Սիրելի Արամ,
Վերջերս Հայաստանում քաղաքական իրադարձություններն այնպես են զարգանում, այնքան հարցեր ու իրողություններ կան քննարկելու և դրանց շուրջ մտքեր փոխանակելու, որ ես պահանջ եմ զգում դարձյալ կիսվել քեզ հետ, անփոխարինելի բաց է մնացել մեր կիրակնօրյա հեռախոսային կապը, որի ընթացքում մենք կփորձեինք հասկանալ դրանց էությունը, ինքներս մեզ համար լուծումներ գտնել: Ավաղ, պետք է ընդունեմ, որ դա այլևս հնարավոր չէ, ուրեմն ինձ մնում է միայն մի միջոց, թղթին հանձնել իմ մտահոգությունները, վստահ եմ, որ դրանք նաև քոնը կլինեին: Իրականում մտահոգության տեղիք են տալիս Հայաստանում նկատվող մի քանի տարբեր զարգացումներ, որոնք ասես բնականոն, ընթանում են նույն օրակարգով, ինչպես ամենուր, ինչպես բոլոր հետհեղափոխական երկրներում: Դրա պատճառը մի կողմից նոր իշխանությունների անփորձությունն է, անվճռականությունը, իսկ մյուս կողմից հների վերակազմավորման հնարավորությունն է և հակագրոհի անցնելու ու խափանարար գործողություններ սկսելու նրանց միտումը: Ընդունա՞կ են Նրանք այդ անելու… Այո, դու դա ավելի լավ գիտեիր: Երբեք չեմ մոռանա, դա 2010 թվականին էր, քո հերթական այցի ժամանակ Հայաստանում, ծանր ապրումներ էիր ունեցել, այնքան հիասթափված, հոռետես էիր դարձել, որ ասացիր.
«Եթե սրանք կարողանային, ապա իրենց շահերի համար՝ Արցախը, նույնիսկ՝ Հայաստանն էլ կվաճառեին թուրքին»:
Այո, իրոք որ սարսափազդու էր նման որակում արտահայտելը, սակայն այն բոլորովին էլ օդից բռնած գնահատական չէր, այլ բնորոշում էր՝ երկրի իշխանությունների և վերնախավի ապազգային և ապակառուցողական բնույթը: Երևի նման գիտակցությունն էլ Ավետիք Իշխանյանին ստիպել է խոստովանել. որ «Մենք ներսից ենք փչացած»: Այո, իրոք որ դա այդպես է: Քոչարյանները, Սարգսյանները, Գրիգորյանները, ներառած Հայաստանի վերնախավը, երկնքից չեն իջել, ծնունդն են հայ ժողովրդի և ժամանակի պայմանների: Այստեղ ավելորդ է հիշել՝ Շահան Շահնուրի՝ հայի վարքագիծը բնորշող դառը և խորքային խոսքերը, որովհետև այսօր, Հայաստանի՝ նախկինի մոլախոտերով պատած քաղաքական դաշտում, մենք նկատում ենք դրա վառ օրինակը: Ի՞սկ ինչով են զբաղված դեռ երեկ հեղափոխությանը սատարող անձերն ու կուսակցությունները: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է իր կուսակցությունը հիմնել, իրերի և քաղաքական հայացքների իր գնահատականը միակ ճիշտը համարել և այլն: Տեղին է հիշել մեծ գրողի խոսքերը. «Ինչ որ տեղ, ինչ որ բան, սխալ է»:

Այսօր որքա՞ն կուսակցություններ կան Հայաստանում, որոնց կանոնադրություն- ծրագիրը ասես մեկը մյուսի պատճենը լինեն: Երևի նման կացությունը եվրոպական կայունացած ժողովրդավարական երկրներում, այնքան էլ մտահոգիչ չէր լինի, սակայն Հայաստանի պարագայում, որտեղ՝ մշտական, երկրի ապահովության և ազգի լինելիության խնդիրներ ու հարցադրումներ պետք է լուծվեն, որտեղ՝ կայուն իշխանությունը և ուժեղ բանակը, նման լուրջ վտանգ պարունակող հեռանկարների դեմն առնելու միակ գրավականներն են, ապա երկրում կուսակցությունների բազմազանությունը պետք է նկատել դրանց հասնելու լուրջ պատնեշ, ապակառուցողական և անհարիր ազգային շահերին: Ասես մի շարք քաղաքական գործիչներ, ոչ մի դաս չեն առել հայ ժողովրդի հեռու ու մոտիկ պատմությունից, բազմազան արհավիրքներից, որոնցից շատերը, ինչպես գերմանացին է ասում՝ տնային արտադրանք են:
Ինչպես վերն ասվեց, հեղափոխությանը սատարող կուսակցությունները և անհատները, յուրաքանչյուրն իր հերթին իմաստնությունն ունի. ի՝նքը և մի’այն ի’նքը լուծումներ առաջարկելու: Այնուամենայնիվ, թող ներվի, այստեղ Շահնուրից մի դառը խոսք մեջ բերել. «սակայն ի’նքը ոչի’նչ է»:
Օրինակները շատ են, ահա այսպես.
Զարուհի Փոստանջյանը, նա այնքա՜ն է ինքնասիրահարված: Նա չի կարողանում մարսել, որ իր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը այլևս անելիք չունի, ու տես, որ նա իր ձախողման համար քավության նոխազներ է փնտրում և անզորությունից ելնելով, սկսել է զառանցել, հնարամտություններ անել:
Պարույր Հայրիկյանը, նա, մի անգամ ընդդիմադիր, առմիշտ ընդդիմադիրը, ով, խոստանում էր. «Հայկական կոնյակը և ջերմուկը վաճառելով երկիր պահել և զարգացնել, ո’վ նոր իշխանություններին այնքան ոչ արժանի է համարում, որ իր բառապաշարում բացի նվաստացնող և արհամարhական խոսքերից, այլ բան չի գտնում նրանց որակելու համար:
Գագիկ Ծառուկյանը, այդ պատեհապաշտը և «ազգային բարերարը», ով հպարտանում է, որ 200 միլիոնանոց խաղատուն հիմնելով, երկու հարյուր աշխատատեղեր է ստեղծել, մոռանալով, կամ չգիտակցելով, որ ադպիսով նա որքան չարիք է սերմանում երկրում, մանավանդ երիտասարդության շրջանակներում: Ով, ինքն ու իր թիկնապահը ընդունակ են իրենց մոտեցողի ոսկորները ջարդել, օրինակ ունենալով «իրենց երկրի» նախկին տիրակալին:
Ապա.
«Սասնա ծռեր», Գիտե՞ն նրանք, թե ի՞նչ են ասում, թե ինչո՞ւ են անում: Նրանք էլ չեն կարողանում մարսել որ ԱԺ-ի ընտրություններում իրենք անբաժին մնացին: Ուրեմն էլ ի՞նչ իշխանություն, առանց իրենց, առանց միակ արժանիների:
Ապա.
«Քրիստոնիա-Դեմոկրատ», ապա. այլ նոր ու հին կուսակցությունների լիդերներ…, բոլորն էլ նույն սազով ու նույն եղանակով:
Ապա.
«Դաշնակցություն Հեղափոխական կուսակցություն»: Շատերիս մոտ տարակուսանք է առաջացրել ու անհասկանալի է թվում այն տրամաբանությունը, որով առաջնորդվում են դեռ երեկ հեղափոխությանը սատարող այդ կուսակցության պատեհապաշտ լիդերները, որոնք, իրենց կենտրոնախույս պահվածքով, հավելյալ խնդիրներ են առաջացնում երկրում: Հենց այդ լույսի տակ էլ բոլորովին անհասկանալի է այդ կուսակցության վերջին ցույցը «Լրջացեք» կարգախոսով: Մեղմ ասած, դա այնպիսի անտրամաբանական քայլ էր, որ ակամայից մտածում և ցանկանում ես նրանցից հարցնել, միթե՞ իրենք լուրջ են, միթե՞ նրանք, այդ օրվա ճառախոսները, կամ նրանց կուսակցական ընկերները չէի՞ն, որ վերջին քսան տարում համագործակցել, նաև անգամներ կոալիցիոն կառավարություն են կազմել երկիրը թալանող, ժողովրդին աղքատության դուռը հասցնող ապազգային ուժերի հետ․․․
Ուրեմն ինչո՞ւ են նրանք, հանկարծ, նոր հիմա, իշխանությունների հասցեին այդպես մատ թափ տալով, հիշել հայ ժողովրդին և երկրի շահերը: Որտեղ էին նրանք, վերջին քսան տարիների ընթացքում։
Չնայած պետք չէ, ամեն մի առիթի հիշել անցյալը և այդպիսով պատնեշել, մթագնել մեր հայացքի դեմը, մեզ զրկել առաջ նայելու հնարավորությունից, սակայն կարևոր է, որ ընթերցողը անցյալի օրինակներով, ավելի լավ գիտակցի այդ կուսակցության իրական էությունը։
Եվ այսպես, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ծրագրում կարդում ենք հետևյալ տողերը.
«Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերավարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային և մշակութային շահերի պաշտպանությանը»…

Մի պահ կանգ առնենք հետևյալ նախադասության վրա.
«Ընկերավարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն»:
Այո, ոչ այլ ինչ, ընկերավարական, ասել է թե՝ ձախ սոցիալ դեմոկրատական, որը կոչված է պայքարել հայ ազգի՝ ընկերային, ասել է, թե՝ սոցիալական և աշխատավորության շահերի համար…
«Հայ Հեղափոխական Դաշնակցության ընկերվարական իդեալն է այնպիսի հասարակության կերտումը, ուր մարդը ազատագրված կլինի ռասսայական, կրոնական-դավանական, ազգային, քաղաքական, ընկերային և տնտեսական ամեն կարգի խտրականությունից, կաշկանդումից, բռնությունից և շահագործումից»…

Ասվում է, որ թուղթը համբերատար է, այո, միշտ էլ կարելի է գեղեցիկ ծրագրեր կազմել, արձանագրել և ի լուր ամենքի տարածել, այլ բան է կյանքում սկզբունքորեն հետևել այդ գաղափարին և գործադրել այն: Այո, դու, քո փորձառությունից ելնելով լավ գիտեիր, որ Դաշնակցություն կուսակցության լիդերները՝ ի սկզբանե, այսինքն երբեք, չեն հետևել այդ սկզբունքին: Արտերկրում երբեք և ոչ մի տեղ նրանք չեն պաշտպանել աշխատավորության շահերը, ընդհակառակը, տարբեր երկրներում համագործակցել են ամենաբռնակալ իշխանությունների հետ, չխորշելով նույնիսկ սփյուռքահայության շրջաններում սրել լարվածությունը, երբեմն նաև ազգամիջյան բախումների գնալ: Իրանի օրինակը ավելի քան ակնառու է: Արտառոցը այն է սակայն, որ կուսակցությունը այդ ամենը, ինչպես երեկ և այսօր նաև Հայաստանում, վարպետորեն պարուրում է հայ ազգի շահերի շղարշով:
Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում այդ օրվա ցույցի ընթացքում ելույթ ունեցողների հայտարարությունները:
Իշխան Սաղաթելյան, (23 մայիս, Sputnik).
«Անցել է մեկ տարի, մեր հասարակության սպասելիքներն ու ակնկալիքները չեն արդարացել»
Այսինքն մեկ տարում պետք է վերականգնվեր նախկին 28 տարիների ընթացքում, նաև իրենց մասնակցությամբ կոալիցիոն իշխանությունների կողմից թալանված երկրի տնտեսությունը: Սաղաթելյանը շարունակում է.
«ՀՀ նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, պրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար»:
Եթե իրենք, կամ հները ունեին, ապա ինչո՞ւ չեն զարգացրել երկիրը:
Ապա ի՞նչ է ասում մի այլ մեկը, Ասատուր Եսայանցը.
«Սիրո և համերաշխության քողի տակ անցել են բոլոր սահմանները»:
Որո՞նք էին և որո՞նք են այդ սահմանները․․․
Նրա խոսքով.
«Եթե իշխանություններն այսպես են քայլ անելու, ավելի լավ է կանգ առնեն, լրջանան ու հանգիստ նստեն տեղները:»
Հետո ի՞նչ․․․
Նա չի ասում հեռանան, որովհետև գիտի, որ նրանք առաջվա նման վայելում են, ինչպես՝ Հայաստանի ժողովրդի, նաև՝ սփյուռքահայության մեծամասնության վստահությունը, իրենց գործը կատարում են՝ ինքնամոռաց, ազնվությամբ և բարեխղճորեն, իսկ դա է գլխավորը և ամենակարևորը։
Իրականում խոհեմ կլիներ, որ օրվա բոլոր ճառախոսները, աչքի առաջ ունենալով հայ ժողովրդի և երկրի շահերը, խոստովանեին, որ այնուամենայնիվ, բոլոր քննադատություններով հանդերձ, նաև իրենց կուսակցության պարտքն է, բոլոր ուժերով պաշտպան և սատար կանգնի նրանց։ Իհարկե դա այն պարագայում, եթե նրանք չէին և չեն ցանկանում, հների մնացորդների և հակահեղափոխական ուժերի թիկունքում հայտնվել։

Սամվել Հովասափյան

Բեռլին, Հունիս 2019

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert