Փերիա, Չարմահալ եւ Բուրվարի գավառների հայ գյուղացիության

Սիրելի՛ ժողովուրդ

Ինչպես լսում եւ տեղեկանում եմ ձեր բազմաթիվ դիմումներից, դուք հայրենիք գնալու հուսով թողել եք ձեր երկրագործական աշխատանքները եւ աննպատակ թափառում եք:

Հայրենիք ներգաղթողների առաջին քարավանի արձանագրությունը եւ ներգաղթն ավարտվեց: Այլեւս ոչ ոք գնալու չէ, մինչեւ որ Մայր հայրենիքի կառավարությունըը այդ մասին հայտնի Թեհրանի ներգաղթին օժանդակող կենտրոնական կոմիտեին, որի մասին իր հերթին ձեզ կհաղորդվի:

Ուստի սրանով հորդորում եւ պատվիրում եմ ձեզ, որ լծվիք ձեր երկրագործական խաղաղ շինարարական աշխատանքներին մինչեւ երկրորդ քարավանի հայրենիք մեկնելը: Կոչ եմ անում չթողնել ձեր սուրբ օջախը եւ գալ Ն. Ջուղա, որովհետեւ այստեղ ո՛չ գործ կա եւ ո՛չ էլ ապրելու հարմարություն: Ս. Ամենափրչյան Վանքն եւս ի վիճակի չէ ձեզ բնակարանային եւ ապրուստի որեւէ աջակցություն ցույց տալ:

 

Օրհնելով ձեր եւ ձեր ընտանիքը՝ ցանկանում եմ բարեբաստիկ ու երջանիկ կյանք:

Իրանա-Հնդկաստանի Թեմի Առաջնորդ՝

ՎԱՀԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՈՍՏԱՆԵԱՆ

29 ՕԳՈՍՏՈՍ 1946 Թ.

Ն. Ջուղա

شماره فرهنگ ۳۹۱

Տպարան Ս. Ամենափրկչյան Վանուց

Նկարները՝ հայեր փերիա գավառ իրան ՖԲ-յան էջի

 

———————————————————————————

Նախապատմություն

Սփյուռքահայության զանգվածային ներգաղթի կազմակերպման ծրագիրը սերտորեն առնչվում էր Թուրքիայից հայկական տարածքների ազատագրման իրական թվացող հեռանկարի հետ:

2-րդ աշխարհամարտից հետո հաղթանակած Խորհրդային Միությունն ուզում էր իր ազդեցության գոտիներն ընդլայնել ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև՝ Թուրքիայում և Իրանում։ Սևծովյան նեղուցներ դուրս գալու ծրագրում կար նաև Կարս-Արդահանի նահանգները Հայաստանին և Վրաստանին միացնելու հարցը։ Պահանջն ավելի համոզիչ դարձնելու համար որոշվել էր օգտագործել հայկական խաղաքարտը։ Դաշնակից տերություններին՝ Մեծ Բրիտանիային և Ամերիկայի Միացյալ Նահանգներին, պետք էր բացատրել, որ Թուրքիայի նկատմամբ եղած հողային պահանջը ոչ թե ագրեսիա է, այլ՝ 1-ին աշխարհամարտի հետևանքով հայերի կորցրած իրավունքների վերականգնում։ Դաշնակից տերությունները Պոտսդամի կոնֆերանսում բնականաբար չընդունեցին Խորհրդային Միության ծրագիրը։ Շատ չանցած՝ Միացյալ Նահանգներն ատոմային ռմբահարման ենթարկեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքները, ինչն աշխարհում արմատապես փոխեց ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Իսկ 1947-ին ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենի դոկտրինի հրապարակումով պարզ դարձավ, որ Թուրքիան ունի հզոր հովանավորներ և Կրեմլը պետք է համակերպվի խորհրդա-թուրքական սահմանի անփոփոխելիության հետ։ Այս ամենին զուգահեռ՝ 1945-ի գարնանից, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել, բայց ԽՍՀՄ հաղթանակն ակներև էր, սկսվել էր «Մեծ Հայրենադարձության» նախապատրաստությունը։ Հայաստանի ղեկավարները՝ ոգևորված նոր և ավելի զանգվածային ներգաղթ ձեռնարկելու հնարավորությունից, ջանում էին համոզել Ստալինին և նրա շրջապատին, որպեսզի օր առաջ սկսվի հայերի հայրենադարձությունը։

Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը այդ հարցը անուղղակիորեն կենտրոնական իշխանությունների առաջ բարձրացրեց 1945թ. ապրիլ ամսին, երբ ՀԽՍՀ Ժողկոմխորհը և ՀԿ(բ)Կ Կենտկոմը հարց բարձրացրին ՀամԿ(բ)Կ Կենտկոմ՝ Ստալինի և արտաքին գործերի նախարար Մոլոտովի առաջ՝ ՀԽՍՀ ժողկոմխորհի ներկայացուցիչներ ուղարկել Իրան, Սիրիա-Լիբանան, Ռումինիա և Բուլղարիա «այդ երկրներում հայերի վիճակը, մասնավորապես, խորհրդային քաղաքացիություն ընդունելու, Հայաստան տեղափոխվելու նրանց ձգտումների հետ կապված հարցերը ուսումնասիրելու» համար: Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը զանգվածային հայրենադարձություն կազմակերպելու հիմնախնդիրը իր ամբողջությամբ կենտրոնական իշխանություններին՝ հանձին Ստալինի, ներկայացրեց 1945թ. մայիսի 15-ին՝ ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Ա. Սարգսյանի և ՀԿ(բ)կ կենտկոմի քարտուղար Գր. Հարությունյանի ստորագրած գրությամբ: Ստալինին ուղարկած գրությունն ավարտվում է հետևյալ առաջարկություններով.

«Հաշվի առնելով այդ բոլորը և հնարավորությունների առկայությունը արտասահմանյան հայերի մի մասին ընդունել նույնիսկ ընթացիկ տարում, ՀԿ(բ)Կ կենտկոմը և ՀԽՍՀ Ժողկոմխորհը դրական են վերաբերվում հայրենիք Խորհրդային Հայաստան արտասահմանյան հայերի վերադարձի հարցին և խնդրում են Ձեր թույլտվությունը.

1. Հայաստանի Ժողկոմխորհին կազմակերպել ռուս-թուրքական պատերազմների և թուրքական կառավարության կողմից հայերի կոտորածների ընթացքում արտասահմանյան երկրներ փախած հայերի վերադարձը:

2. Կազմակերպել ՀԽՍՀ Ժողկոմխորհին կից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման գծով կոմիտե:

3. Հայկական գաղթօջախներում առաջադիմական, հայրենասիրական և բարեգործական ընկերությունների ներկայացուցիչներից ստեղծել հայերի հայրենիք վերադարձի գծով կոմիտեներ:

4. Հավանություն տալ արտասահմանյան հայերի նախաձեռնությանը հայության շրջանում միջոցների հավաքման և Խորհրդային Հայաստան վերադարձի ու տեղավորման հիմնադրամ ստեղծելու համար, այդ նպատակով ներգրավելով արտասահմանի բարեգործական ու այլ ընկերությունների հիմնադրամները:

5. ՀԽՍՀ Ժողկոմխորհի տրամադրությանը հատկացնել հինգ միլիոն ռուբլի ընթացիկ տարում հայ-ներգաղթողների ընդունման կազմակերպման ծախսերի համար:

6. Թույլատրել ՀԽՍՀ Ժողկոմխորհին 1945թ. կազմակերպել 30-40-ական հայերի վերադարձը, առաջին հերթին Ռումինիայից և Բուլղարիայից, աշխատանքի տեղավորելով նրանց Հայկ. ԽՍՀ խորհրդային տնտեսություններում և շահագործման հանձնվող արդյունաբերական ձեռնարկություններում»։[2]

https://hy.wikipedia.org/wiki/1946-1948

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert