Հայկական ծագումով ռուսաստանցի գործիչ Անդրանիկ Միհրանյանն օրեր առաջ խիստ քննադատության էր ենթարկել Հայաստանի կառավարությանը՝ նշելով, թե ամաչում է, որ ինքը հայ է։ Սա բնականաբար առաջացրել էր հայաստանցիների օրինաչափ զայրութը։
Առաջարկում եմ վերանալ անհատներից ու կարդալ այս հոդվածը, որտեղ փորձում եմ բացատրել միհրանյանների արժեքային կարգավիճակը, որը հակամարտության մեջ է գտնվում Հայաստանի ազգային պետության գաղափարի հետ։
Հոդվածն ամբողջությամբ տեղավորվում է դասական ազգայնականության դիսկուրսի տրամաբանության մեջ, ինչն այս պարագայում անհրաժեշտություն է.Կարպիս Փաշոյան

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը վերադարձել է Հայաստան: Եվ սա սովորական վերադարձ չէ, այլ, ընդհակառակը, շշուկներ են պտտվում, թե նախկին վարչապետը չի հաշտվում իր անփառունակ պարտության հետ ու վերստին փորձում է քաղաքական լրջագույն հավակնություններ ներկայացնել:

Միանգամից արձանագրենք, որ Կարապետյանի վերադարձն ու հավանական մասնակցությունը ներքաղաքական գործընթացներին կարող է չափազանց վտանգավոր լինել, քանի որ նախկին վարչապետը անկասկած ներկայացնում է ոչ թե ՀՀ-ի շահերը, այլ Կրեմլի: Կարելի է ենթադրել, որ հենց ռուսներն են նրան գործուղել հատուկ առաքելությամբ:

Ինչևիցե, ոչ միանշանակ տեղեկությունների այս համատեքստում, թերևս, անհրաժեշտություն է ստեղծվում վերլուծել ու հստակ գնահատական տալ Կարեն Կարապետյան քաղաքական գործչին:

Ի սկզբանե պարզ էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը սխալ որոշում էր։ Սխալ ոչ թե տնտեսության արդյունավետ կառավարման, այլ Հայկական պետության շահերի արտահայտման ու մարմնավորման տեսանկյունից։ Նախկին վարչապետն իր կարճատև պաշտոնավարման ընթացքում կարողացավ տնտեսական աճ արձանագրել, բայց պետության համար ամենաճակատագրական շրջափուլում հիմնավորվեց այն տեսակետը, որ գործչի հետաքրքրություններն ու Հայաստանի պետական ու ազգային շահերը հակոտնյա բևեռներում են։ Փաստորեն լավ կառավարիչ լինելը դեռևս բավական չէ պետություն կառավարելու համար, քանի որ պետությունը կորպորացիա չէ, այլ շատ ավելի բարդ ու բազմաշերտ համակարգ։ Ու դեռ հարց է, Կարապետյանը լավ կառավարիչ էր, թե՞ ոչ։

Ամիսներ առաջ ռուսական մամուլը գրեց, թե նախկին վարչապետը, ամենայն հավանականությամբ, աշխատանքի կանցնի ռուսական նավթային ընկերությունում: Ի՞նչ կապ ունի սա քննարկվող խնդրի հետ: Հիմնական կապն այն է, որ Կարապետյանը պետք հայտնվեր այնտեղ, որտեղ ի սկզբանե պետք է լիներ՝ Ռուսաստանում և որևէ կամայական կորպորացիայում մենեջերի կարգավիճակում։ Ու ամենակարևորը՝ Հայկական պետության կառավարումից հեռու, շատ հեռու։

Շատերը կարող են ինձ մեղադրել քաղաքական ռասիզմի կամ էլ պրովինցիալ նացիոնալիզմի մեջ, բայց, միևնույն է, ես մնում եմ այն կարծիքին, որ Հայաստանի կառավարման ղեկը պետք է ստանձնեն բացառապես հայաստանցիները։

Ռուսաստանաբնակ, ամերիկաբնակ և աշխարհի այլ ծագերում հռչակված մենեջերներն ու գործարարները պետք է հեռու մնան Հայաստանի կառավարման ղեկից ու քաղաքական պատասխանատվություն ստանձնելուց։ Իհարկե, որպես հայրենակիցներ, նրանք կարող են օգուտ տալ մեր պետությանը, աշխարհում հայկական լոբբինգից մինչև ներդրումներ, բայց համագործակցությունը պետք է այդքանով սահմանափակվի։

Հարցը մարդկային տեսակի մեջ է։ Կարեն Կարապետյանի և մյուս ռուսաստանաբնակ միլիարդատերերի տեսակը կայսերական է, նրանք կայսերական միջավայրի կրողներն են, չեն ճանաչում աշխարհագրական սահմաններ, չունեն հայրենիք, կամ էլ ունեն, բայց այդ հայրենիքը՝ մասնավոր սեփականությունն է, կորպորացիան իր ճյուղավորումներով։ Փաստորեն նրանք ինտերնացիոնալ գործիչներ են՝ անծայրածիր տարածքներում գործելու և ժամանակավորապես հաստատվելու հատկությամբ։ Աթենացիները ասում էին՝ Աթենքը քարերը ու պատերը չեն, այլ մեր սրտերն ու հոգիները։

Այս ձևակերպումն էլ հանդիսանում էր Միջերկրական ծովի անծայրածիր ջրերում գաղութներ հիմնելու գաղափարական հիմնավորումը։ Փաստորեն Հայաստանից դուրս գտնվող գործարարները տեղավորվում են աթենացիների այդ չափազանց դիպուկ ձևակերպման շրջանակներում։

Մենք պետք է հստակ հաշվի նստենք այն չափազանց կարևոր իրողության հետ, որ գործ ունենք ավանդույթի ուժով իր գոյությունը պահպանած կաստայի հետ: Սա նոր երևույթ չէ։ Իսկ ի՞նչ կաստայի մասին է խոսքը:

Խնդիրն այն է, որ ռուսահայ էլիտայի ներկայացուցիչները ավանդական կայսերականներ են: Խոսքը արտագնա աշխատանքի գնացած ժողովրդի մասին չէ, այլ հենց էլիտայի: Ես չեմ կարող ասել, սա լավ է, թե վատ, բայց պատմականորեն այս կամ այն կայսրության հպատակության տակ գտնվող հայերը, որպես կանոն, եղել են այդ կայսրության արժեքային միջավայրի կրողներն ու ինչու չէ նաև գաղափարախոսները: Խոսքը ինչպես Բյուզանդիայի և Օսմանյան կայսրության, այնպես էլ Ռուսական կայսրության, Խորհրդային միության և նույնիսկ ԱՄՆ-ի հայերի մասին է: Ավելորդ չի լինի, եթե նշենք, որ Բյուզանդիայի կայսրերի մի զգալի մասը հայեր են եղել, Օսմանյան կայսրության տնտեսության շոշափելի բաժինը խարսխված է եղել հայկական կապիտալի վրա: Թեման, իհարկե, չափազանց մեծ է, բայց նույնիսկ այս հակիրճ շարադրանքի միջոցով հնարավոր է պատկերացում կազմել, թե իրականում խոսքը ինչի մասին է: Ավելացնենք նաև, որ հայերի ներդրումը Օսմանյան կայսրության մշակութային ու տնտեսական կյանքում իսկապես չափազանց մեծ է եղել: Իսկ Ռուսական կայսրության, ինչպես նաև ԽՍՀՄ-ի գիտական և ռազմական միջավայրերում մեծ թիվ են կազմել հայ տաղանդավոր գիտնականներն ու զինվորականները: Սրանք բոլորը կայսերական հայերն են, որոնք հայկականության հետ առնչվում են միայն ծագմամբ և հազվադեպ դեպքերում նաև կենցաղով, մնացյալ բոլոր պարագաներում նրանք կայսրությանն են, իսկ կայսրությունը՝ նրանցը: Հիշենք նաև, որ 19-րդ դարում կայսերական հայերը Օսմանյան կասրությունում ազգային Սահմանադրության ամենամոլի հակառակորդներն էին: Կայսերական հայերի կաստան հատկապես կառուցակազմիկ տեսք ստացավ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո, քանի որ ազգային պետության գաղափարի անէացումից հետո այլ ելք չէր մնում:

Նշենք, որ 14-15-րդ դարերում Եվրոպայում աստիճանաբար սաղմնավորվում էր ազգային պետության գաղափարը, իսկ Հայոց Կիլիկիան չէր կարող այդ գործընթացից անդին մնալ, քանի որ Ֆրանսիական թագավորության դուստր պետությունն էր արևելքում: Բայց ավաղ այն կործանվեց:

Հիմնախնդրի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար խորհուրդ կտամ կարդալ Լեոյի «Խոջայական կապիտալ» աշխատությունը, քանի որ, իմ համոզմամբ, ներկայիս ռուսահայ գործարարները անցյալի հայ խոջաների քաղաքակրթական ժառանգներն են։ Ջուղայի խոջաները հայրենիք չունեին, նրանց հայրենիքը ցանցային կապիտալն էր ու այդ է պատճառը, թե ինչու շահ Աբբասի բռնագաղթից հետո նրանք միանգամից ինտեգրվեցին ու հարմարվեցին Նոր Ջուղայի պայմաններին։ Կարեն Կարապետյանը 21-րդ դարի հայ խոջայական կապիտալի իսկական մարմնավորումն է։

Մի հետաքրքիր փաստ էլ արձանագրենք, որ կայսերական հայերը Հայաստանի մասին սկսել են հիշել միայն այն ժամանակ, երբ սպառնալիքի տակ է հայտնվել հենց իրենց գոյությունը: Օրինակ՝ Հնդկաստանի հայ առևտրականները ազգային պետության անհրաժեշտության մասին սկսեցին գիտակցել միայն այն ժամանակ, երբ բրիտանական կապիտալը՝ ծովային առյուծի՝ ռազմական նավատորմի, ճնշման ներքո սկսեց նրանց դուրս մղել մեծ օվկիանոսից: Ճիշտ է, հնդկահայ առևտրականները որևէ կոնկրետ կայսրության տիրապետության տակ չէին գտնվում, բայց, այնուամենայնիվ, նրանք կայսերական գիտակցության կրողներ էին, քանի որ տիրակալներն էին անծայրածիր օվկիանոսի: Ահա այս ավանդական կաստայի կրողն է Ռուսաստանի հայ էլիտան: Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն դրա մասին, բայց գիտակցության մեջ արդեն իսկ այն են, ինչ որ կան:

Վերջաբանի փոխարեն ավելացնենք միայն, որ Հայաստանը պետք է կառավարեն բացառապես հայաստանցի ազգային գործիչները, որոնք գիտեն ու ճանաչում են Հայաստանը, որոնց համար իսկապես գոյություն ունեն գործունեության սահմաններ և այդ սահմանափակ տարածությունը Հայաստանի Հանրապետությունն է։

Կարեն Կարապետյանի կայսերականությունը դրսևորվեց հատկապես հեղափոխության թեժ օրերին, երբ նա, որպես իշխանության ժառանգորդ ու իրավիճակի պատասխանատու, հանդես եկավ ոչ թե ազգային գործչի դիրքերից, այլ հայտնվեց օտարերկրյա «մարզպանի» կարգավիճակում ու հայացքն ուղղեց դեպի «Տիզբոն»։ Այսպիսի գործիչները տեղ չունեն ներհայաստանյան իրականությունում և դա փաստեցին նաև ժողովուրդն ու երկրի զինվորական էլիտան։ ՀՀ ոստիկանությունն ու բանակը, ԱԱԾ-ն ու մյուս պետական ինստիտուտները չճանաչեցին օտարերկրացու իշխանությունը՝ ենթարկվելով հաղթանակած հեղափոխության թելադրած պայմաններին ու խաղի կանոններին։ Եվ դա խոսում է այն փաստի մասին, որ, այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից՝ այս տասնամյակների ընթացքում Հայկական պետությունը կայացել է։

Մեզ համար պետք է ուղենիշային լինեն Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի հետևյալ խոսքերը․«Քաւ լիցի, որ ես իմ մոլորած ոչխարը մատնեմ գայլերուն, որ ես չպահեմ բեկուածը կամ հիւանդացածը, այլ գահավէժ ընեմ… Թէպէտ ան անառակ է, սակայն դրոշմուած է աւազանով, պոռնիկ՝ բայց քրիստոնեայ է, մարմնով ապականած է, բայց անհաւատ չէ հոգիով, բարքով զեխ է, բայց ոչ՝ կրակապաշտ, թուլութիւն ունի կանանց հանդէպ, բայց երկրպագու չէ տարերքին։ Եւ ինչպէ՞ս կարելի է իմ այդ ախտաւոր ոչխարը փոխել առողջ գազանին հետ, որուն առողջութիւնը մեզի համար ստոյգ պատուհաս է»։

Իսկապես մենք մեր թույլ ու նույնիսկ արատավոր գործիչներին երբեք չպետք է փոխենք դրսից եկած սուպեր մենեջերների հետ։

Կարեն Կարապետյանը պետք է հեռու մնա Հայաստանի քաղաքական համակարգից և առհասարակ, ոչ միայն նա, այլ բոլոր այն գործիչները, որոնք սպասարկում են օտար երկրների շահերը: Բիզնեսով կարող են զբաղվել, ներդրումներ կարող են անել, բայց զբաղեցնել պետության կառավարման ղեկը՝ ոչ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Կարպիս Փաշոյան

https://www.1in.am/

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert