Նյու Յորքից մի տաքսու վարորդ պատմում է.
մի անգամ ինձ պատվիրեցին, որպեսզի ես մեկին մի հասցեից տեղափոխեմ մյուսը։ Երբ արդեն տեղում էի, բարձր ազդանշան տվեցի։ Մի քանի րոպե սպասելուց հետո նորից ազդանշան տվեցի։ Քանի որ դա իմ գիշերային հերթափոխի վերջին պատվերն էր, ուզեցի շուտ տուն գնալ։ Ինձ համար այդ մի քանի րոպե սպասելն արդեն երկար էր։ Բայց հետո, այնուամենայնիվ, հարմար կանգնեցրի մեքենան, մոտեցա տանն ու թակեցի դուռը։

_Միայն մեկ րոպե,_ ներսից լսվեց մի կոտրված ու ծեր ձայն։ Ավելի ուշ բացվեց դուռն ու իմ առջև կանգնեց մի փոքրամարմին 90-ամյա կին։ Նրա զգեստից ու գլխարկից տպավորություն էր, թե ես 40-ականների մի ինչ-որ ֆիլմում եմ։ Դռան կողքին ներսից ճամպրուկն էր։
Բնակարանը դատարկ էր, կարծես այնտեղ երկար տարիներ ոչ ոք չէր ապրել։ Ամբողջ կահույքը ծածկված էր սավաններով։ Պատերին ժամացույցներ չկային, պահարանները դատարկ էին։ Խոհանոցում նույնիսկ սպասք չկար։ Միայն անկյունում նկարներով ու ապակիներով մի արկղ էր։
_Ճամպրուկս կտանե՞ք մեքենայի մոտ,_ խնդրեց նա ինձ։
Ճամպրուկը մեքենայի մեջ դնելուց հետո գնացի կնոջ ետևից։ Նա բռնեց ձեռքս, ու մենք դանդաղ քայլեցինք դեպի տաքսի։
_Շնորհակալ եմ,_ ասաց նա։
_Խնդիր չկա։ Ես փորձում եմ վերաբերվել Ձեզ այնպես, ինչպես կցանկանայի վերաբերվեին մորս հետ։

Երբ նստեցինք տաքսի, նա ինձ մի հասցե տվեց ու հարցրեց.
_Կարո՞ղ եք ինձ քաղաքի միջով տանել։
_Դա կարճ ճանապարհը չէ,_ արագ պատասխանեցի ես։
_Ոչինչ,_ ասաց նա,_ ես չեմ շտապում։_ Ես գնում եմ մահվան կլինիկա (հատուկ կլինիկա, որտեղ ծերերին կամ հիվանդներին կաթիլային ներարկման միջոցով ճանապարհում են հանգուցյալ աշխարհ)։

Ես հայելու միջից նայեցի նրան։ Նրա աչքերը փայլում էին։
_Ես ոչ ոք չունեմ,_ փափուկ ձայնով ասաց նա,_ բժիշկն էլ ասում է ինձ երկար չի մնացել։
Անմիջապես անջատեցի մեքենայի հաշվիչը։
Հաջորդ երկու ժամը մենք քաղաքում էինք։ Նա ինձ ցույց էր տալիս շենք, որտեղ նա իր ամուսնու հետ ապրել էր, որտեղ ծնվել էին իր երեխաները։ Հետո ցույց տվեց կահույքի մի պահեստ, որտեղ նախկինում պարահանդեսների սրահ էր եղել ու որտեղ ինքը՝ երիտասարդ աղջիկ գնում էր պարելու։ Հաճախ նա ինձ խնդրում էր դանդաղ գնալ կամ էլ մի անկյունում կանգ առնել։ Նա մթության մեջ լռում էր ու ոչինչ չէր խոսում։

Երբ հորիզոնում արդեն երևացին արևի առաջին ճառագայթները, նա ասաց, որ հոգնած է ու ժամանակն է գնալու։
Քար լռությամբ մենք շարժվեցինք դեպի այն հասցեն, որը նա ինձ տվել էր։

Այն ցածր շենք էր, մի մուտքով, կարծես հանգստյան տուն լիներ։ Երկու աշխատակից մոտեցան մեզ։ Նրանք մեզ նախորոք սպասում էին, հուզված էին ու հետևում էին մեր յուրաքանչյուր շարժումին։
Ես բացեցի մեքենան, վերցրեցի ճամպրուկն ու դրեցի տան առջև։ Կնոջը նստեցրին անվասայլակի վրա։
_Ինչքա՞ն եմ Ձեզ վճարելու,_ հարցրեց կինն ու խնդրեց իրեն տալ դրամապանակը։
_Ոչինչ,_ ասացի ես։
_Բայց Դուք Ձեր ապրելու գումարը պետք է վաստակեք։
_Ես ուրիշ ուղևորներ էլ ունեմ,_ պատասխանեցի ես։

Այդ պահին, առանց որևէ բան մտածելու, խոնարհվեցի դեպի նա ու սրտանց փաթաթվեցի նրան։ Նա ամուր սեղմեց ինձ իրեն։
_Դուք մի ծեր կնոջ այսօր ուրախության մի փոքրիկ ակնթարթ նվիրեցիք,_ շնորհակալություն։
Ես սեղմեցի նրա ձեռքն ու գնացի դեպի տաքսի…
Իմ ետևից փակվեց դուռը։ Այդ ձայնն ինձ համար մի կյանքի ավարտ էր…
Օրվա մնացած մասը ես խորասուզված էի մտքերիս մեջ ու ի վիճակի չէի խոսել։

Ի՞նչ կլիներ, եթե ես մերժեի կնոջը կամ առաջին ազդանշանը տալուց հետո հեռանայի։ Ի՞նչ կլիներ, եթե իմ փոխարեն լիներ մի անհամբեր ու ոչ բարեհամբույր վարորդ։
Ես չեմ կարծում, որ ես իմ կյանքում երբևէ ավելի կարևոր բան եմ արել, քան այն ինչ այսօր արեցի։

Անչափ կարևոր է իմանալ, որ եթե ուզում ես մի փոքր ինքդ քեզ մոտենալ, ապա ընդառաջ գնա մյուսներին։ Մենք միշտ կարծում ենք, թե մեր կյանքը բաղկացած է շա՜տ մեծ բաներից։ Բայց կան փոքր բաներ, որոնք առավել կարևոր են…

Լինենք մարդկային, լինենք ուշադիր, լինենք բարի ու լինենք սիրող…

 

 

Թարգմ. գերմաներենից Ն.Չ.


 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert