Այսօր Գերմանիայում յիշատակում էին կանանց ընտրական կամ քուէարկութեան իրաւունք ստանալու 100֊ամեակը։

Հետաքրքիր է իմանալ, որ Հայաստանում կանանց քուէարկութեան իրաւունք շնորհվել շուրջ 102 տարի առաջ, 1917 թուականի ապրիլին՝ Գէորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի յատուկ կոնդակով։

Իսկ 1919 թուին Հայաստանի Ա Հանրապետութեան Խորհրդարանն ունէր 3 կին պատգամաւորներ՝ Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեան, Կատարինէ Զալեան-Մանուկեան եւ Վարվառէ Սահակեան: Հայաստանի Ա Հանրապետութիւնն ունէր նաեւ կին դեսպան՝ յանձին Դիանա Աբգարի, ով Հայաստանի դեսպանն էր Ճապոնիայում։

Ստորեւ մի հատուած Գէորգ Ե Կաթողիկոսի վերոնշեալ կոնդակից. «Մեր սիրեցեալ որդիներին եւ մեր Լուսոյ Մայր Սբ. Էջմիածնի հարազատ զաւակներին, ամէն դասակարգի այր եւ կանանց, որոնք բնակւում են քաղաքներում եւ գիւղերում, ուրախակցական ողջոյն, Հայրապետական եւ Միածնաէջ Սբ. Տաճարից եւ մեր Սբ. Հօր բազմաչարչար Գրիգոր Լուսաւորչի առաքելական գահից օրհնութիւն…

… Հայոց ժողովո՛ւրդ,
Այս օրուանից սկսած արտօնում ենք կանացի սեռի իրաւունքների վերականգնումը համայնական գործերի մէջ: Կանացի սեռի իւրաքանչիւր անհատ իրաւունք ունի` տղամարդոց հետ միասին մեր հանրական կեանքի ամէն մի գործի մէջ հանդէս գալու, թէ՛ ձայնատւութեան եւ թէ՛ ընտրութեան ժամանակ, իրաւատէր լինել ե՛ւ ընտրուելու ե՛ւ ընտրելու, մի արտօնութիւն, որ մինչեւ այժմ այր մարդոց էր վիճակուած եւ նոցա՛ իրաւունքն էր համարւում»։

Hayr Serovpé Isakhanyan

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert