Այստեղ ոչինչ իմը չէ.
Ես կանգնած եմ գլխահակ.
Չէ, երկնային թևեր չեն
Ինձ բարուրել այսքան տաք:
Մենությունն է գրկել ինձ
Թևակոտոր հավքի պես,
Խորթ են ամեն տենչ ու իղձ,
Անուրջներս բոցակեզ:
Անդրադարձն է երկնքի
Հոգուս կապույտը հյուսել,
Ես սովոր չեմ փշրանքի,
Ինձ խելահեղ սեր տվեք:
Այստեղ ոչինչ իմը չէ…
Ոչ մարմինը բզկտված,
Ոչ էլ անբիբ աչքերը,
Որոնց մեջ ես եմ թաղված: