Ամբողջը չի կիսվում

Մամուլով ու հեռուստատեսությամբ այսօր շատ է խոսվում Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին։ Ոչ մի քննարկում ունկնդրին լիարժեք չի բացատրում՝ ով էր Ադրբեջանը, ինչու ԼՂ-ը պատմականորեն որոշեց դուրս գալ նրա կազմից։ Ներկա սերունդը, վստահ եմ, նաեւ բանակցողները տեղյակ չեն պայքարի ինչ փուլերով է անցել Ղարաբաղը մինչեւ պատերազմը։Սովորաբար ԼՂ պատմությունը ներկա տեխնոլոգները սկսում են Սումգայիթի ջարդերից։ Եվ կարծես Արցախի ազգաբնակչության խոշոր դերակատարումն է մոռացվել։
Կարծես նրանց ներկա իշխանությունները հանել խաղից։
Այդպես չէր 1989-ին։ Լսելի էր թե Արցախի ժողովրդի, թե նրա ընտրյալների ձայնը՝ որպես մեկ միասնական բռունցք՝ ընդդեմ Ադրբեջանի։
Ժողովրդի ընտրյալներն էին իրական առաջնորդները Արցախի հերոսական ժողովրդի։
Ովքեր, ցավոք, շատ շուտով, ՀՀՇ-ի ու սեւ կարիճի արյուն շնչող Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ ջանքերով ոչ միայն դուրս մղվեցին քաղաքական կյանքից, այլ վտարվեցին Ղարաբաղից ու գերեզման անգամ չունեցան իրենց Հայրենիքում։
Նրանցից մեկն էլ Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆՆ էր, բացառիկ խելքի ու ճկուն մտքի տեր քաղաքական գործիչը։
Շատ կուզենայի, բանակցության գնացող մեր այրերը կարդային ԼՂԻՄ Մարզկոմի քարտուղար, Հասան Ջալալյան տոհմի շառավիղ, փայլուն հռետոր Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆԻ 1989թ․ հունիսի բանավոր այս ելույթը, որ նա ունեցավ Ասկերան այցելած ԽՍՀՄ պատգամավորական խմբի ու իր ընտրողների առաջ։ Ասեմ, որ Մոսկվայից Արցախի կարգավորման հարցով Ստեփանակերտ ժամանած այս հանձնախումբը խիստ դրական եզրակացություն էր գրել՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից հանելու վերաբերյալ, Վոլսկու օգնությամբ։
Եվ սրանում մեծ էր Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆԻ դերը։ Այս ելույթը պարունակում է ամեն բան՝ բանակցության սեղանի համար։ Այսօր ոչ ոք չի խոսում, որ ԼՂ-ն իր իրական սահմաններով է մտել Ադրբ․ կազմի մեջ ԱԴՐԲԵՋԱՆԸ իր սահմանադրության մեջ ՃԱՆԱՉԵԼ է այդ սահմանները։ Այս փաստաթուղթը մեր բանագնացները չգիտես ինչու, չեն օգտագործում։ Այդ ճանաչումը ենթադրում է, որ ցանկացած ժամանակ Ղարաբաղը կարող էր տնօրինել իր սահմանների հարցը, ընդհուպ մինչեւ դուրս գալը։ ՊՈՂՈՍՅԱՆՆ ինձ մի անգամ ասաց, որ այդ փաստաթուղթը տեսել է Կեւորկովի մոտ, բայց Ղարաբաղից հեռանալիս, նա տարել էր իր հետ բոլոր կարեւոր արխիվային բնօրինակները։Դուք էլ կարդացեք, տպագրում եմ հատվածաբար, կրճատումներով։
Հ․Գ
Ասեմ նաեւ, որ 1989թ ԽՍՀՄ ԳԽ ընտրությունների ժամանակ Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ փայլուն հաղթանակ տարավ նույն ընտրատարածքում գրանցված թեկնածու Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ հանդեպ, ով ընդամենը ստացավ մեկ տասնյակից ոչ ավել քվե։ Այդ պարտությունը ալբանացին չներեց Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, ում օգնությամբ ու երաշխավորությամբ էր, ի դեպ, նշանակվել Ղարմետաքս կոմբինատի ազատված կոմկուսի ղեկավար։ “Հենրիկ Պողոսյանը շատ խելոք էր ու մենք վախեցանք նրանից, Ռոբերտը ավելի պրագմատիկ թվաց, դրա համար նրան ընտրեցինք” ,- մեր հարցազրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։

ՀԵՆՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ Ասկերանի աշխատավորության առաջ։
Հարգելի բարեկամներ։
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշել է իր ձեռքը վերցնել իր բախտը։ Նա հայտարարել է Ադրբեջանի կազմից դուրս գալու ու Հայաստանին միանալու իր ցանկությունը։
Ինչ բարոյական եւ իրավական հիմքեր ուներ ժողովուրդը՝ հարցն այդ մակարդակով բարձրացնելու։ Եկեք քննենք միասին։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ։
ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ պատմական Արցախի հայ ժողովուրդը, հինգ ադմինիստրատիվ մելիքություններով ապահովել է իր ինքնուրույն պետականությունը՝ երբեմն գուցե կիսանկախ, բայց երբեք ոչ ամբողջապես կախյալ։Ոչ տիրապետողներից, ոչ թուրքական զավթիչներից։ Ղարաբաղը մինչեւ 1923թիվը եղել է ինքնուրույն ադմինիստրատիվ պետական միավոր Անդրկովկասի տարածքում։ Այդ մասին կան օտարների կողմից բազմաթիվ վավերագիր նյութեր, պատմաբանների ուսունասիրություններ։ Ղարաբաղն ապրել է երկու դաժան կոտորած՝ 1902-1907թթ եւ 1920թ տալով 60 հազար զոհ՝ թուրք թաթարական յաթաղանին։ Չնայած այդ կոտորածներին, ինքնավար մարզի կազմակերպման ժամանակ, տեղի հայ բնակչությունը կազմում էր 95 տոկոս, այսինքն՝ ճնշող մեծամասնությունը։ Եվ այժմ, հատկապես այդ տեսանկյունից ենք դնում մեր խնդիրը։
Մենք որոշեցինք դուրս գալ Ադրբեջանի կազմից, հաշվի առնելով, որ հայկական հինգ մելիքությունների հիման վրա մարզ կազմակերպելը սխալ է։ Հաշվի առնելով, որ կուսակցությունն այսօր դատապարտում է իր իսկ թույլ տված սխալները՝ ստեղծման օրվանից ի վեր։Ուրեմն պատասխանատվություն պիտի կրի նաեւ 1921թ թույլ տված իր սխալի համար։
Մենք բարձրացրինք այս հարցը, քանի որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները եղել են Ադրբեջանի ոչ լիարժեք քաղաքացիներ։ Նրանք չեն կարողացել զբաղեցնել ոչ ադմինիստրատիվ, եւ ոչ քաղաքական հաստիքներ։ Նրանք չեն կարողացել աշխատել Ադրբեջանի համալսարանում, գիտական ինստիտուտներում։ Այսինքն՝ մարզի տարածքից դուրս, Ադրբեջանում, նրանք զրկված են եղել իրենց քաղաքացիական իրավունքներից։ Այս ամենը մենք պատրաստ ենք ապացուցել փաստերով։
Եւ վերջապես, դա մեր ժողովրդի միահամուռ ցանկությունն է։ Իսկ ժողովրդի հավաքական կամքը պարտադիր պիտի լինի ամեն մի օրինավոր պետության համար։ Նայեցեք աշխարհի քարտեզին, , կարդացեք “Աշխարհի ժողովեւրդները 1950-1955թթ” գիրքը։ 110-120 ազգեր ազատություն են ստացել այսօրվա իմպերիալիստների ձեռքից։ Իսկ մենք ընդամենն ուզում ենք միավորվել մեր ազգի առավել մեծ հատվածի հետ։
Մենք հայ ենք, ունենք մեկ լեզու, մեկ մշակույթ, մեկ կենցաղ ու սովորույթներ։ Մեր մեջ ոչ մի էթնիկական տարբերություն չկա։ 70 տարի ոչ միայն աղավաղում են մեր հոգեւոր արժեքները, այլ կոպտորեն ոտնահարվում։ Ոտնահարվում է մեր պատմությունը, սեփականացվում է մեր մշակույթի արժեքները, եւ հանդուրժել այս ամենն այլեւս չի կարելի։ 1000 տարի շրջափակված լինելով մահմեդական ագրեսիվ տերություններով, Արցախը կարողացել է պահպանել իր անկախությունն ու ինքնուրույնությունը։ Մինչդեռ ընդամենը 70 տարվա մեջ, խորհրդային իշխանության տարիներին, իրականում կորցրել է այն։
Ինչ փաստարկներ է բերում Ադրբեջանը մեր պահանջների դեմ։
Առաջինը, ինչը շատ ենք լսում՝ ինչպես վարվել մարզի ադրբեջանական բնակչության հետ։
Իսկ ինչպես ենք մենք վարվում մարզի էմիգրանտների, է,իգրացիոն խմբերի հետ։ Թող ապրեն ու բարգավաճեն՝ որքան կամենան։ Ադրբեջանցիները ԼՂ տարածք են թափանցել իրենց իսկ անեքսիաների կիրառման ընթացքում։ Արցախի տարածք հայտնված ամեն մի ադրբեջանցու պատմություն, նկարագրված է ոչ միայն հազյ, այլ ռուս պատմաբանների գրքերում։ Դիմենք նրանց։
Արցախում հիմնական բնակության խարիսխ ձգած առաջին թաթարական միավորը հայտնվել է 1724 թվականին։ Այ փաստը շաատ հեշտ է պարզել։ Ես հակված չեմ նրանց եկվորներ անվանել։ Նրանք նույն իրավունքներն ունեն ապրելու այստեղ, ինչպես, մենք՝ բնիկներս, բնիկ հայ ազգաբնակչությունը։ Բայց Լեռնային Ղարաբաղի բախտը տնօրինելու իրավունքը ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԵԶ։
Այդ իրավունքը մենք ոչ մեկի հետ չենք կիսի։
ՀՆՉՈՒՄ ԵՆ ՓՈԽԶԻՋՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ։
Հայտարարում ենք ի գիտություն ամենքի․
Ամբողջը չի կիսվում, չի բաժանվում մասերի։ Լեռնային Ղարաբաղն ամբողջական, միասնական վարչական միավոր է։
Մի օրգանիզմ։
Այն չի կարելի բաժանել։
Եվ մենք այն թույլ չենք տա։
Խոսելով Կովկասյան բյուրոյի որոշման մասին, բերվում է այսպիսի փաստարկ։
Որ իբր, Ղարաբաղում ժամանակին անցկացվել է հանրաքվե, եւ Ղարաբաղն իր կամքով անցել է Ադրբեջանի կազմի մեջ։։
Չի եղել այդպիսի բան։ 1920-23 թվերին 9 գյուղացիական համագումար է տեղի ունեցել Արցախում։ Ինն էլ, բացի մեկից, որի մասին հիմա կասեմ, կտրականապես Հայաստանին միավորվելու որոշում են ընդունել։ Ոչ մի ղարաբաղցու մտքով չի անցել միավորվել Ադրբեջանին։ Իսկ այդ միակ ու ճակատագրական որոշումն ընդունվել է Շուշիի ու նրա շրջակայքի ազգաբնակչության կոտորածների ճնշման տակ։ Որպեսզի դուրս բերվեն թուրքական զորամիավորումները եւ նրանց ուղեկցող, նրանց հետ քայլող տեղի մահմեդական բանդաները, ղարաբաղցիները հարկադրված եղան ժամանակավորապես ճանաչել մուսաֆաթական Ադրբեջանը մինչեւ 1921թ Փարիզի կոնֆերանսի սկսվելը։ Եւ հետո ինչ, այն ժամանակ նրանք ուզել են, հիմա մենք չենք ուզում։ Մենք արդեն դուրս ենք եկել Ադրբեջանի կազմից /ծափեր/։
Վերին օղակներում մատնացույց է արվում եւս մի փաստարկ։ Այն, որ ըստ Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։
Այսինքն՝ նշվում է Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։

Շուշան Ղազարյան «Խաչվածին մահ չկա” գրքից։

 

 

 

бутон за сайт

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net