Վերջին ժամանակներս Հայաստանի մի քանի քաղաքական ուժերի, տարբեր պատմաբանների, քաղաքական գործիչների, ինչպես նաև որոշ անհատների կողմից, միալար «քաղաքակիրթ աշխարհի» գովքն է արվում։ Նրանք այնքան են տարված արևմտյան երկրների տնտեսական զարգացման, դեմոկրատական պայմանների և խոսքի ազատության գրեթե անսահման հնարավորությունից, որ չեն նկատում, կամ չեն ցանկանում նկատել, այդ երկրների կողմից որդեգրած արտաքին, ապա նաև տնտեսական քաղաքականության իրական պատկերը, որը ոչ այլ ինչ է, քան, նույն՝ անցյալի գաղութային քաղաքականության շարունակությունը։

Հենց այդ «քաղաքակիրթ աշխարհի» արտաքին քաղաքականության անմիջական զոհերն են, Միջին Արևելքի և հարակից տարածաշրջանի ժողովուրդները։ Տասնյակից ավելի տարիներ է, ինչ քաղաքացիական պատերազմները ավերակների են վերածել այդ երկրները։ Տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել, տասնյակ միլիոնավոր մարդիկ տնավեր ու թափառական դարձել։ Բացի այդ, արևմուտքի երկրները իրենց գերիշխող տնտեսական կարողություններով, անմրցակից նորահայտ էլեկտրոնային սարքավորումներով և պետության օժանդակությամբ արտահանված գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքը իջեցված գներով, մուտք են գործում ամենուր, անխտիր բոլոր երկրներում, որոնց հետ անմրցունակ են այդ երկրների արտադրողները։ Արդյունքն եղել է այն, որ այսպես ասած երրորդ աշխարհի երկրների միակ՝ քիչ, թե՝ շատ մրցունակ գյուղատնտեսությունը, ներկայումս սոսկալի ճգնաժամի մեջ է։

Այո, խզում Ռուսաստանից, դեպի հենց այդ՝ «քաղաքակիրթ աշխարհ» են ձգտում, մեզանում որոշները, բայց չէ որ Հայաստանի աշխարհագրական դիրքի պատճառով, այն է՝ երկու՝ արևելք- արևմուտքի կողմից շրջափակված լինելով և պանթուրքիզմի վտանգը նկատի առնելով, երկրին այլ ելք չի մնում, քան սերտ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Իրանի և Վրաստանի հետ, իսկ Ռուսաստանի հետ ներկայիս երկկողմ դաշինքը ամրապնդել, և ավելի արդյունավետ դարձնել։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ թուրքալեզու ծայրահեղականների, այն է՝ պանթուրքիզմի ջատագովների ձգտումը, հավասարազոր վտանգ է ներկայացնում, այդ տարածաշրջանի բոլոր պետությունների համար։ Եվ նրանք ապագայում այդ վտանգը դիմակայել կարող են մի-միայն միասնաբար և սերտ միջպետական համագործակցությամբ։

Մյուս հարցը, որը վերջերս շատերի, պարոններ՝ Արկադի Վարդանյան, Արա Պապյան, Սասնա Ծռեր կուսակցության անդամներ, ինչպես նաև այլոց օրվա թեման է դարձել, դա Սևրի դաշնագիրն է։ Պարոն Մեթր Գասպար Տերտերյանը Զարթոնք կայքէջի, ապրիլ 15-ի համարում գրում է.

«Ուիլսընի Իրաւարար Վճիռը պէտք է իրականացնի հայ ազգը, համախմբելով իր բոլոր ուժերը՝ Սփիւռքում եւ Հայաստանում։ Մօտենում է դրա կայացման 100-ամեակը։ Հարկաւոր է արժանիօրէն դիմաւորել այդ յիշարժան իրադարձութիւնը, կազմակերպելով՝ միջոցառումներ, ցոյցեր, քայլարշաւներ… Ամենակարեւորն այստեղ Հայաստանի Հանրապետութեան դիրքորոշումն է։ Մեր կառավարութիւնը պէտք է դիմի համապատասխան կառոյցներին՝ ՄԱԿ-ի Միջազգային Դատարան, ՄԱԿ-ի Ապահովութեան Խորհուրդ»…

Ապշել կարելի է, կամ, մենք՝ հասարակ մահկանացուներս պատմությունից ու քաղաքականությունից ոչինչ չենք հասկանում, կամ, որ  նրանք, ովքեր այդ դաշնագրի վերանայումն են պահանջում, մի այլ մոլորակից են, որտեղ թուրքը, թուրք չէ, իսկ մյուս պետությունները՞, այդ նրանք չեն, որոնք անցյալում իրենց շահերի համար «հայ ժողովրդին զոհասեղանի վրա դրին» (Ջոն Կիրակոսյան, ըստ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի)։ Իսկ այսօր, նրանք չունեն իրենց պետական շահերը և պատրաստ են, բոլոր արգելքների վրայից թեթևասահ թռչելով, բավարարել իրենից ոչ մի ուժ չներկայացնող աշխարհասփյուռ հայության պահանջները։ Ինչո՞ւ մեր հայ քաղաքական գործիչները անցյալի սխալներից չեն սովորում։ Ինչո՞ւ են նրանք կարծում, որ եթե իրենք ճիշտ են ու իրավունք ունեն, ապա մյուս պետությունները պետք է ընդունեն և բավարարեն այդ պահանջները։ Այն անձինք, ովքեր այդքան կրքոտ Վիլսոնի քարտեզի ճանաչումն են պահանջում, թող այդ պետություններին հեռուն գնացող պահանջներ չներկայացնեն, այլ միայն նրանցից պահանջեն Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումը, որոնք նա ձեռք է բերել այդքան երիտասարդ զոհեր տալով։

Եվ հետո, սփյուռքահայությունը, գոնե վերջին հիսուն տարիների ընթացքում, թե՝ տնտեսական և թե՝ քաղաքական մեծ ներուժ ուներ, կազմակերպվելու, այնպիսի կուռ՝ համահայկական կառույց ստեղծելու, որին՝ անտեսել, այդ պետությունները չէին կարող։ Նա չի կարողացել այդ  հնարավորինը իրագործել, ուրեմն այլ պետություններից նա ի՞նչ է սպասում և ի՞նչ է պահանջում։ Այո, պետք է խոստովանենք, անգամներ եղել են փորձեր, նման կառույց ստեղծելու համար, ներկայումս ստեղծվել է այսպես ասած՝ «Արևմտյան Հայաստանի Կառավարություն» անունով, ամպագոռգոռ և մեծ հավակնություն ունեցող մի անշունչ, անողնաշար և արդեն իսկ մահացած ծնված՝ մի կազմակերպություն։ Բոլորն էլ գիտեն՝ դա այն շնչող, կյանքով լի մարմինը չէ, որը միջազգային վերին ատյաններում սփյուռքահայության պահանջները ներկայացնել կկարողանար, սակայն նրանք փորձում են, փորձում են կաղալով, այդ անշունչ մարմնին, քայլեցնել սովորեցնել…

Այդ ամենը դեռ ոչինչ, այդ անձերից շատերը, Հայաստանի իշխանություններին կոչ են անում, այդ պահանջների հիման վրա, կառուցել երկրի արտաքին քաղաքականությունը։ Նման անհիմն, և իր մեջ, երկրի համար վտանգավոր տարրեր պարունակող պահանջը, նման է, հետևյալ ժողովրդական առածի.

Տեր հոր մորուքը բոցավառվում է, մեկը մոտ է վազում, գոչելով.

-Աստծո սիրուն, տեր հայր, թող այդ կրակի վրա աղանձ անեմ…

 

Սամվել Հովասափյան

Բեռլին, ապրիլ 2020

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert