«…Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն-
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե…»:
(Եղիշե Չարենց)
Վ. Տերյանը ծնվել է 1885 թ.-ի հունարի 28-ին (փետրվարի 7-ին) Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունը գյուղի դպրոցում ստանալուց հետո, նա մեկնում է Թիֆլիս՝ եղբայրների մոտ, որտեղ գիմնազիան ավարտելուց հետո, 1899 թ.-ին , մեկնում է Մոսկվա և ընդունվում Լազարյան ճեմարան, այն ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի պատմաբանասիրական բաժինը: Նույն թվականից մամուլում հրատարակվում են նրա բանաստեղծությունները, իսկ 1908թ.-ին , Թիֆլիսում, լույս է տեսնում «Մթնշաղի անուրջները» ժողովածուն, որով նա մի անգամից դառնում է հայ գրականության նշանավոր դեմքերից մեկը: 1912թ.-ին, Մոսկվայում հրատարակվում է նրա «Բանաստեղծություններ»-ի առաջին ժողովածուն, որում ընդգրկված էր նաև «Մթնշաղի անուրջները»՝ վերամշակված: 1913թ.-ն Տերյանը ընդունվում է Պետրոգրադի ( 1914թ.-ից Ս.Պետերբուրգ) համալսարանի արևելագիտության բաժին:1915 -16 թթ. -ին գործուն մասնակցություն է ցուցաբերում հայ պոեզիայի տարածման գործին, աշխատակցում է նշանավոր ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովի հետ, որը հրատարակել էր «Հայաստանի պոեզիան» գիրքը, և որում ընդգրկված էին նաև Տերյանի բանաստեղծություններից: Այդ շրջանում Տերյանը , չնայած թոքերի հիվանդությամբ տառապելուն, եռանդուն մասնակցություն էր ցուցաբերում նաև քաղաքական կյանքին: Նրան տանջում էր իր երկրի, հատկապես Արևմտյան Հայաստանի անհայտ և ողբերգական ճակատագիրը.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի.
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի…
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն:
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն:
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի’.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի:
1920թ.-ին Վահան տերյանը քաղաքական գործունեության առաքելությամբ մեկնում է Միջին Ասիա, սակայն, ճանապարհին հիվանդությունը սաստկանում է և տեղափոխվում է Օրենբուրգ .
«…Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն,
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան…»
Պոետական ոգու նախազգացո՞ւմ… Ադպես էլ եղավ: Երկու ամիս Օրենբուրգում մնալուց հետո, Տերյանը վախճանվում է և այդտեղ էլ հանձնվում է հողին: Սակայն, ցավոք, նրա շիրիմը այդպես էլ մնում է անհետ կորած: Օրենբուրգում նրա անվամբ կա փողոց, թանգարան և հուշարձան: Նրբության ու քնքշության, սիրո, մեղմ ու թախծոտ աշնան, պայծառ գարնան, ազատատենչ երազներով առլեցուն Տերյանը մեզ պարգևեց 400 մարգարիտ բանաստեղծություններ, որոնք եթե չլինեին, ապա ինչ-որ չափով պակաս կլիներ մեզանից յուրաքանչյուրի սերը, թախիծը՝ անուշ աշնան և խինդը՝ պայծառ գարնան:
Ջոկոնդա Միրզախանյան, 25 փետրվար 2012 թ.