«Համակերպվելը հաշտության նշան չի»

Կարճևան

Ես ծնվել եմ Կարճևանում: Եթե չգիտեք, դա Հայաստանի հարավում գտնվող գյուղ ա: Կարճևանին կպած ա Ագարակը, որը նախ ստեղծվել է որպես հանքարդյունաբերական ավան, հիմա արդեն քաղաք ա կոչվում: Էստեղ արդեն երևի հիսուն տարուց ավելի կա հանք: Մարդիկ, եթե չեն աշխատում պետական ապարատում, նաև դպրոց, մանկապարտեզ և այլն, աշխատում են հանքում՝ կոմբինատում, ֆաբրիկայում:

Էն, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը տարածքի խոշոր գործատուն ա տարիներ շարունակ, սոցիալական առումով արդեն վատ վիճակ ա ստեղծում: Մեղմ ասած՝ մարդիկ կախվածության մեջ են նրանցից: Ժամանակ առ ժամանակ գործադուլ են անում, ինչ-որ իրավունքներ պահանջում, հետո նորից սկսում աշխատել: Կարելի ա ասել, որ արդյունքի չեն հասնում: Նույնիսկ հիմա: Իրենց էդ առումով անպաշտպան են զգում, որովհետև հեղափոխությունից հետո մտածում էին՝ իրենց ղեկավարող ռուսներին կասեն՝ դիմում ենք մեր կառավարությանը, ու արդյունքի կհասնեն, բայց ոնց որ չհասան կամ դեռ չհասան: Վերջերս, երբ արդեն Ամուլսարի թեման սկսում էր տաքանալ, հանքերից մեկում աշխատող մի գրեթե անծանոթ մարդ ասաց՝ թող ռադ լինեն, ընդերքը մերն ա: Եթե անկեղծ, շոկի մեջ էի: Մինչև հիմա, երբ հիշում եմ իր խոսքերը, ցնցվում եմ, որովհետև չէի կարող պատկերացնել, որ հանքում աշխատող կամ աշխատած քաղաքացին կարող ա նման առանցքային ձևակերպում անել: Ինձ թվում էր, որ նրանք ինչ-որ առումով հաշտ են հանքի գոյության հետ: Փաստն էն ա, սակայն, որ համակերպվելը հաշտության նշան չի. այլընտրանքի բացակայության նշան ա գուցե:

Արդեն տասը տարի ա՝ ես մշտապես չեմ ապրում մեր գյուղում: Ծնողներս, բարեկամներս և առհասարակ ինձ համար շատ կարևոր, ծանոթ ու անծանոթ մարդիկ էնտեղ են: Անկախ մարդկանցից՝ էդ տարածքն ինձ համար շատ թանկ ա, միգուցե ամենաթանկը: Ինձ համար հանքի գոյությունը անսովոր չի եղել, որովհետև ծնված օրվանից աչքիս առաջ ա եղել, նույնիսկ հանքի պայթեցումներն են սովորական դարձել, թեպետ մեկ-մեկ դժվար ա հասկանալ՝ երկրաշա՞րժ ա, թե՞ հանքն ա:

Մեր գյուղի տների պատերի ճաքերը շատանում են, Ագարակ-Կարճևան ճանապարհի գարշահոտն էլ չի անցում, որովհետև, օ՜ «բնապահպանական հրաշք», թափոնները էդպես թափանցիկ ու հաշվետու թափվում են էդտեղ: Բայց ինձ համար անսովոր ա, որ մեր տան դիմացի սարերը ամեն գնալուս հետ սկսում են անհետանալ: Ինձ համար անսովոր ա, որ երբ մայրաքաղաքից գյուղ ես գնում, պետք ա օդն ավելի մաքուր լինի, բայց հակառակն ա: Ինձ համար անսովոր ա, որ երբ մամաս ու բարեկամներս գալիս են Երևան, իրենց ինքնազգացողությունն ավելի լավ ա, քան էնտեղ:


Ինչու՞ եմ էսքան մանրամասն գրում էս ամենի մասին: Երկու օր ա՝մտածում եմ՝ ինչ կլիներ, եթե մի էդպիսի «հրաշք» լիներ՝ Երևանում մի հանք լիներ: Եղած կողմերից քանի՞սը դեմ կդառնար: Հեշտ ա սեղմել կողմ կոճակը, երբ տուժողը քեզնից հեռու մարդն ա լինելու: Հեշտ ա Երևանում նստած «սթափ» ու առանց զգացմունքների մտածել, որ ոչինչ, թող էն մի բնակավայրն էլ էնտեղ վարի գնա հանուն «ընդհանուր բարիքի»: Ու հեշտ ա ժողովրդին դասեր տալ՝ առանց ժողովրդից դասեր առնելու: Էսքանը: Մնացածի մասին կլռեմ:

Հ. Գ. Հա, մասնագետ չեմ, եթե պարզվի, որ թափոնի տեղ զարդ պիտի գրեի կամ սարերի անհետանալու տեղ՝ սարերի շարժ, ներող եղեք:

Ռիմա Գրիգորյան

 

 

 

 

 

 

споделяне на връзка

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net