Քաղաքակրթության մասին գոյություն ունի տարբեր կարծիքներ.
ա) քաղաքակրթությունը բաղկացած է հոգևոր եւ նյութական անբաժանելի մասերից: Պատմության ընթացքում այն կառուցված է մարդկության տքնաջան աշխատանքի նյութական եւ հոգևոր հիմքի վրա:
բ) քաղաքակրթության ոգին մշակույթն է, առանց որի չէր լինի ո՛չ մի գլուխգործոց, վեր չէին խոյանա եգիպտական բուրգերը, չէին կառուցվի չինական մեծ պատը, հայոց Զվարթնոցն ու աշխարհի հին ու «նոր» հրաշալիքները:
գ) քաղաքակրթությունը նման է կենդանի էակի, որի մարմնական առողջությունը նրա հոգեկան վիճակից է կախված, իսկ հոգեկանը խանգարվում է, եթե նրա մարմինը առողջ չէ:
Բայց ի՞նչ է այդ քաղաքակրթությունը, ո՞վ է քաղաքակրթության «ճարտարապետը», եւ ի՞նչ գնով ու ի՞նչ նպատակով է կառուցվել այն: Ի՞նչ ծանրություն է ունեցել մարդկության ուսերին, մարդը ինչպե՞ս է այդ բեռը մինչ օրս կրել, եւ քանի՞ միլիոն մարդկանց դիակի վրա է կառուցվել այդ «քաղաքակրթությունը»:
Եւ վերջապես, արդյոք այդ հրաշալիքները, թագավորական պալատները եւ նմանատիպ շինություններն են քաղաքակրթության բնույթն ու էությունը: Արդյո՞ք քաղաքակրթությունը այն է, ինչը նույն տրամաբանությամբ շարունակվել է մեկնաբանվել ու հասել է մեր դարեր, թե՞ քաղաքակիրթ մարդու համար պետք է քաղաքակրթությունը ենթադրեր մարդկության համար աշխարհը դրախտի վերածել, ոչ թե դրախտ աշխարհը դժոխք դարձներ:
Սկսած հեռավոր Ասիայից մինչեւ Եվրոպա, Աֆրիկա, նոր աշխարհ(Ամերիկա)՝ ո՜ւր էլ գնաս, կտեսնես «քաղաքակրթություններ»: Շատերը հպարտանում են դրանցով ու մարդկության պարծանքն են համարում, շատ-շատերն էլ անտարբեր են ու դա ավելի ցավալի է:
Այդ քաղաքակրթության յուրաքանչյուր կառույցի ճեղքերից ձայն են տալիս դրանց անմիջական ու իսկական կառուցողներն ու հարցնում մեզ.- «հ՜եյ, «քաղաքակիրթ» եղբայրնե՛ր, ձեր «քաղաքակրթությունը» մեր ուսերին շա՜տ է ծանրացել: Ինչո՞վ եք պարծենում ու հպարտանում՝ մեր աճյունների վրա կառուցած «քաղաքակրթությա՞մբ»: Չե՞ք լսում մեր ձայնը, չե՞ք վախենում, որ մի օր մենք այս բեռը մեր ուսերից վայր դնենք ու ձեր «քաղաքակրթությունը» կհավասարվի այն հողին, որի վրա այն կառուցել եք: Թերևս, մեր դարաշրջանում մենք ավելի «քաղաքակիրթ» էինք, քան դուք՝ ձեր «մոդեռն» ժամանակաշրջանում: Դուք պարծենում եք մեր աճյունների վրա կառուցված «քաղաքակրթությամբ», իսկ մենք ինչո՞վ պարծենանք, ձեր ատոմային ռումբերո՞վ, ռազմական օդանավերո՞վ, ահռելի քանակությամբ կուտակած մասսայական ոչնչացման համար զինամթերքո՞վ: Չ՜է եղբայր, գնացե՜ք, գնացեք ու մեզ հանգիստ թողեք մեր ուսերին դրած ձեր ծանր բեռով, դուք «քաղաքակրթություն» չեք կառուցել, այն ինչ անվանում եք «քաղաքակրթություն» արժանի է մեր հեգնանքին:
Այո՛, այսպես են խոսում եգիպտական բուրգերի հիմքում ընկած, չինական պատի ճեղքերից նայող, Հռոմի, Աթենքի եւ շա՜տ ու շատ այլ տեղերում «քաղաքակրթության» բեռը իրենց ուսերին, իրենց աճյունների վրա կրող, աղմկող հոգիները: Ուր կուզես գնա, կտեսնես «քաղաքակրթության» հիմքում ընկած բազում զոհված կյանքեր: Ուր կուզես գնա, կտեսնես «քաղաքակրթության» իսկական դեմքը՝ պալատականների, թագավորների, մեծ ու փոքր իշխանների ու էմիրների պալատների, վանքերի ու տաճարների եւ նրանց սեփական գերեզմանների յուրաքանչյուր քարի տակ թաքնված:
Օրական 30 հազար ստրուկ, քսան տարի զօրուգիշեր տանջվեցին, 80 միլիոն քարե կտոր շալակած հազար մղոն հեռավորությունից մինչեւ Կահիրե բերեցին, բուրգեր կառուցեցին, որպեսզի իրենց տերը՝ փարավոնն ու իր գերդաստանը, նրա տակ հանգրվանեն ու նրանց հոգին եւս շարունակի իշխել ու հսկել իրենց կառուցած «քաղաքակրթությունը»: Եգիպտական բուրգերի հմայքը շլացնում է զբոսաշրջիկի աչքերը, կուրացնում այնպես, որ չի էլ նկատում նույն տարածքի քարեբեկորները, խորը հորերն ու արգելափակված շրջանները, որտեղ հազար-հազար ուժասպառ ստրուկների աճյուններն են լցված:
Եւ վերջապես, նույնկերպ ու մարդկային ճակատագրերի գնով կառուցվեցին աշխարհի հրաշալիքները, հսկայական պալատները, մեծ ու փոքր տաճարները՝ մարդկությանը ստրկացնելու եւ նորանոր «քաղաքակրթություններ» կառուցելու համար: Եւ այդ բոլորը գրանցվեցին ոչ թե նրանց անունով, ովքեր այդ բեռը դեռ մինչեւ օրս իրենց աճյունների վրա են կրում, այլեւ նրանց տերերի՝ փարավոնների, թագավորների, իշխանների, նրանց արյունը քամող ու կյանքը խլող մարդակերների անուններով:
Մենք շարունակեցինք նրանց կիսատ թողած «քաղաքակրթությունը» ավարտին հասցնել: Եւ հետո հասանք այն ժամանակաշրջան, երբ, մեր տերերը դադարեցին այլեւս իրենց համար գերեզմաններ կառուցել: Նրանք սկսեցին իրենց համար պալատներ կառուցել՝ այս աշխարհի բարիքները վայելելու համար, մյուս աշխարհն էլ մեզ նվիրելով՝ թաղում էին մեզ ոչ թե մեկ-մեկ, այլ՝ խմբովի կամ ազգովի:
Հայտնվեցին իրենց տիրակալության սահմանները մեծացացնելու համար իրար դեմ պատերազմող նոր տերեր ու բռնակալներ: Մեզ էլ գալիս հավաքում էին, բռնի ուժով զորակոչում: Մենք էլ գնում, թուրը քաշում, ջարդում, կոտորում ու կոտորվում՝ մեր տունը – տեղը, կին, երեխա, հոր ու մոր աչքը վերադարձի ճամփին թողած: Եթե հաղթում էինք, մեզ ոչ ոք չէր էլ հիշում, հաղթանակի շեփորները հնչում էին միայն «տերեր»-ին մեծարելու համար: Մենք էլ կանչում, գոռում էինք . «Թագավորն ապրած կենա…»: Պարտվողն էլ հարկ կմուծեր ոչ թե մեր ընտանիքներին, այլ թագավորին: Պարտվելու դեպքում էլի մենք էինք, որ պետք է բեռի տակ ճքնելով տուրք մուծեինք կրկնակի, որ կշտանար մեր Թագավորն ու կեսն էլ հանձներ հաղթող կողմին: Ու այսպես շարունակ հերթը հասնում էր հաջորդ սերնդին ու նրա զավակին. «քաղաքակրթության» կառուցումը շարունակվում էր:
Եւ, վերջապես, մեր «փրկության» հերթն էլ հասավ. հայտնվեցին Աստծո կողմից անիծված մարդու փրկության համար մարգարեներ: Հավատացինք ու անմիջապես շարան-շարան հետեւելով նրանց՝ առաջինը մենք գնացինք հավիտենական կյանքի հետևից, այս աշխարհն էլ նվիրեցինք մեր «տերերին»: Թագավորներն էլ սկսեցին շեփորները փչել՝ «փառք Աստծուն, փառք տիրոջը, ինքը երկնի տերն է, թագավորն էլ՝ երկրի տերը»: Ու, նորից մենք բացականչեցինք «Թագավո՜րն ապրած կենա»: Մենք մեր ձեռքով ինչքան կարողացանք տաճարներ, վանքեր կառուցեցինք՝ մեր հավերժ կյանքի ճանապարհը վառ պահելու համար, իսկ մեր տերերի համար պալատներ կառուցեցինք՝ նրանց հզորությունը վեհ պահելու համար ու բացականչեցինք՝ «Թագավորն ապարծ կենա…»:
Հավիտենական կյանքի մարգարեներն էլ եկան, անցան, ու մենք մնացինք նույն ստրուկները, մեր «տերերի» բեռն էլի մնաց մեր ուսերին: Մեր տերերն էլ մտածեցին, ելքը գտան. երկնքից իջեցնելով «միածնին»՝
նրան էլ խաչեցին նույն խաչի վրա, որի վրա մեզ շ՜ատ վաղուց խաչում էին: Նա գնաց ու խաչը մնաց մեր ուսերին: Այս անգամ խաչը դրեցին մեր շալակն ու մենք էլ նորից, ինչպես փարավոնի ստրուկը քարը շալակին, խաչը շալակներս՝ պալատներ կառուցեցինք ու քարե վանքեր: Հենց որ բեռի տակ ճչում էինք ու անզոր լինում, խաչում էին մեզ նույն խաչի վրա:
Ինչքան մենք հավիտենական կյանքի փայլից կուրացանք, այնքան մեր «տերերը» հարստացան ու մեզ հարստահարեցին:
Հետո հասավ մի նոր շրջանն ու ի հայտ եկան նոր աստվածներ, մարգարեներ ու հրեշտակներ: Կապիտալն էր այն «Աստվածը» հզոր: Ինչեր ասես, որ չարեցին «եղբայրության, հավասարության ու ազատության» «նոր մարգարեները»՝ կապիտալիստները: Մենք ունեինք մեր շալակին հնուց դրած քարերը մեծ, հետո ուսին խաչը ծանր, հիմա էլ դարձանք կապիտալի թնդանոթի, ռումբի, տանկի, երկնային ու երկրային «երկաթե հրեշտակների» թիրախը:
Ասում են, թե Ադամն ու Եվան դրախտից վտարվեցին՝ չենթարկվելով Աստծո դրած պայմաններին: Անկախ այդ առասպելից, որը մարդկության կողմից իր գոյության մասին բացատրություն ստանալու համար դեռ շատ ու շատ վաղուց հորինվել է ու տարբեր ժամանակաշրջաններում տարբեր գույներ է ստացել, իրական կյանքում, սակայն, դրախտից վտարման ոչ առասպելական խորը իմաստը բացատրվում է նրանով, որ, երբ մարդը սկսեց մարդուն հարստահարել եւ շահագործել ու ստրկացնել, պատմական այդ ժամանակահատվածն էլ կարելի է համարել մարդու դրախտից վտարման ժամանակաշրջան:
Մարդու կողմից մարդու շահագործումը այն չարիքն էր, ինչը մարդը փորձել է տարրական իմացությամբ բացատրել՝ դրախտից վտարվելու հանգամանքով:
Դրախտում Աստծո պայմաններին չենթարկվող մարդը եւ Աստծո կողմից անիծված ու վտարված մարդը, եթե ինքն իրեն չկործանի, դեռ շատ երկար ճանապարհ ունի նորից դրախտ վերադառնալու: Որովհետեւ քանի դեռ կա երկրային «տեր» ու այդ «տիրոջ» հավատացողը, քանի դեռ գոյություն ունի կամավոր խաչվողը, գույություն կունենա նաեւ խաչողը:
Մենք դրախտից վտարվեցինք ոչ թե Աստծո կողմից դրած պայմաններին չենթարկվելու համար, այլ մեր կամքով մեր ուսին դրած խաչը կրելու եւ մեր «տերերին» հնազանդվելու համար: Դրախտի դուռը վաղուց բաց է, եթե մենք ստրկության խաչը մեր ուսերից վայր դնենք ու մեզ խաչողին խաչենք, այն ժամանակ էլ կազատվենք այս տառապանքից ու կապանքից, կփակվի «քաղաքակրթության», ավելի ճիշտ՝ բարբարոսական պատմության վերջին էջը, եւ մենք կվերադառնանք իսկական քաղաքակրթություն՝ ԴՐԱԽՏ:
Երվանդ Խոսրովյան
7 փետրվար, 2012 թ.