Հայաստանից հող ու ջուր տանելը նրա համար ուխտագնացություն էր

Փարիզում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ կրկին շրջանառվեց «ժողովուրդներին նախապատրաստել հաշտեցման»՝ նախկինում եւս հնչեցված, սակայն միս ու արյուն չստացած միտքը: Մտովի սկսեցի փնտրել այն մարդկանց, ովքեր կարող են եւ իրավունք ունեն մեր ժողովրդին առաջնորդել դեպի հաշտեցում: Փառք Աստծո, կան նման մարդիկ. ես չեմ, որ նրանց պիտի հրապարակ հրավիրեմ, ժամանակի ընթացքում իրենք կնախաձեռնեն, որովհետեւ դա են պահանջում ազգային շահն ու անվտանգությունը:

Իմ համոզմամբ, այդ մարդիկ հիմնականում պիտի լինեն մտավորականներ, հատկապես մշակույթի մարդիկ: Եթե մտավորականությունն այդ դերակատարումը զիջի քաղաքական կուսակցություններին, անգամ պետական այրերին, մենք կունենանք «արդյունավետ քննարկումներ», իշխանություն-ընդիմություն բանավեճեր, շատ քիչ համոզում եւ տրամադրվածություն:

Երկար տարիներ, սկսած խորհրդային ժամանակներից, աշխատանքի բերումով շփվել եմ ադրբեջանցիների հետ: Փորձեցի գտնել հաշտեցման «պատվիրակներ» նաեւ նրանց մեջ: Եվ, հուրախություն ինձ, իմ ծանոթների անգամ այդքան նեղ միջավայրում գտա նման մարդիկ, նրանք կան, ապրում են, նրանցից ոմանք, իրենց վտանգելով, արդեն իսկ որոշակի քայլեր են կատարել երկու ժողովուրդների հաշտեցման ուղղությամբ:

Հաշտեցման առաջարկները մենք մեր ժողովրդին դյուրին կմատուցենք, եթե սկսենք հենց նրանց` ադրբեջանցիներին ներկայացնելուց, ավելի ճանաչելի դարձնելուց: Նրանց, ում մենք արդեն 30 տարի կարգել ենք մեզ թշնամի եւ մեզ հետ կատարվող ամեն ինչ կապում ենք նրանց հետ: Խոսել ոչ թե թուրքի հետ նույնականացված, այլ ապրող, ընտանիք ունեցող, բանակին դժկամությամբ զինվոր տվող, իր եւ իր սերնդի մեղավորությունը բացատրել չկարողացող, դրկից, նախկինում կենցաղակից, այսօր վիճակակից մարդու մասին, հասկանալ մեր ու նրանց ընդհանուր տագնապներն ու վախերը, նրանց մեջ նույնպես տեսնել ծնողին, զավակին, քրոջն ու եղբորը, տուժածին ու զրկվածին, ամենակարեւորը` խաղաղությանը կարոտողին:

Այս մոտեցմամբ է կառուցված այս նյութը. ադրբեջանցի մարդը եւ այդ մարդու գեղարվեստական մարմնավորումը, ադրբեջանցի մտավորականի առաջարկն իր ժողովրդին:

Կարևորը մարդն է

Տարիներ առաջ, 2001 թե 2002 թվականին, Բանգկոգում մասնակցում էի կրթական համաժողովի: Նման միջազգային հանդիպումներում առաջինը, որ անում էին հայկական պատվիրակությունները, Ադրբեջանի պատվիրակության կազմը ճշտելն էր, նրանց տրամադրվածությունը կռահելը, պատրաստ լինելը նաեւ իրավիճակային հակաելույթների: Ադրբեջանի պատվիրակությունը ղեկավարում էր նրանց կրթության նախարարը` Միսիր Մարդանովը:

Հաջորդ օրը հյուրանոցի միջանցքում դուրս եկանք իրար դեմ: Ես սպասման մեջ էի. թե՛ պաշտոնով եւ թե՛ տարիքով նա էր ավագը, նրանն էր բարեւել-չբարեւելու իրավունքը: Մոտեցավ ժպտալով, ողջունեց: Հիսունն անց կարմրահեր, հաճելի մարդ էր, խոսում էր ռուսերեն ու ներկայանում որպես Ադրբեջանի կրթության նախարար: Մենք ծանոթացանք, ողջույնի արտահայտություններ փոխանակեցինք, հետո իր մոտ կանչեց իր պատվիրակության երկու անդամներին ու ծանոթացրեց: Ասաց, որ ինքն Իջեւանից է, Սալահից (ներկայիս Աղավնավանքը), կոլեգաներից մեկը Սիսիանի Շաքի գյուղից է, իսկ մյուսը բաքվեցի է: Ես կատակեցի. «Պարոն նախարար, կարո՞ղ եմ ասել, որ Հայաստանն այստեղ ներկայացված է երկու պատվիրակությամբ»: Կատակս չնեղացրեց ադրբեջանցիներին, ես էլ ինձ լավ զգացի, որ այն, ինչ ես ուզում եմ, այն է` շփում նրանց հետ (այդ տարիներին մենք ամեն ինչ անում էինք նրանց համագործակցության դաշտ բերելու), այս կիրթ ու բարի մարդու կողմից ստանում եմ որպես նվեր: Նա հարցրեց Կարլեն Դալլաքյանից, Ջեմմա Անանյանից, ինչ-որ մարդկանցից, որոնց երախտապարտ էր ու կուզենար տեսնել: Ես պատմեցի՝ ինչ որ գիտեի, շփվեցինք մի քանի օր: Նրա հետ էր նաեւ կինը` մի հաճելի ադրբեջանուհի, ում ինձ ներկայացնելիս՝ կնոջ ողջունելու ձեւից ու լայն ժպիտից կռահեցի, որ ամուսինն իմ մասին խոսել է, Հայաստանից է խոսել: Ես շարունակեցի հնարավորինս մեծացնել շփման եզրերը, առիթը բաց չէի թողնում առաջարկելու` եթե Հայաստանում Համաշխարհային բանկի մակարդակով տարածաշրջանային հանդիպում կազմակերպվի, ինքը կկարողանա՞ գալ Հայաստան: Նա անվստահ տվեց իր համաձայնությունը:

Վերադարձա երկիր, հարցը ներկայացրեցի կրթության նախարարությանն ու Համաշխարհային բանկին: Ամիսներ անց հանդիպումը կայացավ: Ադբեջանի պատվիրակությունը Հայաստան եկավ Վրաստանով, վրացիների հետ: Մեկնեցի սահման` դիմավորելու: Վրաստանի փոխնախարարը ողջունելուց հետո ասաց՝ Ադրբեջանի նախարարը Թբիլիսիից մինչեւ Սադախլո խոսում էր քո մասին, ասում էր, որ խոստացել ես տանել իրենց գյուղ։ Իսկ ինքն էլ իր հերթին է նրան խոստացել, որ այստեղից անմիջապես նախ գյուղ կգնան: Ես դժվար կացության մեջ էի, չէի ուզում ասել, որ Իջեւան տանող ճանապարհը ռմբակոծության պատճառով փակ է, պատճառաբանեցի ուշ լինելը, որ «Անուշ» ռեստորանում մեզ են սպասում, խնդրում-համոզում-հավաստիացնում էի նախարարին, որ առավոտյան մինչեւ ժամը 11-ը ինքն իր գյուղում կլինի:

Կոնֆերանսը Ծաղկաձորում էր: Ծաղկաձորից մինչեւ Աղավնավանք 30-40 րոպեի ճանապարհ է: Հյուրի մասին տեղեկացվել էր մարզպետը, գյուղապետը սպասում էր: «Ալֆայի» աշխատակիցների մեքենան մեզ ուղեկցում էր: Լուռ էինք, ես իմ մտքերի հետ էի. ովքե՞ր են ապրում այդ տանը, ինչպե՞ս կընդունեն: Տանտերերին դժվար կացության մեջ չդնելու համար Դիլիջանում մտա մթերային խանութ: Նախարարն ակնարկեց, որ կուզենար գյուղի աղբյուրից ջուր վերցնել: Վերադարձա, ջրի տարա գնեցի, շարունակեցինք ճանապարհը: Ամեն խաչմերուկում ավտոտեսուչների մեքենաներ էին կանգնած, գյուղի մուտքի մոտ դիմավորեց գյուղապետը: Խնդրեցի առաջնորդել: Տունը գտնվում էր գյուղի գլխին, հայտնի էր բոլորին, քանզի հյուրիս հայրը, մինչեւ Հայաստանից մեկնելը, կոլխոզի նախագահն է եղել եւ հարգելի մարդ համագյուղացիների համար: Գյուղապետի մեքենան կանգնեց, նրա հետեւից` մենք: Ճանապարհի ներքեւում ձորակն էր, տունը վերեւում էր, հարցրեցի` սա՞ է: Գլխով արեց: Առաջարկեցի իջնել ու ձեռքս մեկնեցի՝ դուռը բացելու: Ասաց` սպասի՛ր: Կես րոպեի չափ լռություն էր: Բարձրացրեց գլուխն ու ասաց` աղբյուրը վերեւում է, գնանք այնտեղ: Թեեւ բոլոր տներում ջուր կար, սակայն «գյուղի աղբյուրին» մոտեցանք՝ չոքեց, լվացվեց, խմեց, դեմքն ու գլուխը շփեց, նայեց վերեւ, սարի լանջին, հայացքը դարձրեց դեպի ձորակը, նորից կռացավ, նորից լվացվեց, ջուր վերցրեց:

Իջանք տուն: Տուն տանող ճանապարհից ու իստակված բակից երեւում էր, որ տունը հոգատար ու խնամող տանտեր ունի: Տարիքով մարդիկ էին, Ադրբեջանից գաղթած ամուսիններ: Սիրով ընդունեցին, ես նաեւ նրանցից լսեցի, որ նախկին տանտերը հարգված ու պատվարժան մարդ է եղել, որ տունն արժանավոր մարդկանց տուն է, որ նրանց տղան, որ ժամանակին Իջեւանի շրջկոմի կոմերիտմիության 2-րդ քարտուղարն է եղել, այժմ Ադրբեջանում մեծ պաշտոնյա է: Ներկայացրեցի հյուրին, ով միաժամանակ նաեւ տանտեր էր:  Տանտիրուհու դեմքին մեղավորի հայացք հայտնվեց: Լարվածությունը ցրելու համար իմ հյուրը հետաքրքրվեց, թե ինչպես եկան Հայաստան, որտեղ են երեխաները: Բռնեց տարեց կնոջ ձեռքն ու ասաց. «Ձեր տանն էլ երեւի ուրիշներն են ապրում»: Տանտերերից թույլտվություն խնդրեց, որ անցնի սենյակներով: Սիրով համաձայնեցին: Տանտերը փորձեց ուղեկցել, կանխեցի, բոլորս դուրս եկանք պատշգամբ: Վերադարձավ, ասաց, որ միայն լվացարանն է փոխվել, ամեն ինչ նույնն է: Շնորհակալ եղավ տունը խնամելու համար: Տանտերերը հաց առաջարկեցին: Իմ գնումները պետք չեկան: Ամեն ինչ ունեին, ամեն ինչ սեղան քաշեցին, դե, հաց չէր ուտվում: Մի քիչ նստելուց հետո խնդրեց, որ իջնի այգի: Հետը գնաց ադրբեջանցի իր ուղեկիցը, որը նաեւ տեսանկարահանում էր: Այգուց ձայն տվեց, իջա: Հարցնում էր` կարո՞ղ է մի երկու բուռ հող վերցնել: «Ուզում եմ վերցնել հորս վերջին տնկած ծառի տակից»,- ասաց: Տոպրակ տվեցի ու փոքրիկ բահ: Չթողեց օգնել: Բարձրացավ տուն, աղ ու հաց կիսեց, վերցրեց օղու բաժակը, բարեկեցություն ցանկացավ տանտերերին, շնորհակալություն ասաց, դուրս եկանք փողոց: Մեքենա նստելուց առաջ նայեց տանը, ու շարժվեցինք: Ես հասկացա` եթե հազար անգամ էլ Հայաստան գալու լինի, այլեւս այստեղ չի գա:

Մեքենայի մեջ բռնեց ձեռքս ու ասաց` այս հող ու ջրով կօրհնվի ծնողներիս գերեզմանը: Նրա անունը Միսիր Մարդանով է, Ադրբեջանի կրթության երկարամյա նախարար, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ներկայումս՝ ակադեմիական ինստիտուտի տնօրեն: Երկու օրից մեկնեց, հետո ես աշխատանքս փոխեցի, այլեւս նրան հանդիպելու հնարավորություն չունեի: Ես մտքում նրան Արարատ էի ասում (Միսիրը Արարատի անուններից մեկն է), ես ընկեր ու բարեկամ էի կորցնում: Երկուսս տարբեր զգացումներ էինք ապրում. ես ամոթ էի զգում, որ սա իմ երկիրն է, իմ տունը, որտեղ այս արժանավոր մարդն այլեւս տեղ չունի, նա ցավ էր ապրում, որ անդառնալիորեն կորցնում է իր երկիրը, իր տունը: Ես նախանձում էի նրան. ամենասուր ցավը տանելն ավելի պատվաբեր է, քան ամենաթեթեւ ամոթն ապրելը:

Այդ ժամանակ ես ենթադրել անգամ չէի կարող, որ տարիներ անց նորից կգտնեմ նրան արդեն Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմում, նրան կճանաչեմ իր մարդասիրության, իր հոգու խաղաղության, խաղաղություն գտնելու իր երազների մեջ: Հետո պիտի հասկանայի եւս մի բան, որ Հայաստան գալը, իր ծննդավայր այցելելը, Հայաստանից հող ու ջուր տանելը նրա համար ուխտագնացություն էր, որ Սալահը (Աղավնատունը) նրա ե՛ւ Մեքքան էր, ե՛ւ Քեբելան:

Վիկտոր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն
«Նուբարաշեն» ՔԿՀ

https://hraparak.am

 

 

бутон за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net