«ՀՈԳԻՍ ԲՈՒՐՎԱՌ Է ՄՇՏԱՎԱՌ, ՈՒՐ ԿԸ ԾԽԱՆ ՍԵՐԵՐՍ ՀԱՄԱՅՆ». Միսակ Մանուշյան

Տասնամյակներ շարունակ, ամեն տարի՝ փետրվարի 21-ին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հանդիսավոր արարողությամբ նշվում է 1944 թվականին այդ օրը ֆաշիստական նվաճողների դեմ պայքարում դավաճանաբար մատնված ու գնդակահարված՝ Հայազգի Միսակ Մանուշյանի գլխավորած, տարբեր ազգությունների մարտիկների խմբի հիշատակի տարելիցը:

Հայերի դեմ իրագործած ցեղասպանության տարիներին, դեռևս 9 տարեկանում, Եդեսիայից ոչ հեռու գտնվող Ադիյաման քաղաքում ծնված Միսակ Մանուշյանը, 1915-ին կորցնում է հորը, որին սպանում են թուրքերը:

Շատ չանցած, նույն տարվա հուլիսին, Ադիյամանի Հայության բռնագաղթի ճանապարհին մահանում է նաև մայրը:

Եվ մի քուրդ ընտանիքի շնորհիվ փրկվելով՝ իր եղբոր՝ Կարապետի հետ Լիբանանում՝ Բեյրութից 20 կիլոմետր հեռու գտնվող Ժունիեի որբանոցում մնալուց հետո, 1925 թվականից հաստատվում է Ֆրանսիայում, ուր, 1934 թվականին, «Հայաստանի Օգնության Միության» ամենամյա տոնին, հանդիպում է իր ապագա կնոջը՝ Մելինեին:

Փարիզում, Սորբոնի համալսարանում գրականության, փիլիսոփայության, քաղաքական տնտեսագիտության և պատմության դասընթացներին հետևելուց բացի, 1930 -1931 թվականներին իր ընկերոջ՝ Գեղամ Աթմաջյանի (Սեմայի) հետ հիմնում է «Ջանք» պարբերականը, ուր տպագրում են ֆրանսիական ու հայ գրականության մասին հոդվածներ, Ֆրանսիացի բանաստեղծների ստեղծագործություններից թարգմանություններ…
1941 թվականից ակտիվորեն ներգրավվում է ֆաշիզմի դեմ մղվող գաղտնի պայքարում…

1943 թվականին, դավաճանության հետևանքով Մ. Մանուշյանի ձերբակալումից հետո, նրա կինը՝ Մելինե Մանուշյանն ապաստանում է Հայազգի մի այլ պանծալի ընտանիքում՝ Շարլ Ազնավուրի ծնողների՝ Միշա և Քնար Ազնավուրյանների տանը, որոնք, անտեսելով իրենց կյանքին սպառնացող վտանգը, պատսպարում են նրան՝ իրենց հյուրընկալությամբ…

Գնդակահարությունից առաջ, 37 տարեկան բանաստեղծի՝ Միսակ Մանուշյանի վերջին նամակն իր կնոջը (իմ թարգմանությամբ):

«Իմ սիրելի Մելինե, իմ փոքրիկ սիրասուն որբուկս:
Մի քանի ժամից այլևս այս աշխարհում չեմ լինի:
Գնդակահարվելու ենք այս կեսօրից հետո, ժամը 15-ին:

Սա պատահարի պես եղավ իմ կյանքում, ես դրան չեմ հավատում, սակայն, այնուամենայնիվ, գիտեմ, որ քեզ այլևս երբեք չեմ տեսնելու:

Ի՞նչ կարող եմ գրել քեզ, ամեն ինչ խառնաշփոթ է իմ մեջ և, միաժամանակ, շատ պարզ:

Ես զինվորագրվել էի Ազատագրության բանակին որպես կամավորական և մեռնում եմ հաղթանակի ու նպատակի շեմին:

Երջանկությու՛ն բոլոր նրանց, ովքեր կվերապրեն և կճաշակեն վաղվա ազատության քաղցրությունն ու մոտալուտ Խաղաղությունը:

Վստահ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կգիտնան արժանավայել պատվել մեր հիշատակը:

Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանացի ժողովրդի կամ որևէ մեկի հանդեպ:

Յուրաքանչյուրն իր արժանի պատիժը կամ վարձատրությունը կունենա:
Գերմանացի ժողովուրդն ու մյուս բոլոր ժողովուրդները խաղաղ ու եղբայրաբար կապրեն պատերազմից հետո, որն այլևս երկար չի շարունակվի:

Երջանկությու՛ն բոլորին:
Ես խորապես զղջում եմ քեզ չ’երջանկացնելու համար:

Շատ կուզեի քեզնից մի երեխա ունենալ, ինչպես դու էիր նույնը փափագում միշտ:
Ուստի, քեզ խնդրում եմ, պատերազմից հետո անպայման ամուսնացի՛ր և իմ պատվին մի զավակ ունեցիր՝ իմ վերջին կամքն իրականացնելու համար:

Ամուսնացի՛ր մեկի հետ, ով ի զորու կլինի քեզ երջանկացնելու:
Իմ ողջ ունեցվածքն ու իրերը կտակում եմ քեզ, քրոջդ և զարմիկներիս:

Պատերազմից հետո կարող ես հավակնել պատերազմի թոշակառուի քո իրավունքին՝ իբրև իմ կին, քանզի ես զոհվում եմ որպես Ֆրանսիական Ազատագրության բանակի կանոնավոր զինվոր:

Իմ ընկերների օգնությամբ, որոնք կցանկանան ինձ պատվել, կհրատարակես իմ բանաստեղծություններն ու գրվածքները, որոնք ընթերցման արժանի են:
Հիշատակներս, եթե հնարավոր է, կտանես Հայաստան՝ ազգակիցներիս:

Շուտով կմեռնեմ իմ 23 զինակիցների հետ՝ քաջաբար և չափազանց հանգիստ գիտակցությամբ (խղճով, Կ.Ա.) մարդու հանդարտությամբ, քանզի, անձամբ ես ոչ մեկի վատություն չեմ արել և, եթե արել եմ՝ առանց ատելության եմ արել:

Այսօր Արև կա:
Արևին ու իմ այնքա՜ն սիրելի գեղեցիկ բնությանը նայելով ես «Մնաք բարով» կասեմ կյանքին ու ձեզ բոլորիդ՝ իմ շատ թանկագին կին և իմ շատ թանկագին ընկերներ:

Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ցավ են պատճառել կամ ցանկացել են վշտացնել, բացի նրանից, ով մեզ դավաճանել է իր կաշին գնելու (փրկելու, Կ.Ա.) համար և նրանց, ովքեր մեզ ծախեցին:

Քեզ շա՜տ-շա՜տ ամուր գրկում-համբուրում եմ, նաև՝ քրոջդ ու իմ բոլոր բարեկամներին, որոնք հեռվից կամ մոտից ինձ ճանաչում են, բոլորիդ իմ կրծքին եմ սեղմում:

Մնաք բարով:

Քո բարեկամ, Քո ընկեր, Քո ամուսին Մանուշյան Միշել (ջանիկդ): (Վերջին բառը ֆրանսերեն տառերով՝ հայերեն բառն է՝ «djanigt», Կ.Ա.):

Հ.գ. Ես տասնհինգ հազար ֆրանկ ունեմ Պլեզանս փողոցի ճամպրուկում: Եթե կարող ես վերցնել՝ վերադարձրու պարտքերս և մնացածը տուր Արմենեին: Մ.Մ.»
(Արմենեն իր կնոջ քույրը՝ Արմենուհին էր, Կ.Ա.):

Ամուսնու նահատակումից հետո, 1947 թվականին հնչած Ներգաղթի կանչին հետևելով, Մելինե Մանուշյանը տեղափոխվում և որոշ ժամանակ բնակվում է Հայաստանում:

Ավաղ, ժամանակի տխուր իրավիճակին հաղորդակից՝ գաղտնի լուր է ուղարկում Հայաստանում հաստատվելու մտադրությամբ տոգորված Ազնավուրյանների ընտանիքին՝ չխրախուսելով նրանց ծրագիրը՝ հորդորելով մնալ Ֆրանսիայում…
1960-ականների կեսերից ինքն էլ վերադառնում է ֆրանսիա, ուր ապրում է զոհված ամուսնու համար հատկացված թոշակով:

Ցավոք, անկատար թողնելով Մանուշյանի վերջին բաղձանքը՝ ամուսնանալ ու զավակ ունենալ իր պատվին…

«Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,
Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,
Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր»…

Միսաք Մանուշյան «Կյանքիս երգը»

Կարինե Ավետիսյանի ՖԲ-յան էջից

 

spodelime.com

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net