Արա Պապյանի ելույթը ադրբեջանահայության համագումարին

« Նախ թույլ տվեք Մոդուս վիվենդի կենտրոնի անունից ողջունել ադրբեջանահայության առաջին համագումարի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք:

Ադրբեջանահայություն ասածը խիստ պայմանական հասկացություն է: Ըստ էության, ադրբեջանահայություն ասելով այսօր մենք հասկանում ենք ԼՂՀ վերահսկողությունից դուրս գտնվող նախկին Ադրբեջանական ՍՍՀ շրջանների և բնակավայրերի հայությունը: Ընդհանուր առմամբ ճիշտ է, քանի որ չունենք այլ, ավելի հարմար բնութագրիչ բառ: Հետևաբար, անհրաժեշտ է որոշակի հստակեցում: Ադրբեջանահայությունը բաղկացած է եղել 2 մեծ՝ փոխադարձաբար սերտաճած ու հարափոփոխ, հատվածից: Առաջինը՝ Բաքվի և Կասպից ծովի արևմտյան ափի բնակավայրերի ու դրանց մերձակայքի գաղթականասերունդ հայություն: Երկրորդը՝ Արցախի, Ուտիքի և Նախիջևանի բնիկ հայություն: Ըստ այդմ, այս 2 խմբերը միջազգային իրավունքի տեսանկյունից ունեցել են տարբեր կարգավիճակներ, ուստիև՝ տարբեր իրավունքներ: Այսու, նրանց իրավունքները գոնե մասնակիորեն վերականգնելու համար պետք է գործադրվեն տարբեր գործիքներ:

Նախ անդրադառնանք առաջին խմբի՝ այն է Բաքվի և համանման կարգավիճակ ունեցող հայության իրավունքներին: Այս խմբի իրավունքները կարելի է բաժանել 2 մակարդակի՝ անհատական իրավունքներ և համայնքային իրավունքներ: Մեր կարծիքով այս խմբի ոտնահարված իրավունքների վերականգնումը հիմնականում պիտի ընթանա գույքային իրավունքների վերականգնման կամ համարժեք հատուցումներ ստանալու ուղով:

Պաշտոնական վիճակագրությամբ 1989թ. միայն Բաքվում ապրում էր 179.900 հայ: Շրջակա բնակավայրերի հայերի հետ միասին հայության այս խումբը գրեթե 350 հազար էր: Նրանց մի զգալի մասն ուներ բավականին բարեկեցիկ վիճակ: Շատերն ունեին պետության, ուզում եմ շեշտել՝ Սովետական Միության և ոչ թե Ադրբեջանի կողմից անհատույց օգտագործման տրված բնակարաններ, գույք, բանկային հաշիվներ և այլն: Վերոհիշյալ հայությունը հիմնականում 1990թ. հունվարին այս ամենից ապօրինաբար զրկվեց: Այստեղ հարկ եմ համարում մի կարևոր շեշտադրում անել. ի տարբերություն հայաստանաբնակ ադրբեջանցիների, որոնց զգալի մասը շարժական գույքն իր հետ տարավ, իսկ անշարժ գույքի դիմաց հատուցում ստացավ ՀՍՍՀ կառավարության կողմից, ադրբեջանահայությունն իրենից ապօրինաբար խլված իր գույքի դիմաց երբևէ որևէ հատուցում չի ստացել: Անհրաժեշտ է ընդգծել, որ սեփականության պաշտպանությունն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1952թ. մարտի 20-ի արձանագրության 1-ին հոդվածում:[1] Կարծում եմ այսօր ադրբեջանահայությունից 1990թ.-ից հետո խլված գույքի մասին դեռ խոսողներ կլինեն:

Ես առավելապես ուզում եմ անդրադառնալ հարակից մեկ այլ հարցի, որն անարդարացիորեն դուրս է մղված մեր ուշադրության դաշտից: Նախ ուզում եմ հիշեցնել, որ ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. հոկտեմբերի 18-ի Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտով իրեն հայտարարել է Ադրբեջանի առաջին հանրապետության ուղղակի իրավահաջորդը: Ըստ այդմ, չեղյալ են հայտարարվել սովետական տիրապետության ժամանակահատվածում ընդունված իրավական ակտերը և վերականգնվել է նախասովետական իրավական վիճակը: Սա նշանակում է, որ Բաքվի նավթահանքերը և նրանց հարակից գազի հանքերը մասնավոր սեփականություն են, և նրանց շահագործումը Բաքվի ներկա իշխանությունների կողմից անօրինական է: Անօրինական է նաև հայազգի անհատներին և կազմակերպություններին պատկանող հազարավոր շենքերի ու կառույցների օգտագործումը Բաքվի ներկա իշխանությունների և անհատների կողմից: Սովետական իշխանության տարիներին վերոհիշյալ սեփականությունները պետականացվել են սովետական դեկրետներով, որոշումներով և այլն: Ես հիմա չեմ քննարկի, թե ինչքանով են օրինական եղել այդ իրավական ակտերը: Պարզապես ուզում եմ շեշտել՝ չեղյալ հայտարարելով սովետական շրջանը, այն է՝ նաև այդ շրջանում ստեղծված իրավական հիմքերը, այսօր Բաքուն սեփականության հարցում ստեղծել է իրավական վակուում: Հետևաբար, Բաքվի իշխանությունները կամ պետք է նշյալ սեփականությունները վերադարձնեն օրինական տերերին կամ, եթե ուզում են դրանք ազգայնացնել, պիտի վճարեն համարժեք, կրկնում եմ համարժեք, հատուցում: Հեղափոխությունների և հեղափոխական բռնազավթումների ժամանակները վաղուց են անցել: Առանձնակի ուզում եմ ընդգծել, որ սա մեզ համար ոչ միայն որոշ ընտանիքների իրավունքների վերականգնման հարց է, այլև առաջին հերթին ազգային անվտանգության հարց:

Շատերին գուցե ասածս անիրագործելի թվա: Սակայն մի հայտնի խոսք կա. «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ դա կարող է անել, ուրեմն նույնը կարող ես նաև դու անել»: Քչերը գիտեն, որ, օրինակ, հրեաներն Արևելյան Եվրոպայի երկրներից, հատկապես Լեհաստանից, ավելի քան 4 մլրդ դոլար են ստացել իրենցից ապօրինաբար խլված գույքի դիմաց և դեռ շարունակելու են ստանալ: Այդ հատուցումների իրավական հիմքը նույնն է՝ սովետական տիրապետության իրավական ակտերի չեղյալ հայտարարումը: Այս ամենի մասին ինձ պատմել են իսրայելցի իրավաբաններն անցյալ տարի Ժնևում կայացած Օսմանյան կայսրության տարածքում հայոց լքյալ գույքի ճակատագրին նվիրված միջազգային իրավագիտական հավաքի ժամանակ: Ավելին, իսրայելցի իրավաբանները պատրաստակամություն են հայտնել մեզ օգնելու հայերից խլված գույքի դիմաց հատուցումներ ստանալու հարցում: Իհարկե այս ծառայություններն անհատույց չեն: Այսօր իսկ Իսրայելում կան մի քանի տասնյակ իրավաբանական գրասենյակներ, որոնք մասնագիտացած են անօրինականորեն խլված գույքի դիմաց հատուցումների վճարման հարցերում: Այդ գրասենյակները գործում են հետևյալ կերպ. հայցվորը գրասենյակ է ներկայացնում իր սեփականությունը փաստող փաստաթղթերի և այլ ապացույցների փաթեթը: Գրասենյակը նախնական քննության է ենթարկում հարցը և, ըստ հաղթելու հավանականության, որոշում՝ ընդունել հայցը ընթացք տալու համար, թե ոչ: Եթե որոշվում է հայցին ընթացք տալ, ապա կնքվում է երկկողմ համաձայնագիր, որով, ըստ գործի դժվարության, որոշվում են հատուցման ստանալու պարագայում՝ հատուցման բաժանման համամասնությունը և շահառուները: Ուզում եմ ընդգծել, այս դատավարությունները դյուրին գործեր չեն: Դրանք երբեմն տարիներ են տևում, երբեմն միլիոնավոր դոլարի աշխատավարձեր են վճարվում և ծախսեր են կատարվում: Սակայն այստեղ կարևորն այն հանգամանքն է, որ հայցվորը նախապես գումար չի վճարում:

Ինչպես ինձ բացատրեց իմ իսրայելցի գործընկերը՝ գործի ելքը մեծապես պայմանավորված է նախապատրաստական փուլում կատարված աշխատանքով: Այսինքն, սեփականությունը փաստող փաստաթղթերի և այդ սեփականության նկատմամբ ունեցած ժառանգական իրավունքը հաստատող վավերագրերի առկայությամբ: Վստահ եմ, որ համապատասխան աշխատանքի դեպքում կարող ենք ի մի բերել առնվազն մի քանի հարյուր խիստ մեծագումար հայցերի իրավական հիմքեր:

Հիմա բերեմ որոշ տվյալներ, որ գոնե մոտավորապես պարզ լինի ինչպիսի սեփականության մասին ենք խոսում: Օրինակ, թեև 1905թ. քանակային դրսևորմամբ Բաքվի անշարժ գույքի մեծ մասը պատկանում էր ադրբեջանցիներին, այնուհանդերձ գնային դրսևորմամբ հայերին էր պատկանում գույքի 43.5%, իսկ ադրբեջանցիներին՝ ընդամենը 34%-ը:[2] Անվիճելիորեն հայերը գերակա դիրքեր ունեին արտադրության և ծառայությունների մատուցման բոլոր, այդ թվում նաև բանկային, ոլորտներում: Սակայն ամենակարևորը նավթարդյունաբերության ոլորտն էր: Այստեղ հայերը բացահայտ գերակա դիրք էին գրավում՝ Լիանոզով, Մանթաշև, Միրզոև, Ղուկասով, Տեր-Ակոպով, Բեժանով, Ծատուրով, Փիթոև ընտանիքների անունները առ այսօր ծանոթ են շատերին:

Հիմա ընդհանուր դատողություններից անցնենք կոնկրետ առաջարկներին: Մենք ունենք Անվտանգության խորհուրդ, որն ի պաշտոնե կոչված է նպաստելու մեր երկրի անվտանգության ամրապնդմանը: Ճիշտն ասած ես չգիտեմ, թե ինչ գործառույթներ է իրականացնում հիշյալ կառույցը, քանի որ որևէ արդյունք դեռևս չեմ տեսել: Սակայն մի բան հաստատ գիտեմ՝ անվտանգությունն ապահովվում է ուժերի հավասարակշռության պահպանմամբ: Հետևաբար միջազգային դատարաններում Բաքվի տնտեսության հիմքը հանդիսացող նավթարդյունաբերության սեփականության վիճարկումն իսկ կարող է էապես նպաստել ՀՀ և ԼՂՀ անվտանգությունների մակարդակների բարձրացմանը: Կարծում եմ, որ սույն համագումարն առաջարկով պիտի դիմի Անվտանգության խորհրդին, որպեսզի վերջինս հանդես գա որպես փաստահավաք խմբի պատվիրատու: Այսինքն, պիտի հովանավորի նպատակային աշխատանքային խմբի գործունեությունը, որը պիտի իրականացնի ներկայումս Ադրբեջանի իշխանությունների անօրինական տնօրինման ներքո գտնվող հայկական գույքի անձնագրավորումը: Խոսքը վերաբերում է և՛ անհատական, այսինքն՝ ընտանեկան սեփականություն հանդիսացած գույքին, և՛ համայնքային, այսինքն՝ դպրոցներին, եկեղեցիներին, բարեգործական կազմակերպությունների սեփականությանը, և ամենակարևորը՝ նավթի հանքերին: Ասեմ, որ նման մի բան դեռևս 1920-ականներին իրականացվել է Ալեքսանդր Մյասնիկյանի հրամանով: Ուզում եմ հստակեցնել: Անձնագրավորում նշանակում է ոչ թե ընդհանուր տվյալների մեկտեղում սեփականության մասին, այլ ամեն մի առանձին շենքի, կառույցի, նավթի հանքի, հողակտորի վերաբերյալ ամեն տեսակի փաստերի հավաքում և դասակարգում: Փաստեր, որոնք դատարանում կարող են ընդունվել որպես վկայություններ տվյալ գույքի պատկանելության մասին: Օրինակ, ես առիթ եմ ունեցել խոսել նշածս հարցի ամերիկյան մասնագետների հետ, և իրենք բերել են հետևյալ օրինակը: Եթե կա ասենք 1919թ. թերթ, որտեղ նկարված է շենք և գրված է այսինչ-այսինչյանի սեփականությունը, դա ևս կարող է տեղ գտնել ապացուցողական փաթեթի մեջ: Երկրորդ փուլում անհրաժեշտ է, որ մեկ այլ խումբ՝ հիմնականում իրավաբաններ, առկա անձնագրավորված սեփականություններից առանձնացնեն մի քանի տասնյակ ամենահեռանկարային գործերը և կատարեն որոշակի նախապատրաստական աշխատանքներ: Մասնավորապես պետք է կատարեն պաշտոնական և վավերացված թարգմանություններ, իրականացնեն սեփականության ժառանգորդների որոնումներ և բանակցություններ նրանց հետ: Նոր արդեն երրորդ փուլում վերոհիշյալ մասնագիտացված իրավաբանական գրասենյակների հետ պետք է կնքել եռակողմ համաձայնագրեր (ՀՀ որևէ կառույցի, սեփականատիրոջ ժառանգների և իրավաբանական գրասենյակի միջև) և ըստ կարգի սկսել դատավարությունները: Ուզում եմ շեշտել, որ մինչևիսկ անկախ դատական գործընթացների վերջնական արդյունքից, սա այն դեպքն է, որ ինքնին գործընթացն ադրբեջանցիների հետ հարաբերություններում մեզ կարող է ընձեռնել ազդեցության նոր լծակներ:

Հիմա համառոտակի անդրադառնանք, զուտ պայմանականորեն ասած, ադրբեջանահայության երկրորդ խմբի՝ այն է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի բնիկ հայության իրավունքներին և դերակատարությանը համահայկական գործընթացներում: Անձնական և համայնքային գույքի հատուցումների մասին Բաքվի հայության կապակցությամբ վերն ասվածը կարելի է ամբողջությամբ կիրառել նաև հիշյալ հայության հարցում: Սակայն այս հայությունն ուներ և ունի մեկ այլ շատ ավելի կարևոր դերակատարություն: Դա հայ-թաթարական սահմանազատման հարցում այդ հայությանը վերապահված վճռորոշ դերակատարությունն է:

Երբ 1917թ. բոլշևիկյան հեղաշրջման հետևանքով Ռուսական կայսրությունը սկսեց տրոհվել և հարավային Կովկասում հռչակվեցին 3 անկախ պետություններ, բնականաբար սրանց միջև սահմանների հարցում ի հայտ եկան լուրջ խնդիրներ: Այդ ժամանակ կողմերն առաջ էին քաշում իրարամերժ հավակնություններ: Օրինակ, քանի որ Թիֆլիսը համարվեց վրացական քաղաք, ապա անհասկանալի տրամաբանությամբ վրացիները սկսեցին հավակնություններ ցուցաբերել Թիֆլիսի ողջ նահանգի նկատմամբ: Նույնը Ադրբեջանը. քանի որ Ելիզավետպոլը (Գանձակը) համարվեց ադրբեջանական քաղաք, ապա Ադրբեջանը սկսեց հավակնել Ելիզավետպոլի նահանգի ողջ տարածքի վրա: Հարկ է նշել, որ Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի իրավասությունների շրջանակում էր նոր պետությունների ճանաչման հարցը, մերժեց այս մոտեցումը: Այսինքն, մերժեց նորաստեղծ պետությունների սահմանները նույնականացնել Ռուսական կայսրության վարչական սահմանների հետ: Ավելին, քանի դեռ կար Ռուսաստանում օրինական իշխանության վերահաստատման հույսը, միջազգային հանրությունը մերժում էր ընդհանրապես այս երկրների ճանաչումը: Միայն 1920թ. հունվարին Փարիզի խաղաղության վեհաժողովը, հանձինս Գերագույն խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի, ճանաչեց Հարավային Կովկասի երկրները՝ սահմանների հստակեցման հարցը թողնելով հետագային: Ճանաչումից մի ամիս հետո՝ 1920թ. փետրվարի 24-ին, նույն վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդեն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկույցով հստակեցրեց Հարավային Կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այնտեղ մասնավորապես ասված էր հետևյալը.

«Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ:

Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները:»[3]

Այսինքն, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական, սահմանազատման հարցերը վերապահված էին Ազգերի լիգային, որն էլ իր որոշումը պիտի խարսխեր ազգաբնակչության տեղաբաշխման տվյալների վրա, այն է «հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները» (taking into account, in principle, ethnographical data): Բնականաբար, այս հարցում կարևորագույն դեր էր վերապահված, այսօրվա բառով ասած, «ադրբեջանահայությանը»: Ցավոք սրտի, այս որոշմանը վիճակված չէր իրականություն դառնալ, քանի որ արդեն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանը բռնազավթվեցին (օկուպացվեցին) բոլշևիկյան 11-րդ բանակի կողմից և նշյալ պետությունները դադարեցին գոյություն ունենալուց: Հետագան ավելի է հայտնի. նորահաստատ սովետական իշխանությունները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին և հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի սկզբունքի կիրառման դեպքում անվիճելիորեն հայաստանյան պիտի լինեին, դրեցին Բաքվի վարչական ենթակայության ներքո:

Այսուհանդերձ, առ այսօր Ազգերի լիգայի նշյալ որոշումը որևէ մեկը չեղյալ չի հայտարարել: Այն, այո՛, չի իրագործվել, սակայն նաև չեղյալ չի հայտարարվել: Հետևաբար, ԽՍՀՄ տրոհումից և հատկապես 18.10.1991թ. Ադրբեջանի Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտից հետո, երբ, ինչպես արդեն նշել էինք, ներկայիս Ադրբեջանը դարձավ Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդը, միակ օրինական փաստաթուղթը մնաց Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի նշյալ որոշումը: Հիշեցնեմ, որ ըստ այդ որոշման սահմանները պիտի որոշվեին «որպես սկզբունք» ընդունելով ազգագրական տվյալները: «Որպես սկզբունք» դարձվածքը նշանակում է, որ Ազգերի լիգան ընդունում էր, որ որոշ վայրերում, բնակչության խիստ խառը բնակեցված լինելու պատճառով, հնարավոր չի լինի որոշել սահմանը և անհրաժեշտություն պիտի առաջանա նաև բնակչության փոխանակման: Ինչպես, օրինակ, հետագայում իրականացվեց Հունաստանի և Թուրքիայի միջև:

Հիմա տեսնենք՝ ինչ ունենք ներկայումս, ինչպես ասվում է՝ գետնի վրա: Ադրբեջանի նախահարձակ պատերազմի հետևանքով ակամայից տեղի է ունեցել բնակչության տարանջատում և ըստ այդմ սահմանների հաստատում ըստ Ազգերի լիգայի առաջ քաշած սկզբունքի: Հայերը որոշակի տարածքներ են կորցրել Դաշտային Ղարաբաղում և Հյուսիսային Արցախում, հսկայական սեփականություն՝ Բաքվում, փոխարենը որոշ տարածքներ են ձեռք բերել ԼՂԻՄ-ին հարող շրջաններում: Եթե որևէ մեկն ուզում է, որ հայերը վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին հարող շրջանները, ուրեմն նաև հայերին պիտի վերադարձվեն մինչև 1991-1994թթ. զինված ընդհարումները, ինչպես նաև Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի որոշման պահին հայերով բնակեցված բոլոր տարածքները և հայերի ունեցած սեփականությունները: Այլապես դա կլինի հերթական անարդարությունը հայերի նկատմամբ, հետևաբար՝ միանգամայն անընդունելի: Որևէ օրենք կամ որոշում չի կարող գործել միակողմանիորեն»:

Շարունակությունը տես՝  https://hy.wikisource.org

———————————————————————-

Նկարը՝ https://www.civilnet.am

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert