Շուրջ երկու տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնությունը» (Melkonian Global Overture) իր հայաստանյան գրասենյակն է բացել, որը թույլ կտա առավել լավ ճանաչել հայաստանյան կրթական խնդիրները, տեղում բացահայտել դրանք ու լուծումներ տալ՝ միաժամանակ խորացնելով Սփյուռքի հետ հարաբերությունները, սփյուռքահայ երիտասարդների ներգրավվածությունը հայաստանյան կյանքում, կրթական հաստատությունների զարգացումը, միջմշակութային կապերը եւ այլն:
Կազմակերպության համահիմնադիր Արսինե Շիրվանյանի համոզմամբ, միայն լավ կրթություն ստացած, մասնագիտական հզոր պաշար ունեցող անձինք են կարող նպաստել երկրի զարգացմանը: Սփյուռքում կրթական խնդիրներն այլ են. անհրաժեշտ է տարիներ ի վեր արմատացած կրթական համակարգ ներմուծել նորարարական, գիտատեխնիկական նվաճումներին համարժեք մոդելներ, որոնք հայկական կրթությունը կդարձնեն առավել գրավիչ եւ մրցունակ: Սփյուռքի երիտասարդների համար հայապահպանությունը թիվ մեկ խնդիրն է այսօր. ի՞սկ ինչն է առավել նպաստում հայապահպանությանը օտար երկրում, եթե ոչ ծաղկուն կրթական հաստատություններն ու հայեցի, նորարարական կրթական համակարգը:
Այս եւ շատ այլ հարցերի շուրջ կազմակերպությունը հոկտեմբերին Երեւանում նախատեսում է անցկացնել մեծ համաժողով՝ վերջինիս հրավիրելով պետական ոլորտի ներկայացուցիչների, մասնավոր կազմակերպությունների, բուհերի, ոլորտի շահագրգիռ անձանց եւ առհասարակ, խնդրով հետաքրքրված քաղաքացիների:
Աղբյուրը՝ https://news.am