Ճերմակ մարմինն իմ
դարձրեցիք հող և
ցավ ներկեցիք շուրթերին նրա
և ես ատեցի համը համբույրի,
ինձ մեղադրեցիք՝ սիրել չգիտի։

Ձեր կեղծ երկնքից
ցավաջուր կաթաց կոպերիս վրա,
բեռ,ծանրությունից
հավերժ խաչվեցին թարթիչներս սև,
ես դադարեցի երկնքին նայել,
դուք ինձ ծաղրեցիք՝ անաչք ու կույր է։

Ձեր փուչ բառերի մութ լաբիրինթում,
գոռոզ ու հպարտ այդ ամբոխի մեջ,
ձեր սուտ խոսքերի,
տառ ու հնչյունի,
լաց երգերի մեջ
ես կորցրեցի լռությունը իմ,
դուք ծիծաղեցիք՝ համր ու խուլ է։

Եվ հազարավոր կրոնների մեջ,
կեղծ եկեղեցու անգույն պատերում,
որտեղ աղոթքը իր գինը ունի
և այն գրքերում,
որտեղ սուտը կոչվեց ճշմարիտ,
իսկ ճշմարիտը չարիք կոչեցին՝
ես կորցրեցի հավատքիս ճամփան,
դուք բղավեցիք՝ անմարմին դև է:

Եվ մոլորության գորշ ճանապարհին,
երբ ափս այդպես էլ օդում կախ մնաց,
իսկ քամիները չար ու սանձարձակ
փշուր դարձրին ոսկորներս մերկ,
ես սովորեցի ապրել ցավի հետ,
դուք մեղադրեցիք՝ նա անհոգի է:

Անի Հերունի Սաջյան

 

 

бутони към социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.