Աննա Ասատրյան, ՀՀ ԳԱԱ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ, ԱՐՎԵՍՏԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԵՐԱԺՇՏԱԳԵՏ

Հայրենական պատերազմի դժնդակ օրերին, երբ ռազմի դաշտում որոշվում էր Խորհրդային Միության ժողովուրդների, այդ թվում և հայ ազգի ճակատագիրը, Հայաստանում տեղի ունեցան մեծ ու նշանակալի իրադարձություններ, որոնց վիճակված էր բախտորոշ դեր խաղալ մեր երկրի կյանքում` պայմանավորելով նրա հետագա համակողմանի և հուժկու առաջընթացը: 1943թ. նոյեմբերին ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ջանքերով հիմնադրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որը շուտով աշխարհահռչակ Վիկտոր Համբարձումյանի շնորհիվ դառնում է հայ ժողովրդի գիտական մտքի կենտրոնը` հայկական գիտության դրոշակակիրը և արժանի տեղ նվաճում համաշխարհային գիտական առաջընթացի մեջ (հարկ է նշել, որ 1943-ը ամենածանրն էր Երկրորդ աշխարհամարտի տարիներից, սակայն այդ հանգամանքը խոչընդոտ չէր Ստալինի համար երկրում գիտական, կրթական և մշակութային օջախների ստեղծման գործում):
Մեկ տարի անց` 1944թ., Դաշնամուրային (1936թ.) և Ջութակի (1940թ.) կոնցերտների, Առաջին (1934թ.) և Երկրորդ (1943թ.) սիմֆոնիաների, «Գայանե» բալետի (1942թ.) հեղինակ, արդեն համաշխարհային հռչակ ձեռք բերած Արամ Խաչատրյանն ստեղծում է Հայկական ԽՍՀ պետական հիմնը` երգչախմբի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը (բանաստեղծական տեքստը` Սարմենի, ռուսերեն թարգմանությունը` Ա.Տեր-Հակոբյանի)1:
Խաչատրյանական հզոր հիմնի առինքնող հնչյունների ուղեկցությամբ է անցել հայ ժողովրդի մի քանի սերունդների կյանքը, կոմպոզիտորի պայծառ ու կենսահաստատ երաժշտությամբ է հայ աշխատավորը կառուցել իր շեն ու բարգավաճ հայրենիքը, կերտվել է մեր ժողովրդի ապահով ու բարեկեցիկ կյանքը, աննախընթաց թռիչք են ապրել հայոց գիտությունն ու մշակույթը:
Անցան տարիներ: Ծնվեց Հայաստանի Երրորդ հանրապետությունը: Բնականաբար, երկունքի ցավերով է ուղեկցվում յուրաքանչյուր ծնունդ, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է հասարակական կտրուկ շրջադարձերին: Այս առումով բացառություն չէր Հայաստանի Հանրապետության ստեղծումը, որը, ավաղ, ուղեկցվեց նաև ծանր ու ցավալի կորուստներով: Հետխորհրդային առաջին տարիների հոգեբանական էյֆորիան հանգեցրեց նախորդ հասարակարգի քաղաքակրթական արժեքների նկատմամբ նիհիլիստական, ժխտողական վերաբերմունքի, այսպես կոչված «սովետականի» պիտակով դրանց հախուռն ու համատարած մերժման: Ստեղծված պայմաններում մերժվեց ու շրջանառությունից հանվեց նաև Խաչատրյանի հիմնը. ճիշտ այդպես դեն նետվեցին Մայիսի 9-ը, Մարտի 8-ը, Մայիսի 1-ը… ՀՀՇ-ի ազգակործան կառավարման հետագա տարիները ցույց տվեցին, որ ամեն ինչ հաշվարկված էր, կանխավ ծրագրված: Արագորեն կաթվածահար դարձած տնտեսության, համընդհանուր բնույթ ընդունած ու օրեցօր ահագնացող գործազրկության պայմաններում, բնականաբար, անաքրոնիզմ պիտի լիներ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը` Մայիսի 1-ը, «տիկնայք փափկասունք հայոց աշխարհի» այլևս պիտի փայտ ջարդեին, ջուր կրեին բարձր հարկերի իրենց բնակարաններ, մութուլուսին հերթերում ցրտահարվեին` կտրոնով մի կտոր հաց ձեռք բերելու համար, իսկ համատարած խավարի մեջ ընկղմված հայաստանաբնակների համար էլ ի՞նչ Հաղթանակի օր, ի՞նչ Մայիսի 9… Ամեն բան նախապես կանխորոշված էր: Ու Խաչատրյանի հզոր երաժշտությունն այլևս չէր կարող լինել սրընթաց դեպի կործանում սուրացող մեր հանրապետության խորհրդանիշը:
Եվ այսպես, ոտնահարելով Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության կարծիքը` հայ ժողովրդի հանճարեղ զավակի հիշատակի առջև մեղանչեց ընդամենը մարդկանց մի խումբ` ՀՀՇ-ական վերնախավի գլխավորությամբ` նրա փառահեղ ու հզոր հիմնը փոխարինելով խղճուկ ու ապազգային «Մեր հայրենիքով». մեղքը, անշուշտ, Խաչատրյանինը չէր, ոչ էլ պատճառը` նրա երաժշտության անկատարությունը: Փաստարկումը` վերադառնալ Հայաստանի Առաջին հանրապետության օրհներգին, անհիմն էր ու սնանկ. մոռացության էր մատնվում այն պարզ իրողությունը, որ 1918-ին նորաստեղծ հանրապետության ղեկավարությունը ժամանակավորապես որպես օրհներգ ընդունեց «Մեր հայրենիքը», քանզի դարեր շարունակ պետականությունից զրկված մեր ժողովրդի երաժիշտներից և ոչ մեկի մտքով իսկ չէր անցել ստեղծել պետական օրհներգ:
Բոլորը գիտեն, որ «Մեր հայրենիքի» բանաստեղծական տեքստը պատկանում է Միքայել Նալբանդյանի գրչին. 1859թ. հունիսի առաջին կեսին, հընթացս եվրոպական իր շրջագայության, Մայնի Ֆրանկֆուրտում նա գրում է «Իտալացի աղջկա երգը 1859 թվականից» նշանավոր բանաստեղծությունը2, որն առաջին անգամ տպագրվում է «Հյուսիսափայլի» 1861թ. N 11-ում, Կոմս Էմմանուել ստորագրությամբ3, ապա` «Իտալացի աղջկա երգը» խորագրով` «Մեղուի» 1861թ. դեկտեմբերի 20-ի համարում4: Բանաստեղծության համար ստեղծագործական խթան է հանդիսացել իտալացի բանաստեղծ Մերկանտինիի «Սապրիի հասկահավաքը», որ վերածվել էր ժողովրդական լեգենդի5:
Սակայն, թերևս, քչերին է հայտնի, որ այդ բանաստեղծությունն իրականում ձոն է` առ իտալական ժողովրդական ազատագրական պայքարը և որևէ ուղղակի առնչություն չունի հայ ժողովրդի հետ: Իտալացիներն իրենց ազգային դրոշը պարզած նետվում են մարտի դաշտ` փշրելու ավստրիական շղթաները.

«Ահա’, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:

Նայի’ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո’ղ փողփողի թշնամու դեմ,
Թո’ղ կործանվի Ավստրիան»:

Ի դեպ, խոսքն այստեղ իտալական եռագույն դրոշի մասին է` կարմիր-ճերմակ-կանաչ: Եվ քանի որ Հայաստանի Առաջին և Երրորդ հանրապետությունների դրոշը նույնպես եռագույն է, ուստի պատրանք է ստեղծվել, թե խոսքը հայոց եռագույնի մասին է:
Հայրենասեր իտալուհին հորդորում է եղբորը.

«Գնա’, եղբայր, աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա’, թեև չեմ կարող գալ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր:

Գնա’ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին»:
Իտալիայի ազատագրումը ձեռք է բերվում նրա որդիների արյամբ, և հայրենասեր բանաստեղծը երազում է այն պահը, երբ նրանց խանդավառության «կեսը» կամ գոնե «կեսի կեսը» կհամակի և հայերին.

«Ո’հ, իմ սիրտը կտրատվում է,
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք… ո~ւր Եղիշե,
Ո~ւր մեր տիկնայք փափկասուն:

Ո’հ… արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ’… թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են»:

Այդ ո՞ր իրավունքով վերցվեց և աղավաղվեց Նալբանդյանի բանաստեղծության հիմնական բովանդակությունը, երբ առաջին` «թշվառ, անտեր» տողը փոխարինվեց «ազատ, անկախով», որի հետևանքով տեքստում ստացվեց աբսուրդ. եթե հայրենիքն արդեն ազատ է ու անկախ, ի՞նչ իմաստ ունի հանուն ազատության զոհվելու կոչը: Մի՞թե հայ բանաստեղծական քնարն այդքան տկար էր ու ամուլ` ստեղծելու իր ժողովրդի դարեր շարունակ երազած պետության օրհներգի տեքստը: Երիցս ո’չ:
Բանաստեղծական տեքստի հետ կապված մեկ նկատառում ևս. առհասարակ հիմնն ունենում է կենսահաստատ, լավատեսական և փառաբանական բովանդակություն, դրանում գովերգվում են հայրենի երկիրն ու ժողովուրդը, շեշտվում բարգավաճ ու շեն հայրենիքի լուսավոր ապագայի գաղափարը: Մինչդեռ «Մեր հայրենիքում» վերջին քառյակում կարմիր թելի պես անցնում է մահվան գաղափարը` արտահայտված «մահը», «մեռնե» և «զոհվի» բառերով.

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի~, որ յուր ազգի
Ազատության կըզոհվի:

Այսինքն մենք մեր երկրի ապագան տեսնում ենք մահերով ու զոհերով. մի՞թե սա’ է մեր նպատակը և մեր հավատամքը: Կարծում եմ` ոչ:
Խոնարհվելով Մ. Նալբանդյանի տաղանդի ու հիշատակի առջև` միևնույն ժամանակ կարծում եմ, որ նրա բանաստեղծությունը որևէ կապ չունի պետական հիմնի հետ և չի կարող այդ նպատակին ծառայել: Չէ՞ որ հեղինակն այն չի հղացել որպես պետական օրհներգի տեքստ, և բերել բանաստեղծությունն ու արհեստականորեն դարձնել պետական օրհներգ` կարծում եմ` ճիշտ չէ:
Ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա այն իտալական է և հայ երաժշտության հետ ոչ մի ընհանրություն չունի: Այս առումով տեղին եմ համարում մեջբերել Նյու Յորքի Հայ մշակութային միության (այժմ` Համազգային) հիմնադիր անդամ, Նյու Յորքի և շրջակայքի հայ գաղութի մշակութային վերազարթոնքի ռահվիրաներից երաժշտագետ Գրիգոր Փիտեճյանի հուշերից մի դրվագ. «1950-ական թուականներուն, երբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքին ուսանող էի, երաժշտության ուսուցիչս, պրն Համբարձում Պէրպէրեան, օր մը, երբ նոր վերադարձած էր ճամբորդութենէ մը, մեզի` աշակերտներուս, պատմեց թէ` ինչպէս Իտալիոյ մէջ, երբ բարեկամներով ճաշարան մը գացած էին, յաճախորդները զուարճացնող փոքր նուագախումբը այլ երգերու շարքին յանկարծ կատարեց նաև ծանօթ «Մեր Հայրենիք»-ը… Վստահելով ուսուցչիս երաժշտական լսողութեան և հաւատալով անոր ըսածներուն, կրնամ ըսել որ «Մեր Հայրենիք» հիմնի բառերն ու եղանակը իտալերէնէ առնուած են»6:
Ավելին, բավական չէ, որ երաժշտությունն իտալական է, միևնույն ժամանակ այն բոլորովին չի համապատասխանում հիմնին ներկայացվող պահանջներին: Հիմնը պետք է սկսվի վերընթաց թռիչքով` կվարտա կամ կվինտա կամային քայլով, մինչդեռ մեր հիմնում մեղեդին սկսվում է գագաթից` վարընթաց շարժմամբ գլորվելով վար:
Եվ այսպես, որոշ վայ հայրենասերների թեթև ձեռքով ահավասիկ 17 տարի մեր երկրի առաջին և երկրորդ նախագահներն աշխարհին են ներկայանում օտար երաժշտության ուղեկցությամբ` երևի թե առաջ բերելով իտալացիների հպարտությունն ու ինչ-որ տեղ` ժպիտը: Եվ դա այն դեպքում, որ մենք ունենք հարուստ ու բազմադարյա երաժշտական արվեստ: Այդ ամենի պատճառն այն է, որ նորաստեղծ հանրապետությունում մերժված էր պրոֆեսիոնալիզմը, խլացված մասնագետների ձայնը, դիլետանտիզմի հաղթահանդեսի պայմաններում տիրում էր անտեղյակության կործանարար մթնոլորտը: Քանի-քանի անգամ են երաժշտագետներն արտահայտել իրենց ցասումը, որը, սակայն, մնացել է որպես ձայն բարբառո հանապատի…
Ինչևէ. այս ամենն արդեն պատմություն է, անցյալի ամոթալի էջ: Օրհներգը հայրենիքի ու պետականության գաղափարն է և կապ չունի երկրի հասարակական կարգի հետ, և այսօր մեր սերնդին հնարավորություն է ընձեռվել վերականգնել պատմական արդարությունը` վերադարձնել հանիրավի դեն նետված հիմնը, որը նրա հակառակորդները թյուրիմացաբար համարում են Հայաստանի Երկրորդ հանրապետության օրհներգ` մոռանալով, որ հանճարը, առավել ևս` Արամ Խաչատրյանը, չի կարող կաշկանդվել կոնկրետ ժամանակաշրջանի ու գաղափարախոսության կապանքներում, նա պատկանում է իր ժողովրդի բոլոր սերունդներին, և նրա ստեղծագործությունն արդիական է բոլոր ժամանակներում: Խաչատրյանի հիմնը հղացվել և հորինվել է որպես հայ ժողովրդի ու հայոց պետականության (հանրապետությունների համարակալումն այստեղ տեղին չէ) օրհներգ: Սխալվել ևս մեկ անգամ` կնշանակի ամոթով մնալ ապագա սերունդների առջև. նրանք մեզ չեն ների:
Անշուշտ, իմ ընդդիմախոսները, խաչատրյանական հիմնի փոքրաթիվ հակառակորդները, կասեն, թե դրա երաժշտությունը սառն է, չի ոգևորում և կտան նման այլ անհիմն ու անհեթեթ որակումներ: Փորձեմ պատասխանել. գեղարվեստական բազմաթիվ արժանիքների հետ մեկտեղ` խաչատրյանական հիմնը սնվել է թե’ հայ հոգևոր երաժշտության և թե’ հայրենասիրական երգերի կենարար ակունքներից: Մի կողմից` մի շարք ընդհանրություններ են առկա Ա. Խաչատրյանի հեղինակած Հայկական ԽՍՀ պետական հիմնի և, ի մասնավորի, զեյթունցի հերոս բանաստեղծ Հարություն Չագրյանի ու հայ ազգային պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցի սկզբնավորող, հայկական առաջին օպերաների և օպերետների, ռոմանսների և գործիքային ստեղծագործությունների հեղինակ, արևմտահայ իրականության մեջ երաժշտական առաջին թատրոնի կազմակերպիչ Տիգրան Չուխաճյանի ստեղծագործական համագործակցության արդյունքում ծնված, հիրավի հայոց ազգային-ազատագրական պայքարի օրհներգի նշանակություն ստացած «Զեյթունցիների քայլերգի»7 երաժշտական լեզվում: Ավելին, ժամանակակիցների վկայությամբ, ՀԽՍՀ պետական հիմնի մրցույթին Խաչատրյանն իր ստեղծած օրհներգի հետ ներկայացրել է նաև մեկ ուրիշ տարբերակ` հենց «Զեյթունցիների քայլերգը»…
Իսկ մյուս կողմից` խաչատրյանական երաժշտությունը բխում է Հայոց պատարագի N 13. «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»-ի երաժշտությունից8: Ի դեպ, Ք.Քուշնարյանն էական ընդհանրություններ է բացահայտել «Զեյթունցիների  քայլերգի» և հայ հոգևոր երաժշտության միջև: Գիտնականի կարծիքով, քայլերգում առկա հերոսական ռիթմաինտոնացիաները տարածված են եղել հայկական ժողովրդական երաժշտության մեջ դեռևս զարգացած ավատատիրության ժամանակաշրջանում: «Սույն ենթադրությունը հենվում է այն բանի վրա,- գրում է նա,- որ նմանատիպ ռիթմաինտոնացիաներ փոքր-ինչ պարզեցված տեսքով կիրառվում են նաև եկեղեցական երաժշտության մեջ: Այստեղ նկատի է առնված, մասնավորապես, պատարագի քայլերգանման երգասացությունը, որի երկու ֆրազները ներկայացված են ստորև»9: Եվ մեջբերում է «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» մեղեդու նոտային տեքստը:
Հետևությունն այն է, որ խաչատրյանական հիմնի երաժշտության հիմքում հայ հոգևոր երաժշտությունն է: Եվ եթե մենք մերժում ենք այն որպես հայ ժողովրդին իբր ոչ հարազատ, ապա մենք դրանով իսկ մերժում ենք մեր հոգևոր երաժշտությունը: Մի՞թե դա է մեր նպատակը: Կարծում եմ` ոչ:
Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Ա.Խաչատրյանի հեղինակած երաժշտությունը վերականգնելու հիմնավոր ու համոզիչ առաջարկությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բաց նամակ էին հղել հայ անվանի արվեստագետներն ու մտավորականները, այդ թվում` հայրենական մշակույթի և գիտության երևելի ներկայացուցիչներ` ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Գոհար Գասպարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Սոս Սարգսյանը, ՀՀ ԱԱ ակադեմիկոսներ Ռադիկ Մարտիրոսյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Սեն Արևշատյանը, Սիլվա Կապուտիկյանը և էլի շատ ու շատ ուրիշներ… Նկատենք, որ հայ անվանի արվեստագետների ու մտավորականների կարծիքն են կիսում ոչ միայն հայ երաժշտագետները, որոնք բազմիցս հանդես են եկել հարցի անհրաժեշտության և հրատապության հիմնավորմամբ, այլև Հայաստանի շարքային քաղաքացիները, յուրաքանչյուր կիրթ ու հայրենասեր հայ:
Հանրապետության բարձր ղեկավարությունն անսաց հայ մտավորականության ձայնին. վարչապետի 2006թ. մայիսի 4-ի N 299-Ա որոշմամբ ստեղծվեց հանձնաժողով` ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Հայտարարվեց մրցույթ, և հինգ-վեց ամիս տևած թեժ քննարկումներից հետո, 2006թ. հոկտեմբերի 21-ին, հեղինակավոր հանձնաժողովը10 փակ (գաղտնի) քվեարկությամբ կայացրեց պատմական որոշում` մրցույթի 2-րդ փուլ անցած օրհներգի հինգ տարբերակներից 15 կողմ ձայներով, գրեթե միաձայն11  ՀՀ օրհներգի մրցույթում հաղթող ճանաչվեց Արամ Խաչատրյանի երաժշտությունը12, և առաջարկվեց ՀՀ կառավարությանը` հայտարարել նոր մրցույթ` Խաչատրյանի երաժշտության տեքստի համար: Նշեմ նաև, որ հանձնաժողովի անդրանիկ նիստում խաչատրյանական երաժշտության վերականգնումը մերժող Ռազմիկ Դավոյանը, տեսնելով, որ ժողովրդի կողմից ներկայացված հայտերի ճնշող մեծամասնությունը տեքստեր էին Խաչատրյանի երաժշտության համար և զգալով, որ հայ ժողովուրդը սպասում է հենց ա’յդ օրհներգին, ինքն էլ, որպես հարազատ ժողովրդի իսկական զավակ, իր քնարը ծառայեցրեց նրա պահանջներին և հեղինակեց հիմնի պահանջներին ու երաժշտությանը լիովին համապատասխան բանաստեղծություն, որը« սակայն, հանձնաժողովը քննության չառավ, քանի որ մրցույթի սահմանված ժամկետներն արդեն անցել էին:
Բայց… մասնագետների կարծիքն այս անգամ էլ մերժվեց: Եվ մերժվեց Ազգային ժողովում, որտեղ որոշ քաղաքական ուժեր չկարողացան վեր կանգնել իրենց նեղ կուսակցական շահերից և «Մեր հայրենիքը» գերադասեցին Խաչատրյանի երաժշտությանը` տարակուսանքի մեջ թողնելով մի ամբողջ ժողովուրդ, որն արդեն տոնում էր խաչատրյանական հիմնի «վերադարձը»:
Սակայն ուզում եմ հավատալ, որ խաչատրյանական հանճարի փայլատակումներից մեկի` Հայաստանի հիմնի իսկական արժեքի գնահատման հարցում մեր հասարակության որոշ խավերում դեռևս ապրող, մարտնչող քաղքենիությունն ու նեղմիտ գավառայնությունը, վերջապես, կնահանջեն առողջ հայրենասիրության և ազգային լայնախոհության առջև, և ոչ հեռու ապագայում Հայաստանի Հանրապետությունն աշխարհին կներկայանա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՀՀ ԱԱ ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր, հայ ժողովրդի հանճարեղ զավակ Արամ Խաչատրյանի` արդեն 17 տարի հանիրավի մոռացության տրված և լռության մատնված գլուխգործոցի երաժշտությամբ, որն, իսկապես, հպարտությամբ կլցնի յուրաքանչյուր հայ մարդու սիրտը և աշխարհին կազդարարի մեր` օրեցօր հզորացող և բարգավաճող հայրենիքի մասին:

1 Մեկ տարի անց, 1945-ին, Երևանում լույս է տեսնում հիմնի Փոխադրությունը երգչախմբի և դաշնամուրի համար, իսկ Պարտիտուրը և Փոխադրությունը փողային նվագախմբի համար հրատարակվում են 1947-ին:
2 Տե’ս «Իտալացի աղջկա երգը», Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1, Երևան, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, 1945, էջ 93-95, «Իտալացի աղջկա երգը 1859 թվականից», Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով, հատոր 1, Երևան, Հայկական ՍՍՀ Ա հրատարակչություն, 1979, էջ 107-109, «Իտալացի աղջկա երգը 1859 թվականից», Միքայել Նալբանդյան, Երկեր, Երևան, Լույս, 1987, էջ 7-10: Բանաստեղծությունը թարգմանվել է ռուսերեն (թարգմ.` Վ. Զվյագինցևայի) և տպագրվել (տե’ս կպրվÿ ՌՑՈսՖÿվրՍՏռ ՊպՉցՔՍՌ, ԾՌՍՈֆս ծՈսոՈվՊÿվ, հՑՌւՏՑՉՏՐպվՌÿ, տպՐպՉՏՊ ր ՈՐՎÿվրՍՏչՏ, ԾՏրՍՉՈ, ՌջՊ. «ղցՊՏՋպրՑՉպվվՈÿ սՌՑպՐՈՑցՐՈ», 1967, րՑՐ 83-86; կպրվÿ ՌՑՈսՖÿվրՍՏռ ՊպՉցՔՍՌ, ԾՌՍՈֆս ծՈսոՈվՊÿվ, ԼջոՐՈվվՏպ, ժՐպՉՈվ, ՌջՊ. «հՏՉպՑՈՍՈվ չՐՏւ», 1979, րՑՐ. 59-61):
3 Տե’ս Ա. Ինճիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրություն, երկրորդ հրատարակություն ճշտումներով և լրացումներով, Երևան, ՀՍՍՀ Ա հրատ., 1980, էջ 189:
4 Տե’ս «Մեղու», 1861, N 147, էջ 228-229:
5 Տե’ս Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու վեց հատորով, հատոր 1, Երևան, 1979, էջ 437-438:
6 Գ. Փիտէճեան, Հայ յեղափոխական երգերուն տեղը Հայ երաժշտութեան պատմութեան մէջ, Նիւ Եորք, 1998, էջ 36-37:
7 Հեղինակը կտրիճ զեյթունցիներին կոչ է անում արևածագի հետ առնել զենքերը, հեծնել ձիերն ու դիմել մարտի, չխոնարհվել բռնապետերի առաջ:
8 Տե’ս Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատոր 7, Պատարագ, Երևան, «Անահիտ» հրատ., 1997, էջ 45:
9 ղ. ԽցՔվՈՐպՉ, ՉՏտՐՏրօ ՌրՑՏՐՌՌ Ռ ՑպՏՐՌՌ ՈՐՎÿվրՍՏռ ՎՏվՏՊՌփպրՍՏռ ՎցջօՍՌ, խպվՌվչՐՈՊ, 1958չ., րՑՐ. 543
10 Հանձնաժողովի կազմում էին Հասմիկ Պողոսյանը (նախագահ), Էդվարդ Միրզոյանը, Հովհաննես Չեքիջյանը, Դավիթ Ղազարյանը, Մարտուն Իսրայելյանը, Արամ Ղարաբեկյանը, Ռազմիկ Դավոյանը, Արարատ Աղասյանը, Նարինե Հովհաննիսյանը, Վահան Չարախչյանը, Մկրտիչ Մինասյանը, Արարատ Մալխասյանը, Վիգեն Սարգսյանը, Կարինե Խոդիկյանը, Գուրգեն Արսենյանը, Նաիրա Մելքումյանը և տողերիս հեղինակը:
11Փակ (գաղտնի) քվեարկության ժամանակ մեկ ձայն ստացավ Ռ.Ամիրխանյանի օրհներգը, իսկ մեկ քվեաթերթիկ էլ ճանաչվեց անվավեր. ինչպես պարզվեց, դա Էդվարդ Միրզոյանի քվեաթերթիկն էր, որը քվեարկել էր, բնականաբար, հօգուտ Խաչատրյանի: Սակայն իր «անվավեր» ձայնը հաշվելու Էդ. Միրզոյանի խնդրանքը հաշվիչ հանձնաժողովը մերժեց` անհարկի խոսակցությունների տեղիք չտալու համար:
12 Տե’ս Ընտրվել է Արամ Խաչատրյանի երաժշտությունը, Հայաստանի Հանրապետություն, 24 հոկտեմբերի, 2006, էջ 3, Պատարագի մեղեդին վերադարձավ օրհներգի մեջ, Ազգ, 24 հոկտեմբերի, 2006, էջ 1, Ինչպես ընդունվեց Խաչատրյանական տարբերակը. գրեթե միաձայն, Հայոց աշխարհ, 24 հոկտեմբերի, 2006, էջ 1, 4 և այլն:

Աղբյուրը՝  http://national-idea.am/articles.php?id=6

 

———————————————————————————

Միքայել Նալբանդյանի «ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ» ինչպես որ կա և եղել է.

Միքայել Նալբանդյան

Message:#3 Сообщение Армине » 23 сен 2008, 13:19

ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ
“Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ”:
“Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված”:
“Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի”
“Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո’ղ փողփողի թշնամու դեմ,
Թո’ղ կործանվի Ավստրիան”:
“Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
Պատերազմի գործերում
Կարե օգնել յուր եղբորը,
Զանց չարեցի քո սիրու”:
“Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
Շուտ ձի հեծի’ր քաջի պես,
Գնա’ փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդես”:
“Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կը զոհվի”:
“Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա’, թեև չեմ կարող գայ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր”:
“Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին”:
Ասաց. տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
ՈՒր երեք գույն կան որոշ:
Եղբայրն առավ և ողջունեց
Յուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր:
– Քույրի՜կ, – գանչեց քաջ պատանին, –
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:
Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
Հայրենիքի նվիրված:
Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի’ր որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի:
Ասաց, վազեց դեպի հանդես
Ավստրիացոց հանդիման,
Յուր արյունով գնել հավերժ
Ազատություն իտալյան:
Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք… ո՜ւր Եղիշե,
Ո՜Ւր մեր տիկնայք փափկասուն:
Ո՛հ… արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛… թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են:

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert