Վերջին օրերին ԱԺ-ում քննարկվում էր Ամենայն Հայոց կաթողիկոսին պաշտպանելու հարցը։ Հենց միայն այն հանգամանքը, որ Հանրապետական կուսակցությունն էր այդ բանաձևի հեղինակը, խոսում է այն մասին, թե որքան է այդ կուսակցությունը սնանկացել, ավելի շուտ որակազրկվել, որ վերապրելու համար դիմում է նման քայլի և կառչում է վերջին երերուն ծղոտից։ Իհարկե որ այդ քայլը անիմաստ էր և ոչ մինչև վերջ մտածված։ Թե ինչու է հատկապես հիմա կաթողիկոսին պաշտպանելու հարցը բարձրացվում, դա էին փորձում հիմնավորել մի քանի պատգամավորներ, սակայն նրանց ելույթները և փաստարկները այնքան անօգնական էին ու պարզունակ, որ այն տպավորությունն էին թողնում, ասես իրենք էլ համոզված չէին, թե իրոք ամենայն հայոց կաթողիկոսի կյանքը Հայաստանում վտանգված է և նրան պաշտպանել է պետք. որ ուժերի՞ց, հարցը այդպես էլ մնաց բաց։ Դրա փոխարեն կուսակցության խոսնակ՝ Շարմազանովը ԱԺ-ում իր կաշվից դուրս էր գալիս, իր ամբողջ հռետորական կարողությունը վկայակոչում էր փաստելու, որ կաթողիկոսին պաշտպանելու հարցը բխում է պետականության շահերից։ Լսենք, թե նա ինչ է ասել քվեարկությունից հետո․

Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է և մեր պետության։ Հայ ժողովուրդը պետք է հստակ պատասխան տա, այո, հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության քարոզ, սեռական փոքրամասնությունների՝ գոմիկների քարոզ և որոնք երկրորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը։ Եկեղեցին դա մեր սուրբ երրորդությունն է և մենք էսօր քսանութով պաշտպանենք, վաղը լինելու ենք երկուհազար ութհարյուր, մյուս օրը, երկու միլիոն ութհարյուրհազար։ Հայկը չի կարող պարտվել Բելին, մենք հաղթելու ենք...

Իրոք որ տաղանդավոր մտքեր, փայլուն գաղափարներ, այո, ճիշտ այդպես, հանցագործները ինչ որ վերին հրաշքով կդառնան՝ Հայկ նահապետ, կհաղթեն Բելին և կփրկեն երկիրը, հայ ժողովրդին ու եկեղեցուն։

Իսկապես, միայն ապշել կարելի է, թե այս պարոնները իշխանությունը կորցնելով, որքան են սայթակել, հեռացել իրականությունից։ Օրինական հարց է առաջանում, թե այդ ի՞նչ կատարվեց, որ պարոն Շարմազանովը և իր կուսակցական ընկերները նոր միայն մտաբերեցին, որ գոյություն ունեն հայրենիք, հայ ժողովուրդ, պետականություն ու եկեղեցի հասկացողություններ։ Արդյոք նրանք գիտե՞ն, թե հայ ժողովուրդի այն հատվածը, որը մատնված է կատարյալ աղքատության, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է ապրում։

Պարոն Շարմազանովին կառաջարկեի մի օր իր թանկագին ժամանակից զոհաբերել և Գյումրի գնալ, դիտելու ամբողջ քսան տարի տևող իրենց իշխանության արդյունքը, այցելել թիթեղյա և կիսավեր տնակներում բնակվող և բոլորի կողմից լքված ծեր մայրերին, բազմանդամ ընտանիքներին, հետաքրքրվել նրանց առօրյայով, ապրելակերպով։ Հետո, եթե իր մոտ անգամ դյուզն չափով ամոթի զգացում մնացել է, ապա թող հրապարակայնորեն ներեղություն խնդրի նրանցից, հայ ժողովրից, միայն այն ժամանակ, այո միայն այն ժամանակ, նա կարող է հայ ժողովրդին վկայակոչել։

Սամվել Հովասափյան

Բեռլին, նոյեմբեր 2018

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert