Անխորհուրդ օրվա փեշերից կառչած`
Լուռ քաշքշում են միայնակ կանայք,
Խանձված հասկը ափի մեջ առած`
Դեռ սպասում են գալիքին նրանք:
Ու չեն դադարում անրջել թաքուն,
Սիրել ու սիրվել և հրաժեշտ տալ,
Հեգ բարձը թրջել մենակ ու անքուն,
Արթնանալ հյուծված, դեղին ու տկար:
Եվ հավատում են ճաքած հայելուն,
Որ փոփոխում է արտացոլանքը,
Տարիների հետ անցնում են սահուն
Ու չեն կորցնում մանկան հայացքը:
Արևներ ունեն վառ հոգիներում
Ու նվիրումի անսահման տենչանք,
Դրա համար էլ կյանքը չի ներում.
Նրանց թողնում է ցավ ու ափսոսանք…