաղաքականություններում ընդգրկվելու են այլ ծրագրեր։