Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» աղավաղելով, նրա հեղինակային իրավունքը խախտելով՝ ստեղծել են «Ազատ Անկախ Հայաստանի» հիմնը: Ասածս այն է, որ արդյո՞ք Հայաստանում չկային մարդիկ, որ կարողանային նոր իրավիճակների համապատասխան մի օրհներգ մշակել, որը թե՛ պատմական, թե՛ մշակութային և թե՛ վերածնունդի և վերելքի փիլիսոփայականն իմաստ ու ոգին իր մեջ կկրեր: Խորանալով առկա օրհներգի մեջ՝ չես կարողանում գտնել վերոնշյալ ոգեղենը: Այդ օրհներգի մեջ պարփակված է ազատության մարտնչումից ծնված հայդուկային ոգին և այնքան էլ համապատասխան չէ կայացած բանակ ունեցող ազատ, անկախ երկրին: Այս «Մեր հայրենիք»-ի մեջ չկա պատմության ընթացք, չկա պայքարած և հաղթանակած ու վերածնված ժողովրդի ոգի. մնացածը ավելորդաբանություն է և ընդհանրապես հետաքրքիր էլ չէ, թե առաջին հանրապետության ժամանակ է հորինվել, թե Լևոնի ժամանակ: Եւ ընդհանրապես, այն, ինչը չի համապատասխանում ժամանակի ոգուն, չպետք է տաբու դարձնել: «Տաբուններն» են, որ արգելափակում են ազգերի առաջընթացն ու զարգացումը:
ՀՀ ներկայիս օրհներգը չի համապատասխանում ՀՀ խորհրդանիշ հանդիսացող զինանշանին: Իր մեջ չի պարունակում նրա վրա նշված խորհրդանիշների պատմությունն ու ոգին: Երկրի հիմնը պետք է իր մեջ պարունակի ազգի պատմությունը և, հայերիս պարագայում, պետք է ավարտվի վերածնունդով և վերելք ապրելու ոգով:
Նմանատիպ այսպես կոչված «հարց-տաբու» առաջացավ նաև վերջերս՝ Սփյուռքի նախարարության լուծարումը կամ մնալը: Շատերը շեշտում էին այն հանգամանքը, թե ՍՆ-ը ժողովրդի և նամանավանդ սփյուռքահայության համար ընկալվում է որպես խորհրդանիշ և անթույլատրելի է դրա լուծարումը: Այս տեսակետը պնդողները չեն խորանում խնդրի բովանդակության մեջ, թե ի՞նչ է արել այդ նախարարությունը վերջին տաս տարիների ընթացքում, այլ լոկ կառչում են սփյուռքի նախարարության ձևական գոյությունից: Մենք սփյուռքում որևէ լուրջ գործողություն չտեսանք այդ նախարարությունից: Ինձ համար մեկ է, կմնա նախարարություն, թե այլ կառույց, կարևորը գործն ու բովանդակությունն է: Այդ նախարարություն ավելի շատ պառակտել է Սփյուռք-Հայրենիք հարաբերությունները, քան՝ մերձեցրել:
Մեկ դար է անցել և սփյուռքահայությունը չունի համասփյուռքյան կառույց, որի միջոցով ցանկացած հարցի շուրջ միաձայն և կազմակերպված հանդես կգա: Եվ օգտվելով այդ իրողությունից՝ որոշ կուսակցություններ իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ամբողջ ազգի անունից. դա անթույլատրելի է: Մեկ դար առաջ հայ ազգի ճակատագիրը մնաց մեկ կուսակցության որոշման տրամաբանության տակ և տեսանք, թե ինչ եղավ: Դա գալիս է նրանից, որ կուսակցությունններն էլ «տաբու»-ի են վերածվել և նույն տրամաբանությամբ աչք են փակում այն հանգամանքի վրա, որ իրենք ներկայացնում են ընդհամենը հասարակության որոշակի խավի կամ շերտի շահերը, բայց ներկայանում են մի ամբողջ ազգի անունից, ինչը գիտական և բարոյական առումով անընդունելի է: